Միջադեպ Կապանում. մի խումբ մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանին տհաճ անակնկալ են մատուցել

Այսօր Կապանում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Կապանի բնակիչների հետ: Հավաքը տեղի է ունեցել Կապանի մշակույթի տան բակի հարևանությամբ: Կապանցիների փոխանցմամբ` մի խումբ երիտասարդներ՝ սուլոցներով, «Րա՛ֆ-ֆի՛, հե՛-ռա՛-ցի՛ր» վանկարկումներով, պահանջել են, որ Ր. Հովհաննիսյանը դադարեցնի հավաքն ու հեռանա Կապանից: Ըստ կապանցիների` «Ժառանգության» նախագահի ելույթն ընդհատել է նաև մի կին, ով Ր. Հովհաննիսյանից պահանջել է հեռանալ քաղաքից: Ի պատասխան կնոջ պահանջի` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ հավաքը խանգարողները սադրիչներ են, որոնց ուղարկել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Զ. Փոստանջյանն ավելացրել է, որ Ս. Խաչատրյանի տեղը Նուբարաշենի բանտն է, և նա պետք է հավաքի ճամպրուկներն ու ուղևորվի այնտեղ:

Այս միջադեպի մասին մենք փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ Սյունիքի ՀՀԿ-ական  մարզպետ Սուրեն Խաչատրյանից, ով, սակայն, չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին: Այնուհետև միջադեպի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանից: Վերջինս ասաց, որ ինքը որևէ տեղեկություն չունի այդ մասին և նույնիսկ չէր լսել այդ միջադեպի մասին, ապա նշեց, որ այսօր մեռելոց է, ոչ աշխատանքային օր է, իսկ մարզպետն էլ գտնվում է Գորիսում: Քաղաքապետի խոսքով` Ր. Հովհաննիսյանի հավաքն արտոնված չի եղել, քանի որ քաղաքապետարանը որևէ իրազեկում չի ստացել

Տեսանյութեր

Լրահոս