Բաժիններ՝

«Հրաչն իմ մահվան-կյանքի ընկերն ա եղել». Արթուր Մուրադյան

Ապրիլի 2-ին  Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության  մասին զրուցել ենք Պռոշյանի  գյուղապետի վերջին ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ:

 

– Այսօր լուրեր էին տարածվել, որ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածների մեջ կար նաև Ձեր անունը:

– Ես հերքում եմ, որ տենց բան կա, ոչ էլ ձերբակալվել եմ:

– Իսկ հարցաքննության կանչվե՞լ եք:

– Առաջին օրն ինձ կանչել են:

– Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ձերբակալվածները եղել են Ձեր թիմակիցները: Ճի՞շտ են այդ լուրերը:

– Իրենք թիմակիցներ չեն, իրենք իմ համագյուղացիներն են: Չի կարելի ասել՝ թիմակիցներ են, էլի:

– Ովքե՞ր են:

– Ես անունները չեմ տա:

– Իսկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամնե՞ր են:

– Չէ, ոչ մի կուսակցական բան էլ չունեն, հասարակ գյուղացիներ են:

– Դուք սպասո՞ւմ էիք, որ գյուղացիներից կլինեն ձերբակալվածները, օրինակ, օրեր առաջ մեզ հետ զրույցում գյուղացիներից ոմանք բացառեցին, որ սպանության հեղինակները կլինեն գյուղից: Ըստ նրանց` Հրաչ Մուրադյանը թշնամիներ չուներ գյուղում:

– Ես տեղեկացել եմ, ասում են` ինչ-որ «Նիվա» մակնիշի մեքենա ա անցել էդ ժամանակահատվածում, նրանք էլ «Նիվա» մակնիշի մեքենաներ ունեն, էդ հաշվով  էլ տարել են քննության:

– Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել գյուղապետին, ե՞րբ եք խոսել նրա հետ:

– Վերջին անգամ հանդիպել եմ փետրվարի 28-ին Կարոտ Մկրտչյանին նվիրված միջոցառման ժամանակ, չէ, մեկ էլ հանդիպել եմ մեր հրամանատար Պետոյի մահվան օրվա ժամանակ` մարտի 14-ին:

– Որպես նախկին մրցակիցներ` ինչպե՞ս էին Ձեր փոխհարաբերությունները:

– Մենք պրոստո եղել ենք մրցակիցներ: Նախկինում մարտական ընկերներ ենք եղել, մի ջոկատից ենք եղել: Մենք ընդամենը մրցակիցներ  ենք եղել ընտրություններին, իսկ ընտրություններից հետո մենք իրար տեսնելիս բարև-բարլուս էինք տալիս իրար, չեմ ասում, թե ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել, բայց իրար հետ վատ էլ չենք եղել:

– Իսկ  ինչո՞ւ են ասում, թե Ձեր հարաբերությունները լարված էին, և սպանության մեջ կասկածվողների անունների շարքում առաջինը նշում էին Ձեր անունը:

– Ես հենց հիմա ուզում եմ էդ հարցին պատասխանել: Ավելի շատ լրագրողներն են տարածում էդ ասեկոսեները: Ինչ-որ մի հատ գյուղացուց, քաղաքացուց կինարմատը բողոքում ա, հիմք են համարում ու գրում են, թե Մուրադյանը պապենական թշնամի ա, եսիմ ինչ… Էդպիսի բան չկա` Մուրադյան Հրաչն իմ ընկերն ա եղել, իրա երկու երեխաներն իմ երեխաների դասընկերներն են, տենց պրոբլեմ ընդհանրապես չի եղել:

– Իսկ  նախկինում վեճեր, տարաձայնություններ չէի՞ն եղել:

– Անձամբ իրա հետ ոչ մի տարաձայնություն չի եղել:

– Որպես գյուղի բնակիչ, այլ ոչ թե որպես նախկին մրցակից, ի՞նչ կարծիք ունեք կատարվածի մասին` ո՞ւմ էր ձեռնտու գյուղապետի սպանությունը:

– Ոչ մեկին իրավունք չունեմ կասկածելու, մենակ խորը ցավում եմ էդ դեպքի կապակցությամբ: Իրոք, իմ սրտին ցավ ա եղել, որովհետև իմ ընկերն ա զոհվել` անկախ նրանից, թե մենք մրցակիցնե՞ր ենք եղել, թե՞ ոչ, ինքն իմ մահվան-կյանքի ընկերն ա եղել, մենք մարտական ուղի ենք անցել:

– Իսկ գյուղում կայի՞ն չարակամ մարդիկ նրա հանդեպ:

– Ես թշնամիներ չեմ տեսել: Ինքը հանգիստ գյուղապետ ա եղել, ես թշնամանք ոչ մեկի հանդեպ չեմ տեսել:

– Հնարավո՞ր է, որ գյուղապետի աշխատանքը շարունակեք:

– Ես ինձ շատ վատ եմ զգում, որ իմ ընկերը, թեկուզ մենք մրցակիցներ ենք եղել, ինչ-որ դեպք ա պատահել, ես շահագործեմ դա, դնեմ իմ թեկնածությունը:

– Այսինքն` այլևս չե՞ք լինի այդ գյուղի գյուղապետ:

– Այլևս չեմ ասում, բայց հիմիկվա դրությամբ չեմ կարող խոսք տալ տենց բան, որ գյուղապետ կլինեմ կամ չեմ լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս