
Վենեսուելայում Զատկի տոնը նշել են նախագահի թեկնածուների խրտվիլակներն այրելով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայում ակտիվիստներն այրել են նախագահի թեկնածուներ Նիկոլաս Մադուրոյի ու Էնրիկե Կապրիլեսի խրտվիլակները: Դա տեղի է ունեցել Զատկի տոնի նշման ժամանակ, երբ վենեսուելացիներն ավանդաբար այրում են Հիսուսին դավաճանած Հուդա Իսկարիոտի խրտվիլակը:
Գործող իշխանությունների համակիրները Կարակասի կենտրոնում այրել են Կապրիլեսի խրտվիլակը: Նրանք հայտարարել են, որ ընդդիմադիր թեկնածուն դավաճանել է երկրին ու նրա ժողովրդին՝ աջակցելով համաշխարհային իմպերիալիզմի շահերը:
Ընդդիմության համակիրներն իրենց հերթին կազմակերպել են Մադուրոյի խրտվիլակի հրապարակավ այրումը: Նրանք հայտարարել են, որ Մադուրոյի դավաճանությունը կայանում է կյանքի անհրաժեշտ մակարդակ ու երկրի քաղաքացիների անվտանգությունը չապահովելու մեջ:
Վենեսուելայի նախագահի ընտրությունները պլանավորված են ապրիլի 14-ին: Հարցախույզները վկայում են, որ Մադուրոյին պատրաստ է աջակցել ընտրողների մոտ կեսը: Միևնույն ժամանակ Կապրիլեսին աջակցում է վենեսուելացիների մոտ 35 տոկոսը: