Ոստիկանության գեներալ-լեյտենանտին պատկանող օբյեկտից գողացել են զենքեր

Ոստիկանության քննչաական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում քննիչ Բակուր Օհանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Նուբարաշենի խճուղու 7 հասցեում գործող «Որսորդ» ՍՊԸ-ի ճաշարանից կատարված գողության փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Մարտի 31-ին առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել նշված ՍՊԸ-ի ճաշարան և հափշտակել այնտեղ եղած Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ 38-ամյա Վահան Գրիգորյանին պատկանող ՕՊ-ՍԿՍ 7.62X39մմ տրամաչափի, ՏՕԶ 8-01 5X6մմ տրամաչափի, ՏՕԶ 3412մմ տրամաչափի որսորդական հրացաններ և նշված ՍՊԸ-ի աշխատակից Դիանա Մարդայանի պայուսակը, որի մեջ, ըստ տեղեկությունների, եղել է նաև գումար:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խմբերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու համար անձին կամ անձանց, ովքեր կատարել են նշված գողությունը:

Նշվում է, որ «Որսորդ»-ի տարածքը պատկանում է Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և հանրությանը հայտնի Ավջի Գոքոր մականվամբ Գրիգոր Գրիգորյանին, ովքեր ի դեպ, երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի առևտրով՝ օրինական հիմունքներով:

Տեսանյութեր

Լրահոս