«Եկեք բոլորս միասին օգտագործենք Րաֆֆի Հովհաննիսյանին»
«Հիմա այն փուլն է, որ ես ավելի շատ կողմնակից եմ մտածել, որ շարժումը հաջողվել է, և կողմնակից եմ, որ հանկարծ չհանգցնեն այդ շարժումը, ով ուզում է դա լինի ՝ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը՝ անդրադառնալով հետընտրական իրավիճակին: Հիշեցնենք, որ Մեսրոպ Մովսեսյանն ընդգրկված է «Բարև, Երևան» նախընտրական դաշինքում (երրորդ համարը):
Համեմատություն անցկացնելով 2008թ. հետընտրական իրավիճակի հետ՝ Մեսրոպ Մովսեսյանը նշեց, որ 2008թ. շարժումը պարզապես գնդակահարվեց: Իրավիճակը փոխելու իրական հնարավորություն այս անգամ Մեսրոպ Մովսեսյանը տեսնում է: «Եկեք բոլորս միասին օգտագործենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես քարոզ չեմ անում, պետք է ժողովրդի կողքին լինել, որպեսզի ժողովուրդը չհուսահատվի»,- նշեց «Ա1+»-ի ղեկավարը՝ ավելացնելով, որ հակառակ պարագայում մեծանալու է արտագաղթը: Ըստ նրա ՝ ամեն ինչ պետք է անել, որ ծնված շարժումը չմարի: Մեսրոպ Մովսեսյանը երկրում տիրող ներկայիս իրավիճակը համարեց ճահճային: «Մենք մտել ենք ճահիճի մեջ, որտեղից ելքը միակն է՝ կախվել որևէ ճյուղից և դուրս գալ ճահճից, հակառակ դեպքում՝ ամբողջ հանրապետությունը սուզվելու է այդ ճահիճի մեջ»,- նշեց «Ա1+»-ի տնօրենը: Նրա կարծիքով, ճյուղերը բավական շատ են, բայց թե կոնկրետ որի՞ց պետք է բռնվել, նա ասաց, թե չգիտի: Մեսրոպ Մովսեսյանը վստահ էր մեկ այլ հարցում, որ ստեղծված իրավիճակում պաշտոնների շուրջ պայմանավորվածությունը չի կարող ելք համարվել: «Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանում է, որ պայմանավորվածությունները ժամանակավոր երևույթ են և որևէ խնդիր չեն լուծում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պայմանավորվածություններ շուրջ 20 տարի եղել են քաղաքական շրջանակներում, սակայն որևէ խնդիր չի լուծվել:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ Մեսրոպ Մովսեսյանը այն ոչ ռացիոնալ քաղաքական քայլ համարեց, բայցև նշեց, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական խնդիրն էր և որոշելիքը: