Բաժիններ՝

Ինչ է կատարվում Կիպրոսում

Կիպրոսում կատարվող գործընթացները չի կարելի համեմատել եվրոպական մայրցամաքային երկրներում տեղի ունեցողի հետ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբից ամենախոցելին Հունաստանը, Պորտուգալիան և Իսպանիան էին: Մասամբ՝ նաև Իտալիան: Եվրոյի երկրներից յուրաքանչյուրի համար առանձին լուծումներ գտնվել և գտնվում է: Կիպրոսի հետ ընդհանրությունը միայն հունական ճգնաժամի սկզբին էր, երբ գերմանական իշխանության առաջին դեմքերը Հունաստանին առաջարկեցին վաճառել մի քանի կղզիներ: Երկրորդ համաշխարհայինից հետո արյան գնով ձևավորված սահմաններն անարյուն փոխվեցին միայն երկու երկրների պարագային` Գերմանիայի և Չեխոսլովակիայի: Կոմունիզմի մարքսիստա-բոլշևիկյան ուրվականն էր հեռանում Եվրոպայից: Ուրվականը Հարավսլավիայից սահմանները վերափոխելիս հեռացավ ավանդական` արյան գնով: Եվ հանկարծ համարյա կրկնակի մեծացած Գերմանիան Հունաստանի սահմանների վերանայման անարյուն, բայց բավական տարօրինակ մեթոդ առաջարկեց` ֆինանսական: Բուն Հունաստանում և մյուս եվրոպական երկրներում ծագած բացասական հասարակական վերաբերմունքը ստիպեց գերմանացիներին շատ արագ մոռանալ իրենց կոշտ դիրքորոշումը: Կիպրոսի հետ կատարվածը համեմատելի չէ նույնիսկ իսլանդական բանկային ճգնաժամի հետ: Այն հարկավոր է դիտարկել համաշխարհային տնտեսության ապաօֆշորացման գործընթացի շրջանակում: Այն, որ կիպրոսյան օֆշորային տնտեսությունն իր լավագույն օրերը չի ապրում, նկատելի էր վաղուց: 2011-ին Ռուսաստանը նույնիսկ 2,5 մլրդ եվրո վարկ տրամադրեց կղզու բանկային ճգնաժամը կանխելու համար: Չստացվեց: Դեռևս դեկտեմբերին Դաշնային խորհրդին ուղղված տարեկան ուղերձում գործարարներին կոչ արեց հրաժարվել գումարներն արտասահմանում պահելուց: Բայց ռուս գործարարները, հավանաբար, օֆշորներին ավելի են վստահում, քան սեփական երկրի իշխանություններին: Իզուր: Եվրոպայի ճնշման տակ այս շաբաթ Կիպրոսի խորհրդարանն աննախադեպ ծրագիր ընդունեց: Դժվար է հիշել, թե երբ է որևէ երկրի խորհրդարանի նիստն ուղիղ հեռարձակվել ուրիշ երկրի հեռուստաեթերում: Փոքրիկ Կիպրոսի խորհրդարանի նիստը հեռարձակում էր Ռուսաստանի դաշնային RBK-TV հեռուստաընկերությունը: Պատճառն այն է, որ ըստ փորձագիտական տվյալների, կիպրոսյան բանկերում մինչև 40 մլրդ դոլարի չափով ռուսաստանյան գումար կա: ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը Կիպրոսի ռուսական փողերի մասին խոսելիս հաստատեց, որ այս կղզու օֆշորային բանկերում նույնիսկ իր երկրի պետական կառույցների գումարներ կան: Հետո դեպքերը կայծակնային արագությամբ զարգացան: ՌԴ նախագահ Վ. Պուտինը նույնիսկ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց՝ միջոցառումների պլան մշակելու: Ռուսաստանյան իշխանությունները վերջին երկու տարին հպարտանում էին, որ երկրից արտահանվող գումարների և արտասահմանյան ներդրումների միջև բացասական հաշվեկշիռը տարեցտարի կրճատվում է: Բայց բոլորի համար ակնհայտ էր, որ սեփական իշխանություններից զգուշանալով` ռուս գործարարներն իրենց գումարները նախ` երկրից դուրս էին հանում, ապա` վերադարձնում` որպես արտասահմանյան ներդրում: Օֆշորային գոտիներում գրանցված լինելը ռուս գործարարներին հնարավորություն էր տալիս խուսափել հարկերից: Սրանից բացի, նրանք կարծում էին, որ իրենց գումարներն ավելի ապահովագրված են: Որովհետև իրենց երկիր դրանք վերադառնում էին` որպես «արտասահմանյան ներդրում»: Հետևաբար` ավելի պաշտպանված են ՌԴ իշխանությունների քմահաճույքից: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, ՌԴ տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների մոտ մեկ երրորդը կատարում էին Կիպրոսում գրանցված ընկերությունները: Կիպրոսի՝ ֆինանսական կարողություններով` երրորդ, իսկ արտասահմանյան ծագում ունեցող բանկերի մեջ ամենամեծ բանկը ՌԴ «Ներարտբանկի» մասնաճյուղ «Ռուսաստանյան առևտրային բանկն» է: Եվ հանկարծ տեղի ունեցավ այն, ինչ վերջին 100 տարվա մեջ իրենց թույլ էին տվել բոլշևիկները և ֆաշիստները: Լայն իմաստով` կիպրոսյան բանկերում եղած ավանդները էքսպրոպիացված, կամ պարզ ասած` բռնագրավված են: Երբ և ինչ չափով կվերադարձվեն բանկերում եղած 100 հազար եվրոն գերազանցող գումարները, հայտնի չէ: Ճգնաժամի սկզբում խոսվում էր, որ ամենածանր վիճակում հայտնված «Լաիկի» բանկի խոշոր ավանդների 10 տոկոսը կբռնագրավվի: Երեկ Կիպրոսի ֆինանսների նախարարը հայտարարել է 80 տոկոս չվերադարձնելու մասին: Սակայն ասել, որ ռուս գործարարաց դասը խորը վշտի մեջ է, չափազանցություն կլինի: Վերջին մի քանի օրերին նրանք փորձում էին հաշիվներ բացել Լատվիայի բանկերում: Նույնիսկ հերթեր էին գոյացել: Եվրոպական կառույցների ճնշման տակ Լատվիայի իշխանությունները կանխեցին այս գործընթացը: Հիմա ՌԴ ֆինանսական ղեկավարությունը խոսում է սեփական երկրի հեռավոր արևելքում օֆշորային գոտիներ ստեղծելու մասին: Բայց դա դժվար թե իրագործվի: Ժամանակին ձախողվեցին Ինգուշեթիայում և Կալմիկիայում օֆշորներ ստեղծելու ծրագրերը: Ռուս օլիգարխներն ու տնտեսավարող չինովնիկները չեն համաձայնի սեփական գումարներն իրենց իսկ վերահսկողության տարածքներում պահել: Ճիշտ այնպես, ինչպես մերոնք: Հայաստանցի գործարարների նկատելի հատվածն էլ օֆշորային գոտիներում ու հատկապես Կիպրոսում գրանցված ձեռնարկություններ ունեն: Հիմա նրանք էլ իրենց ռուս բախտակից ու խելքակից ընկերների հետ հնարավորություն ունեն դիտելու, թե ինչպես են եվրոպական կառույցները փոքրիկ կղզու ղեկավարության հետ փոշիացնում իրենց գումարները: Գումարներ, որ իրենք մասամբ վաստակել են, բայց հիմնականում թալանել հայրենիքում: Վաստակել-թալանել, բայց գերադասել են պահել արտասահմանում: Այնտեղ, իբր, ավելի ապահով է: Որևէ մեկը հիշո՞ւմ է, թե ինչ առիթով էր Թաթան երգում` «Տեսա՞ր, տեսա՞ր, ինչ եղավ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս