
Ո՞ւմ գլխին են փորձում ջարդել Ազգային գրադարանի շինարարության «ատկատի» գործը

Գործով ձերբակալված Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի համոզմամբ՝ իր պաշտպանյալն աղմուկ հանած «ատկատի» գործի շրջանակներում թույլ օղակն էր, որի վրա են փորձում ջարդել ողջ մեղավորությունը:
Հայաստանի ազգային գրադարանի գործով ձերբակալված՝ Քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանի կալանքը երկարաձգվել է ևս 40 օրով: Գոռ Քամալյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «168 Ժամ» թերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարտի 22-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստով որոշվել է Գոռ Քամալյանի կալանքը երկարաձգել, հակառակ իրենց բոլոր պահանջների, որ գործը հնարավորինս արագ մտնի դատարան: Նա նշեց, որ կալանքը երկարաձգելու միջնորդության մեջ նշված էր, թե գործով նախաքննությունն ավարտվել է, բայց մեղադրյալին գործի նյութին ծանոթացնելու համար անհրաժեշտ է ևս երկու ամիս:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ էր հարուցվել Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել էր, որ 2005թ., այնուհետև` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ` կազմել են 305.000.000 դրամ, ապա` 709.641.000 դրամ: Ըստ նախաքննության տվյալների` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի և ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել էր առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել էին հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ: Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս՝ ավելի քան 700 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությանը: 2012թ. սեպտեմբերի 28-ին ձերբակալվել էր ՀՀ քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:
«Մենք ասում ենք՝ չենք ուզում ծանոթանալ նյութերին, ուղարկեք դատարան գործը: Էդպիսի բան լսե՞լ եք, որ մարդն ասի՝ ինձ ուղարկեք, դատեք, եթե կարողանում եք: Մենք ասում ենք՝ խնդրում ենք, մեզ դատեք»,- նշեց պաշտպանը: Ալեքսանդր Սիրունյանը համոզված է, որ դատական պրոցեսը չի սկսվում հիմնազուրկ լինելու պատճառով, և կալանքի երկարաձգման իմաստը հենց դա է: Ալեքսանդր Սիրունյանը պատմեց, որ հունվարի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ևս երկու ամսով կալանքը երկարաձգելու միջնորդությունը բավարարվել էր, թեև, ըստ նրա՝ բոլորովին հիմնազուրկ էր: Գործի քննիչը հայտնել է, թե կասկածներ կան, որ Գոռ Քամալյանը առնչվում է նաև Մասիս և Մեծ Մանթաշով համայնքների դպրոցների շինարարության ընթացքում իր պաշտոնեական դիրքի չարաշահմաը: Այսինքն, ըստ փաստաբանի՝ Գոռ Քամալյանի կալանքը երկարաձգվել է գոյություն չունեցող մեղադրանքով: Երբ դատարանի այս որոշումը մեղադրվող կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում՝ փետրվարի 7-ին, մեղադրող կողմն արդեն հայտարարել է, թե մեղադրանքը պատրաստ է: Փաստաբանն առայժմ չի խորհրդակցել իր պաշտպանյալի հետ՝ բողոքարկե՞լ մարտի 22-ի որոշումը Վերաքննիչ դատարանում, թե՞ ոչ, սակայն կարծում է, որ Վերաքննիչում ևս քիչ հնարավորություններ կան հաջողության հասնելու համար:
Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ Գոռ Քամալյանի պաշտպանությամբ սկսել է զբաղվել 2013թ. հունվարից: Նա պնդում է, որ իր պաշտպանյալը գործի հետ կապ չունի: «Կարող է՝ ինչ-որ մեկն Ազգային գրադարանում շինարարությունը թերի է արել, բայց դա մեզ հետ ի՞նչ կապ ունի»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը: Նրա խոսքով` Գոռ Քամալյանի ղեկավարած վարչության պարտականության մեջ մտնում է միայն նախնական հսկողությունը՝ այսինքն՝ գնման մրցույթի կազմակերպումը, իսկ շինարարության որակի նկատմամբ հսկողությունը, որի թերացման մեջ մեղադրվում է Գոռ Քամալյանը, վերջինիս պարտականությունների շրջանակում չէ: Փաստաբանը պատմեց, որ երբ ծանոթացել է մեղադրանքի որոշմանը, գործով քննիչից մի շարք պարզաբանումներ է պահանջել, որի արդյունքում պարզվել է, որ Գ.Քամալյանը որևէ օրենք չի խախտել և ծառայողական պարտականությունների մեջ չի թերացել: Ըստ Ալեքսանդր Սիրունյանի, օրինակ, քննիչը պատասխանել է, թե Գոռ Քամալյանը խախտել է քաղաքաշինության նախարարի թիվ 14 հրամանը, սակայն այդ հրամանով սահմանված է, որ հիշյալ վարչության պարտականությունների մեջ է մտնում գնումների գործընթացը նախապատրաստելու համար մրցույթի կազմակերպումը, մրցութային փաթեթի նախապատրաստումը, ստուգումները (դիմողների ունակ լինելը մրցույթին մասնակցելու հարցում) և մրցույթը չկայանալու դեպքում՝ նախարարին պետք է առաջարկ ներկայացվի կոնկրետ անձից գնում կատարելու մասին: Այսինքն՝ շինարարական աշխատանքների ստուգման գործընթացը չի մտնում նշյալ վարչության պարտականությունների մեջ: Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ գործում հղում է արվում նաև պաշտոնի անձնագիր փաստաթղթին, սակայն այդտեղ էլ գրված է, որ Գոռ Քամալյանը նման պարտականություններ չի ունեցել: Վերջին պատասխանում էլ նշվում է, թե, այդուհանդերձ, Գոռ Քամալյանը պարտավոր էր հսկել իրականացված աշխատանքների որակը: «Պատկերացնո՞ւմ եք, չինովնիկը՝ սպիտակ վերնաշապիկով, «զապընկեքով», կաֆելի հաստություն չափեր: Աբսո՛ւրդ»,- ասաց Գոռ Քամալյանի պաշտպանը: Նրա խոսքով, աբսուրդային է նաև իր այն հարցադրման պատասխանը, թե ի՞նչ անձնական շահագրգռվածություն է ունեցել իր պաշտպանյալը: Ըստ Սիրունյանի՝ պատասխանել են, թե անձնական շահագրգռվածությունը նրանում էր, որպեսզի ինքը և իր աշխատողները ղեկավարության կողմից արժանանան դրական գնահատանքի: «Այդպիսի բան տեսե՞լ եք, մարդ 30 մլն դրամի հափշտակությանն է օժանդակում, որ իրեն մինիստրն ասի` ապրես դու»,- տարակուսած է փաստաբանը: Նա նշեց, որ նույն գործով կա մեկ այլ մեղադրվող ևս, սակայն նա կալանավորված չէ, իսկ իր պաշտպանյալին թույլ չեն տալիս անգամ գրավի դիմաց ազատ արձակել: Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ մոտ 15 օր առաջ խուզարկվել է Գոռ Քամալյանի տունը: «Տնտեսական գործով մարդու տունը 6 ամիս հետո խուզարկում ես, որ ի՞նչ գտնես»,- զարմացած է Գոռ Քամալյանի պաշտպանը: Իր պաշտպանյալի նկատմամբ գործի հարուցումը, ըստ Ալեքսանդր Սիրունյանի, մեծ աղմուկ հանած ատկատի թեմայի շրջանակում էր. «Կոպիտ ասած՝ Գոռ Քամալյանն այս պատմության մեջ թույլ օղակն էր»: Ըստ Սիրունյանի` սկզբում աղմուկ բարձրացավ` «ատկատների» մասին հայտնի հայտարարություններից հետո, քրեական գործ հարուցվեց, պարզվեց, որ շինարարն էլ մահացել է: Ո՞ւմ կալանավորենք: Հարմար դեմք հանդիսացավ Քամալյանը: