Թուրքիան համաձայնել է Լևոն Էքմեքչյանի աճյունի արտաշիրմմանը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները համաձայնել են ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) մարտիկ Լևոն Էքմեքչյանի աճյունի փոխադրմանը: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Էքմեքչյանի ընտանիքը, որը ցանկանում է, որ Լևոնին վերահուղարկավորեն Ֆրանսիայում:

Էքմեքչյանների ընտանեկան փաստաբան Էրեն Քեսքինը տվյալ հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ-ին, սակայն վերջինս հայտնել է, որ դա չի մտնում իր իրավասությունների մեջ և տվյալ հարցը հասցեագրել է Արդարադատության նախարարությանը:  Սակայն վերջինս էլ պնդել է նույնը՝ իր հերթին հարցը հասցեագրելով տեղական իշխանություններին:

Դրանից հետո Քեսքինը դիմել է Անկարայի քաղաքապետարան, որը նախնականորեն համաձայնել է բավարարել դիմումը: Այս հարցում վերջնական թույլտվությունը պետք է տա Անկարայի նահանգի Առողջապահական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լևոն Էքմեքչյանը «Խրիմյան Հայրիկ»  ջոկատի կազմում 1982 թվականի օգոստոսի 7-ին մասնակցել է Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի գրավմանը («Կարին» գործողություն), որի ընթացքում պատանդ վերցվեց 250 ուղևոր:

Երբ թուրքական իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականներին ու քաղաքացիական անձանց, որպեսզի նրանք ջոկատի անդամներին հորդորեին անձնատուր լինել, նրանք պատասխանեցին. «Մենք ահաբեկիչներ չենք, հայրենիքի ազատագրության ֆիդայիներ ենք՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

Դրանից հետո թուրքական զորքերը ներխուժեցին օդանավակայանի շենք, ինչի ժամանակ էլ վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը:

Լևոն Էքմեքչյանը մահապատժի ենթարկվեց 1983 թվականի հունվարի 28-ին, Անկարայում: Նա հանդիսանում է 1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջման հետևանքով Թուրքիայում իշխանության եկած զինվորական խունտայի զոհերից մեկը: Ի դեպ, Էքմեքչյանը Թուրքիայում վերջին մահապատժի ենթարկվածների թվում է:

images (2)              23968366152

Տեսանյութեր

Լրահոս