Միջազգային դիտորդներ դեռ չեն հրավիրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեռևս որոշում չունի՝ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին հետևելու համար միջազգային դիտորդական կազմակերպություններ հրավիրվելո՞ւ են, թե՞ ոչ: Այս մասին 168.am-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Որևէ միջազգային կազմակերպության՝ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր դեռ չենք ուղարկել, և այս պահի դրությամբ՝ նման նախաձեռնություն չկա»,- ասաց Հերմինե Հարությունյանը:  Նա նշեց, որ միջազգային դիտորդական խմբերի մասնակցությունը պարտադիր է միայն համապետական ընտրությունների ժամանակ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ առհասարակ հրավեր չուղարկվի, ԿԸՀ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Դեռ ժամանակ ունենք, բայց հիմա չեմ կարող պատասխանել, միգուցե և ուղարկվի, ուղղակի այս պահի դրությամբ ուղարկելու որոշում չկա»: Նա ասաց, որ միջազգային դիտորդներին հրավեր ուղարկելու վերջնաժամկետ չկա, բայց այնպես պետք է կազմակերպել գործընթացը, որպեսզի հրավիրվող կողմը ևս հնարավորություն ունենա նախապատրաստվել:  Հերմինե Հարությունյանը հիշեցրեց, որ դիտորդների հավատարմագրումը և հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխությունները, ըստ Ընտրական օրենսգրքի, կատարվում են ընտրության նշանակվելու օրվանից հետո, բայց  քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Ըստ ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցի՝ մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին հետևելու համար դիտորդները կարող են հավատարմագրվել  2013թ.-ի փետրվարի 21-ից մինչև ապրիլի 25-ը:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 31-ի Երևանի ավանագու ընտրություններին մասնակցել է ընդամենը մեկ  միջազգային  դիտորդական կազմակերպություն՝ «Եվրոպայի խորհրդի տեղական  և տարածքային իշխանությունների կոնգրես»  կազմակերպությունը՝ 15 դիտորդով:

Ինչ վերաբերում է դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպություններին, ապա ավանագու նախորդ ընտրություններին մասնակցել է 29 տեղական հասարակական կազմակերպություն: 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին հետևելու դիմում ԿԸՀ առայժմ  երկու տեղական կազմակերպություն է  տվել՝«Ընտրական համակարգեր կենտրոնը»՝ 60 դիտորդ, և  «Իրավակիրթ հասարակությունը»՝ 50 դիտորդ:  Նկատենք, որ դիտորդական  կազմակերպությունների դիմումներն ակտիվանում են առավելապես վերջնաժամկետի ավարտին:

Տեսանյութեր

Լրահոս