Ընդդեմ ՊԵԿ-ի «Ստրոյ մաստեր դամաֆոն» ՍՊԸ-ի հայցը մերժվեց

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, մերժեց ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին «Ստրոյ մաստեր դամաֆոն» ՍՊ ընկերության հայցը:

«Ստրոյ մաստեր դամաֆոն» ՍՊ ընկերությունը և նրա ներկայացուցիչները գտնում էին, որ Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում Ընկերությանը պատճառվել է վնաս, քանի որ ապրանքների իրական մաքսային արժեքի փոխարեն հարկերը և մաքսային վճարները հաշվարկվել են կամայական կերպով հաշվարկված մաքսային արժեքից։ Կոմիտեի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են Ընկերության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով ամրագրված իրավունքները և ազատությունները, ինչպես նաև Ընկերության վրա դրվել են օրենքով չսահմանված պարտականություններ, ինչի արդյունքում Ընկերությանը պատճառվել է գույքային վնաս:

«Ստրոյ մաստեր դամաֆոն» ՍՊ ընկերությունը խնդրել էր ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի գործողությունը` 28.02.2012 թվականի բեռնային մաքսային հայտարարագրում ապրանքների մաքսային արժեքների նկատմամբ իրականացված հավելումներ կատարելու վերաբերյալ, իսկ որպես ածանցյալ պահանջ` խնդրել էր հայտարարագրում նշված ապրանքների ներմուծման ժամանակ ավել վճարված ավելացված արժեքի հարկի գումարը և մաքսատուրքը ճանաչել գերավճար։

Դատարանն անհիմն է համարել Հայցվորի ներկայացուցչի փաստարկներն այն մասին, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով արժեքները որոշելու հայտարարագիր ներկայացնելու հնարավորություն չի եղել, քանի որ Հայցվորը կամ նրա ներկայացուցիչը, ամեն դեպքում, կարող էին ներկայացնել հայտարարագիր (անկախ նրանից, թե մաքսային մարմնի կողմից դա կընդունվեր, թե` ոչ), որում նշված արժեքների հետ անհամաձայնության դեպքում մաքսային մարմինը պարտավոր կլիներ ներկայացնել մերժման եզրակացություն, իսկ տվյալ դեպքում ներկայացվել է հայտարարագիր, որում նշված արժեքներով կատարվել է մաքսազերծում։

Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ Հայցվորը կարող էր չընդունել այդ արժեքները (հավելումները) և հայտարարագրել ապրանքներն իր կողմից ընդունելի արժեքներով և միայն նման հայտարարագրի առկայությունը կարող էր հիմք հանդիսանալ ապրանքների արժեքները ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով որոշելու կամ ՀՀ մաքսային օրենսգրքի 96-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով մերժման եզրակացություն տրամադրելու համար, քանի որ մերժման եզրակացությունը տրվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում։

Հայցվորի փաստարկներն այն մասին, որ ներկայացված արժեքների հետ անհամաձայնության դեպքում մաքսային մարմինը պարտավոր էր հնարավորություն ընձեռնել ներկայացնելու մանրամասն տեղեկություններ, դատարանը նույնպես անհիմն է համարել, քանի որ մաքսային մարմնի նման պարտականությունը ծագում է հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացնելուց հետո մաքսային մարմինների կողմից գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքն ընդունելու անհնարինության դեպքում, մինչդեռ այս դեպքում ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով որոշված արժեքներով հայտարարագիր մաքսային մարմնին չի ներկայացվել։

Այսպիսով, վերը նշված իրավական և փաստական հիմնավորումներով դատարանը գտել է, որ մաքսային արժեքը որոշվել է Հայցվոր ընկերության կողմից ներկայացված հայտարարագրում նշված տեղեկությունների հիման վրա, ուստի բացակայում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հիմքերը։

Ինչ վերաբերում է Հայցվորի այն փաստարկներին, որ տարբեր ժամանակներում կատարված միանման ապրանքների ներմուծման ժամանակ կատարվել են հաշիվ-ապրանքագրերում նշված արժեքների նկատմամբ էականորեն տարբեր հավելումներ` մի դեպքում 7,3%, մյուս դեպքում` 49,21%, ապա դատարանն արձանագրում է, որ բոլոր դեպքերում ապրանքների արժ եքները որոշվել են Հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից և Հայցվորը հնարավորություն ունեցել է, չհանաձայնելով մաքսային մարմնի առաջարկած արժեքների (հավելումների) հետ, ներկայացնել իր համար ընդունելի արժեքներով հայտարարագիր, որի դեպքում մաքսային մարմինը պարտավոր կլիներ ներկայացնել մերժման եզրակացություն կամ ընդունել այդ արժեքները։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս