Բաժիններ՝

Լույս է տեսել «18-33. արդի հայ պոեզիա» ժողովածուն

Ժողովածուի մեջ տեղ են գտել 18-33 տարեկան այն բանաստեղծները, ովքեր, գրքի կազմողներ, խմբագիրներ՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանի և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ, ներկայացնում են հայկական մերօրյա պոեզիան և ունեն բանաստեղծական կայացման, ձեռագրի ազատության, աշխարհընկալման սեփական մոտեցումները:

Այսօր The Club ակումբում կայացավ ժողովածուի շնորհանդեսը: 168.am-ի հետ զրույցում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ ժողովածուն գալիս է ապացուցելու, որ Հայաստանում կա ոչ միայն գրական կենսունակ դաշտ, այլև՝ երիտասարդ գրողների հրաշալի փաղանգ, ովքեր ստեղծում են իսկապես լավ գրականություն: Թե՛ Լիլիթ Գալստյանը, թե՛ Արքմենիկ Նիկողոսյանը չհերքեցին, որ ժողովածուի մեջ ընդգրկված բանաստեղծների ընտրությունը սուբյեկտիվ է կատարվել՝ գրական դաշտի օրինաչափությունների իրենց ընկալմամբ: Արքմենիկ Նիկողոսյանը խոստովանեց, որ այս ժողովածուն, ինչպես նախորդը՝ «18-33. արդի հայ արձակ»-ը, ստեղծվել են «որոշ վիրավորանքի դաշտում», իսկ բանաստեղծների ստեղծագործություններն ընտրելուց առաջ կարևորվել է վերջինիս դերակատարությունը, նպաստը ժամանակակից գրական ընթացքի մեջ:

Ի վերջո, 30-ից ավելի բանաստեղծներից ընտրվել են 13-ի՝ Վահե Արսենի, Աշոտ Գաբրիելյանի, Տաթևիկ Խուրշուդյանի, Էդուարդ Հարենցի, Անահիտ Հայրապետյանի, Կարեն Անտաշյանի, Աննա Դավթյանի, Նարե Հովհաննիսյանի, Հասմիկ Սիմոնյանի, Մարիամ Կարապետյանի, Մանե Գրիգորյանի, Ռուզաննա Ոսկանյանի, Տաթև Չախչախյանի ստեղծագործությունները: Ա. Նիկողոսյանը նշեց, որ ժողովածուի ստեղծման երեք տարիների ընթացքում, տարիքային շեմին չհամապատասխանելու հետևանքով, շատ հեղինակներ պարզապես չեն ներգրավվել գրքում: «Մեր բանաստեղծական ժառանգության պարտավորեցնող ու ծանր բեռը, ինչպես նաև զուգահեռ համեմատությունը ժամանակի համաշխարհային պոեզիայի ընթացքին, ստիպեցին կատարել բանաստեղծների հետևյալ ընտրությունը: Ես միշտ ցանկացել եմ մեկ ամփոփ ժողովածուի մեջ ներկայացնել երիտասարդների դրական հունձքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Գալստյանը: Վերջինս նկատեց, որ «այսօրվա լարված փողոցին, հակամարտություններին զուգահեռ՝ կա հրաշալի սերունդ, որը որևէ կաշկանդվածություն չունի, չի ճնշվում անցյալի գրական բեռից ու նվիրված է համամարդկային բարձր արժեքներին»: Այն, որ ակումբում ներկաները շատ էին ու, ինչպես նկատեց Լ. Գալստյանը, «ասեղ գցելու տեղ չկար», խոսում է հասարակության մեջ գրականության սահմանների լայնացման մասին: Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 168.am-ի հետ զրույցում նախարարն ասաց, թե կարծում է, որ վերջին ժամանակներում գրական դաշտում տեղի է ունեցել կարևոր իրադարձություն՝ ճշգրտվել է գրական դաշտը: «Անընդհատ տպագրվեցին տարբեր ժողովածուներ, որտեղ զետեղված հեղինակների 80 տոկոսի անունները կրկնվող են: Սա նշանակում է, որ մենք հստակեցրել ենք մեր մոտեցումները գրական դաշտի ու դաշտում գործող անհատների նկատմամբ: Այս իմաստով յուրաքանչյուր այսպիսի ժողովածու, կարծում եմ, որ իր լուման ունի գրական ժառանգության մեջ, առավել ևս, երբ իսկապես պրոֆեսիոնալ մարդիկ են զբաղվել դրանով, մանրակրկիտ ընտրություն են կատարել: Երբ լսում ես գրական  ընթերցումները, հասկանում ես, որ այսօր իսկապես կա գրականություն: Գուցե ինչ-որ բան հավանում ես, ինչ-որ բան՝ ոչ, բայց կարևոր է, որ գրական խոսք կա»,- ասաց Հասմիկ Պողոսյանը՝ ավելացնելով, որ իր համար շատ հաճելի էր ներկա գտնվել գրքի շնորհանդեսին, լսել ընթերցումներն ու գնահատականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս