Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը վերստին քվեարկել է պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման օգտին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ հաստատել է «Զինապարտության ու զինծառայության մասին» օրենքում ուղղումներ մտցնելը, որոնք նախատեսում են պարտադիր զինծառայության ժամկետի կրճատում:

Ուղղումների օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ՝ երկուսը: Ուղղումների համաձայն, ժամկետային զինծառայողները պետք է ծառայեն ոչ թե 18, այլ՝ 12 ամիս: Այս փոփոխությունն առնչվելու է նաև նրանց, ովքեր արդեն իսկ գտնվում են զինծառայության մեջ:

Օրինագծի հեղինակները հայտարարել են, որ այս ուղղումները կօգնեն կարգավորել զորակոչի հետ կապված բոլոր խնդիրները, քանի որ գործող օրենսդրությունը չէր ապահովում նույն ժամանակում զինակոչիկների կազմի փոփոխումը:

Ընդ որում, օրինագիծը նաև ենթադրում է զինծառայությունից տարկետում տրամադրել նրանց, ովքեր միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես անց գրանցվել են Միասնական ազգային քննություններին մասնակցելու համար՝ բուհ ընդունվելու նպատակով:

Դեռ հայտնի չէ, թե Վրաստանի խորհրդարանում երբ է տեղի ունենալու այս ուղղումների վերաբերյալ հաջորդ քվեարկությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը «Զինապարտության ու զինծառայության մասին» օրենքում ուղղումներ մտցնել նախատեսող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է մարտի 22-ին: Այն ժամանակ այդ ուղղումների օգտին միաձայն քվեարկել էր 77 պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս