Թուղթը՝ թղթի վրա. «Թափոնների գույները» ԳԱԱ պատկերասրահում
Այն, ինչից այլևս հրաժարվել ենք, կարող է դառնալ արվեստի նմուշ: Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատկերասրահում բացվեց Թագուհի Հակոբյանի` «Թափոնների գույները» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել էր 25 անուն աշխատանք`պատրաստված բացառապես թափոններից:
Նկարչուհի Թագուկը, նույն ինքը`դերասանուհի Թագուհի Հակոբյանը, արդեն 65 տարուց ավելի արվեստասեր հանրությանը հայտնի է իր կերտած կերպարներով: Խորհրդային Միության բարձրագույն`«վաստակավոր դերասանուհու» կոչմանն արժանացած արվեստագետը ճամփորդել է աշխարհով մեկ և հանդես է եկել աշխարհի հեղինակավոր բեմերից: Տիկին Թագուհին դեռևս պատանի էր, երբ ընտանիքը Հունաստանից ներգաղթեց Հայաստան: Դեռ մանկուց նա ցանկանում էր նկարիչ դառնալ, սակայն բեմի հանդեպ ունեցած սերը նրան այլ ուղղությամբ տարավ: Թեև նա փայլում էր աշխարհի շատ բեմերից և ուներ երկրպագուների մի ստվար բանակ, սակայն այդպես էլ չկարողացավ լքել իր հոգում ծնված գույների և պատկերների երևակայական աշխարհը: «Ախր դեռ մանկուց ես վառ ու պայծառ գույներ էի սիրում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որտեղի՞ց գույներ գտնեի»,- ասել է Թագուհի Հակոբյանը:
20 տարի առաջ դերասանուհուն վառ, գեղեցիկ ու գունավոր թվացին ամսագրերի նկարները: Նա այնքան տարվեց ամսագրերի գույներով, որ ափսոսեց դրանք դեն նետել: Մտքում առաջացավ թղթե փոքրիկ, գունավոր կտորներից կտավներ ստեղծելու գաղափարը: Սոսնձի, թղթի և տիկին Թագուհու նուրբ մատների համերաշխ ընկերությունը ստեղծեցին սկզբում՝ ծաղիկների, ապա՝ լեռների ու մարդկանց կերպարներ: «Ես տեսնում էի, որ տարիներ ի վեր մտապատկերների մեջ գալարվող գույները կենդանություն են առնում թափոն-ստվարաթղթի վրա»,- ասել է դերասանուհին:
«Բոլորս կարոտել էինք տիկին Թագուհուն: Ես փոքրիկ աղջիկ էի, երբ Սունդուկյանում վայելում էի նրա խաղը: Բնությունը շատ շռայլ է գտնվել Ձեր նկատմամբ, տվել է Ձեզ շատ շնորհքներ: Շնորհակալ եմ, որ դուք կաք և ետ եք վերադարձել Ձեր հայրենիքը: Քանի որ կանայք և աղջիկներ են հիմնականում ներկա ցուցադրությանը, մենք այս ցուցահանդեսը նվիրում ենք Մայրության և գեղեցկության տոնին: Սիրով, ջերմությամբ և ոգևորությամբ շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին և մաղթում երջանկություն: Ցավոք, ամեն պահ հնարավոր չէ երջանիկ լինել, բայց մաղթում եմ, որ գերակշռեն այն պահերը, երբ դուք ձեզ երջանիկ կզգաք»,- իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Դերասանուհու` հայրենիք վերադարձը նշանավորվեց «Թափոնների գույները» ցուցահանդեսով: Թագուհի Հակոբյանն իր աշխատանքների միջոցով ցանկանում էր հանրությանը ցույց տալ, որ ոչինչ անպիտան չէ: «Թեև աղբամանից չեմ վերցրել նյութերը, բայց հումք են հանդիսացել այլևս օգտագործման համար ոչ պիտանի թղթերը, թերթերը, ամսագրերն ու անձեռոցիկները: ԱՄՆ-ում առաջարկում էին այնտեղի դպրոցներից սկսել ցուցադրությունները, սակայն չհամաձայնեցի: Ես ցանկանում էի այստեղից սկսել իմ ցուցադրությունները, ցանկանում էի, որպեսզի հայ ազգս տեսներ իմ աշխատանքները, ուզում էի հայերին սովորեցնել այս արվեստը: Ուզում եմ, որ բոլորդ լինեք այս գույների նման պայծառ ու լուսավոր, երջանիկ եղեք, հարազատներս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թագուհի Հակոբյանը: Ներկայացված 25 նմուշներից բացի, արվեստագետը ևս 25-ն ունի իր բնակարանում, որոնց մեծության պատճառով դրանք ցուցասրահ չէր տեղափոխել: Ցուցահանդեսին ներկայացված նմուշները միայն հիանալու համար էին. տիկին Թագուհին դրանք չէր վաճառում: «Մեկ անգամ վաճառել եմ և լացով էի բաժանվում: Այլևս չեմ վաճառի»,- ասաց Թ. Հակոբյանը: Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչ ապրիլի 10-ը: