
Աֆղանստան է մեկնել վրացական երկու գումարտակ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի երկու գումարտակ մեկնել է Աֆղանստան: Խոսքը գնում է 33-րդ և 42-րդ գումարտակների մասին: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ վրացի զինծառայողները զինծառայություն են կատարելու Աֆղանստանի Հելմանդ նահանգում՝ ամերիկյան կոնտինգենտի կազմում: 33-րդ և 42-րդ գումարտակները հետագա 4 շաբաթվա ընթացքում աստիճանաբար կփոխարինեն 12-րդ և 32-րդ գումարտակներին:
Աֆղանստան մեկնելուց առաջ 33-րդ և 42-րդ գումարտակները «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնում անցել են վեցամսյա ինտենսիվ նախապատրաստություն:
Վրաստանն Աֆղանստանում ISAF-ի գործողություններին մասնակցում է 2009 թվականի օգոստոսից: Ներկայումս Աֆղանստանում է գտնվում 1545 վրացի զինծառայող: Ցայժմ Աֆղանստանում զոհվել է 20 և վիրավորվել է ավելի քան 100 վրացի զինծառայող: