Իրանը Հայաստանին կոչ է արել դատապարտել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Հայաստանին կոչ է արել դատապարտել մարտի 19-ին Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Հալեպ քաղաքի մոտակայքում իրականացված քիմիական մահացու վերջին հարձակումը, ինչը հանգեցրել է տասնյակ անձանց զոհվելուն:

Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին երեկ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և նրան է հանձնել Սալեհիի տվյալ ուղերձը:

Դրանում Սալեհին իր հայ գործընկերոջը հայտնում է, որ տվյալ հարձակումն անմարդկային և այդ հանցագործության ողջ պատասխանատվությունը դնում է Սիրիայում գործող զինյալների ու նրանց արտասահմանյան հովանավորների վրա:

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Թեհրանը հանդես է գալիս սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը կարող են ապահովվել միայն սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման եղանակով:

Նա նաև Հայաստանի կառավարությանն ու հումանիտար կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Սիրիայում իրականացված քիմիական հարձակումը:

Տեսանյութեր

Լրահոս