![](/banners/BeFunky-design.jpg)
Վոլոչկովան Տարոն Մարգարյանի համար անվճար համերգ չի տա
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/taron-volochkova.jpg)
Անաստասիա Վոլոչկովան անվճար համերգ չի տա՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում, նման պայմանավորվածություն չի եղել։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտարարել է Վոլոչկովայի համերգների կազմակերպիչ, «FORPOSTART» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը։
Նա նշել է, որ 2012 թվականին բանակցություններ են տարվել Երևանի մանկատների և տուն-ինտերնատների երեխաների համար բարեգործական համերգ կազմակերպելու կապակցությամբ։ Իսկ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Վոլոչկովայի շքեղ համերգը և մի շարք այլ միջոցառումներ, որոնք կազմակերպվում են «FORPOSTART» ընկերության կողմից։
«Մեկ անգամ ևս նշում եմ, որ Անաստասիա Վոլոչկովայի PR-մենեջերը պատասխան է պատրաստում Հայաստանի բոլոր ԶԼՄ-ների համար։ Մենք պահանջում ենք ԶԼՄ-ներից հերքել այդ կեղծ տեղեկատվությունը և առայժմ չենք պահանջում նյութական որևէ փոխհատուցում»,- նշել է Վոլոչկովայի համերգների կազմակերպիչը։
Հիշեցնենք, որ որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ապրիլի կեսերին Վոլոչկովան ժամանելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով և անվճար համերգ է տալու Երևանի ավագանու ընտրություններին նրա քարոզարշավի շրջանակներում։