
Թուրքիան չպետք է խզեր իր կապերը Սիրիայի հետ. Հիքմեթ Չեթին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է խզեր իր կապերը Սիրիայի հետ.
«Սիրիան մեր հարևանն է, և եթե Թուրքիան չխզեր Սիրիայի հետ իր հարաբերությունները, ապա կկարողանար շատ ակտիվ դեր խաղալ իրադարձություններում: Հարաբերությունների խզման պատճառով խնդիրներ են ծագել:
Թուրքիան կարող էր մեծ դեր խաղալ սիրիական խնդրի կարգավորման մեջ, սակայն դրան խանգարում է կապերի խզումը: Անհրաժեշտ էր, որ Թուրքիան զսպվածություն ցուցաբերեր ու շարունակեր երկխոսությունը:
Թուրքիան Սիրիայի հետ ունի ազգակցական հարաբերություններ, մենք ունենք ընդհանուր սահմաններ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող իշխանության ղեկին մնացել այդպիսի քանակությամբ մարդկանց զոհվելուց հետո, սակայն ոչ ոք չգիտի, թե նրանից հետո ինչպիսին կլինի իրավիճակը Սիրիայում:
Ոչ ոք կոնկրետ պլաններ չունի հետասադյան ժամանակաշրջանի վերաբերյալ: Ոչ ոք չգիտի, թե ով կգա նրանից հետո: Այդպիսի պլան չունի ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ը: Ասադը պետք է հեռանա, սակայն սիրիական ընդդիմությունը չափազանց բազմազան է: Ընդդիմության մեջ մտնում են թե՛ ահաբեկչական կազմակերպություններ, թե՛ արմատականներ, թե՛ այլ ուժեր:
Սիրիան յուրօրինակ երկիր է. այնտեղ ապրում են և՛ մուսուլմաններ, և՛ քրիստոնյաներ, և՛ հայեր, և՛ քրդեր, և՛ թուրքեր: Այնտեղ առկա են կրոնական տարբեր հոսանքներ, կան սուննիներ ու շիաներ: Ասադը պետք է հեռանա, սակայն նախևառաջ պետք է հաստատվի կայունություն, որովհետև նրա հեռանալուց հետո կարող է առաջանալ վտանգավոր իրավիճակ:
Իսկ դա վտանգներով հղի է ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև Թուրքիայի համար: Այսինքն, դեռ ոչ ոք չի կարող խոսել Սիրիայի մոտ ապագայի մասին»:
Հիշեցնենք, որ Հիքմեթ Չեթինը Թուրքիայի արտգործնախարար է հանդիսացել 1991 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 1994 թվականի հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում: Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նա փոխարինել է Սաֆա Գիրային, իսկ Չեթինին այդ պաշտոնում փոխարինել է Մյումթազ Սոյսալը: