
Եզդիների ձայնը՝ համացանցի «եթերից»

Աշխարհի եզդիներն այսուհետ հնավարություն կունենան YouTube-ի իրենց պաշտոնական ալիքում դիտելու եզդիերեն լեզվով սերիալներ, հաղորդումներ, իրենց մասին ռեպորտաժներ: Նպատակը, ըստ «Սինջար» եզդիների հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի, աշխարհի եզդիներին իրենց լեզվին և կրոնին առավել մոտ պահելն է: «Հայաստանում ապրող շատ եզդիներ այդքան էլ լավ չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին և դպրոցներում էլ դասավանդող ուսուցիչները չեն փայլում իրենց մայրենի լեզվի իմացությամբ: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ մենք նպատակահարմար գտանք օգտվել համացանցի ընձեռած հնարավորություններից: YouTube տեսաբլոգում մենք կունենանք մեր ալիքը, որը և մեզ կօգնի տարածել մայրենին` համացանցից օգտվող եզդիների շրջանում: Մեր այս ալիքում չի լինելու ոչ մի անճաշակ տեսանյութ: Մենք այստեղ խոսելու ենք մեր խնդիրների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» հ/կ-ի նախագահ Բորիս Մուրազին: Վերջինիս խոսքով, տեսաբլոգում կան և կլինեն նաև հայերեն տեսանյութեր, որոնք ևս կվերաբերեն եզդի ժողովրդի խնդիրներին և ավանդույթներին:
Տեսաբլոգը կոչվում է Dengê Êzidîa ( եզդիերենից թարգմանաբար՝ եզդիների ձայն): «Հայաստանում այլ կերպ հեռուստահաղորդումներ հնարավոր չէ կազմակերպել, ուստի մենք կօգտվենք համացանցի ընձեռած հնարավորություններից, այսպես մեզ կդիտեն և կլսեն աշխարհի շատ եզդիաբնակ երկրներում: Հուսանք, որ մեր աշխատանքը կտա իր պտուղները, և առավել մեծ թվով եզդիներ հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց մշակույթին, ավանդույթներին և ինչու ոչ, նաև սովոլորելու իրենց լեզուն»,- ասաց Բ. Մուրազին: