Արևմուտքն Էրդողանի վրա է դրել «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի իրագործումը

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական «Սաադեթ» (Երջանկություն) կուսակցության խորհրդատվական բարձր խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը, ով համարվում է վարչապետ Ռեջեփ Էրդողանի մերձավորներից, քննադատել է Սիրիայի նկատմամբ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարած քաղաքականությունը.

«ԱՄՆ-ն ու Էրդողանի կառավարությունը Սիրիայում հակամարտություն են սադրում և երկիրը դրդում են էլ ավելի մեծ արյունահեղության: Արևմտյան երկրներն Էրդողանի վրա են դրել «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի իրագործումը: ԱՄՆ-ը և Թուրքիայի կառավարությունը Սիրիայում սրում են հակամարտությունը՝ փորձելով Սիրիայում կրկնել իրաքյան ու լիբիական սցենարները:

Թուրքիան գտնվում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերի ոլորտում, որոնք գտնվում են սիոնիզմի վերահսկողության տակ և հանդիսանում են ռազմական ուժ և մարդասպան մեքենա: Սիրիայի վրա հարձակվելու պատճառներից մեկը նրա աշխարհագրական դիրքն է:
Թուրքիան հրահրում է Սիրիայում Արևմուտքի մնիջամտություն, քանի որ նա անձամբ չի կարող ուղիղ միջամտություն իրականացնել Ռուսաստանի ու Չինաստանի հակազդեցության պատճառով:

Էրդողանի խնդրանքով՝ արևմտյան երկրները Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայեցին Թուրքիայի տարածքում, ինչև կարող է ունենալ լուրջ հետևանքներ և դրդել Ստամբուլին հարված հասցնելուն: Սիրիայում բռնություններին անհնար է վերջ դնել առանց համամուսուլմանական համերաշխության»:

Հիշեցնենք, որ «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրն ընդհանուր առմամբ շարադրվեց ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի՝ 2003 թվականի փետրվարի 26-ի ելույթում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան վարչակազմը փորձում է Արևմուտքի համար անվտանգ դարձնել արաբա-մահմեդական աշխարհը և վերացնել ահաբեկչության տնտեսական, սոցիալական ու քաղաքական արմատները:

Ուստի շեշտվում է արաբա-մահմեդական պետություններում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման կարևորությունը (ազատ ընտրություններ, արտերկրից ֆինանսավորվող ոչ կառավարական անկախ կազմակերպություններ, կանանց կարգավիճակի բարձրացում, պայքար կաշառակերության դեմ, ռազմական բյուջեների կրճատում՝ ի նպաստ կրթության, զարգացման բանկի ստեղծում, ՆԱՏՕ-ի գլխավորությամբ ազգային բանակների բարեփոխում՝ հակաահաբեկչական պայքարն ուժեղացնելու նպատակով):

«Մեծ Մերձավոր Արևելքի» ծրագիրն ընդգրկում է 23 երկիր՝ Մավրիտանիայից մինչև Պակիստան, ներառյալ Թուրքիան և Իրանը: Այդ հսկայական տարածքն ունի 600 միլիոն բնակչություն՝ մեծ մասամբ մուսուլմաններ, որոնց 2/3-ի տարիքը 30-ից ցածր է: Տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 9.2 տոկոսը, ազգային համախառն արտադրանքի արժեքը՝ 1.300 միլիարդ դոլար (համաշխարհայինի 4%-ը):

Տվյալ տարածաշրջանի ընդերքում են նավթի համաշխարհային պաշարների մեծ մասը և գազի պաշարների ավելի քան 50%-ը: Միջազգային ահաբեկիչները հավաքագրվում և ֆինանսավորվում են հենց այս տարածաշրջանում: Ամերիկացիները պնդում են, թե աշխարհի տվյալ 23 երկրներից 21-ի (բացի Թուրքիայից և Իսրայելից) ժողովրդավարացումը և տնտեսական զարգացումը թույլ կտա վերացնել ահաբեկչության վտանգը:

Եթե 2001թվականի Աֆղանստանի և 2003 թվականի Իրաքի պատերազմները հետապնդում էին «Մեծ Մերձավոր Արևելքի» արևելյան հատվածի կառուցման նպատակը, ապա ներկայումս հերթը հասել է դրա արևմտյան և հարավային հատվածներին: Ի դեպ, կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ ԱԶԿ-ն ամերիկյան մշակում է, և դրա հեղինակը հանրահայտ նեոկոն Փոլ Վուլֆովիցն է։

Տեսանյութեր

Լրահոս