
Թուրքական հեռուստասերիալներն Իրանում նպաստում են ամուսնալուծությունների աճին

Իսրայելական MIGNews-ի փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է, որ թուրքական հեռուստադրամաները նպաստում են ամուսնալուծության տաբուի վերացմանն ու ապակայունացնում են ընտանեկան ինստիտուտները:
Նշվում է, որ ամուսնալուծությունների մակարդակով Իրանն աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը: Միայն նախորդ տարի ամուսնալուծությունների քանակն աճել է 6 տոկոսով: Թուրքական սերիալները չափազանց մեծ հանրաճանաչություն են վայելում իսլամական աշխարհում:
Դրանցում շոշափվում են այնպիսի սայթաքուն թեմաներ, ինչպիսիք են ամուսնական դավաճանությունը, սիրային եռանկյունին ու դեռահասների սեքսը:
Իրանի Քերման քաղաքի իշխանական ներկայացուցիչ Ահմեդ Մահմուդին հայտարարել է, որ մարդիկ օրական հեռուստացույց են դիտում 4 ժամ, մինչդեռ ամուսինները միմյանց հետ բանավոր շփվում են ընդամենը 17 րոպե:
Քանի որ իրանցի կինն իրավունք չունի ամուսնալուծության դիմում տալու, նա ստիպված է դատարանում ապացուցել, որ իր ամուսինն ի վիճակի չէ կատարել իր ամուսնական պարտականությունները: Ամուսնալուծության համար ծանրակշիռ փաստեր կարող են լինել ծաղրանքը, խելագարությունը և իմպոտենցիան: