Սերժ Սարգսյանը փաստացի համաձայնել է գնալ զիջումների

Մարտի 22-ին ընդդիմության կազմակերպած հերթական հանրահավաքում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց իր առաջարկներն իշխանությանը, ըստ որոնց՝ նա պահանջեց կա՛մ ա) նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում, կա՛մ բ) իշխանության կիսում ժողովրդի, կամ, ինչպես ինքն է նույնացնում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս հարցի շուրջ զրուցեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայումս աջակցող «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ, ով նշեց, որ նորմալ է գնահատում «Ժառանգության» ղեկավարի առաջարկները:
«Իհարկե, ես կցանկանայի, որ զուտ քաղաքական լուծումներ լինեին, բա դա էլ է ճանապարհ: Առաջարկության մեջ բավական վերահսկողական ֆունկցիա պարունակող պաշտոնյաների մասին է խոսքը, նորմալ է: Շատ ուրախ կլինեի, եթե փոխզիջումները և լուծումները քաղաքական դաշտում լինեին»,- նշեց նա:
Մեր հարցին, թե սրանով արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ համաձայնում Սերժ Սարգսյանի իշխանությանը, Գիմիշյանը պատասխանեց. «Դե գիտեք, համաձայնելը ո՞րն է, դե ֆակտո կա, ուզես-չուզես, դա փաստ է»:
«Կա երկու ճանապարհ. կա՛մ պիտի ժողովրդին հավաքես ու գնաս քշես իշխանություններին, իսկ դա պատերազմ է, ամենաանցանկալի սցենարն է, կերազեի, որ մեր երկիրն այդպիսի սցենարով երբևէ չշարժվի, կա՛մ կուզենայի, որ բանակցությունների, ճնշումների, ժողովրդի, քաղաքական դաշտի համախմբման, կոշտ պայքարով իշխանություններին պարտադրվեր` գնալ քաղաքական զիջումների: Սա իմ ուզած տարբերակն է»,- ասաց Գիմիշյանը: Սակայն միաժամանակ նա նշեց, որ որոշումներ կայացնողը Րաֆֆի Հովհաննիսյանն է, քանի որ ժողովուրդը նրան է ընտրել:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկության երկրորդ մասն իր մեջ ներառում է մի քանի կետեր. «1) արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, իսկ մինչև դա` մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում, 2) առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում, 3) Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի ազատում աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները, 4) Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում՝ մարզպետների, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության, 5) Կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց` ա) ՀՀ դատախազություն, բ) Հարկային և մաքսային պետական ծառայություն, գ) Ազգային անվտանգության ծառայություն, դ) Արտգործնախարարություն, ե) Կրթության և գիտության նախարարություն, զ) ԱԺ վերահսկիչ պալատ, է) Արդարադատության խորհուրդ, ը) Հակակոռուպցիոն հանձնաժողով»:
Անդրադառնալով վերոհիշյալ կետերին` Ս. Գիմիշյանն ասաց, որ միայն 100 տոկոս համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արդեն քաղաքական լուծում է: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հասնի մեկ խնդրի լուծման` արտահերթ խորհրդարանական ընտրությունների` 100 տոկոս համամասնական ընտրակարգով, և մինչև ընտրությունների ավարտն ընդամենը մեկ պաշտոնյայի խնդիր դնի, ասենք, Ներքին գործերի նախարարի, որպեսզի փոխադարձ վստահելի, առավելագույնը մաքուր ընտրություն լինի, ապա դա արդեն կհամարեմ մեծագույն ձեռքբերում»,- ասաց Գիմիշյանը: Վերջինս ավելացրեց, որ անհնարին է համարում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, քանի որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ արդեն չի կարող առաջադրվել, և «չի ընտրվել, որ հիմա հրաժարական տա ու գնա»:
Ըստ Հայ ազգային կոնգրես նախկին դաշինքի ներկայացուցչի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի համաձայնության կայացումը կբերի հասարակության բոլոր թևերի համախմբմանը, որին, ըստ նրա, ձգտում են և՛ Ս. Սարգսյանը, և՛ Ր. Հովհաննիսյանը: «Սա կլինի փայլուն լուծում, բայց ես փոքր-ինչ քիչ հավանական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը գնա այս լուծմանը, չնայած չեմ էլ բացառում, գուցե ելնելով երկրի շահերից` Սերժ Սարգսյանը, որպես ազգասեր և մեր երկիրը սիրող մարդ, հասկանալով, որ այլ ճանապարհ չկա, գնա այդ քայլին: Բայց դա քիչ հավանական եմ համարում, որովհետև այն շրջապատը, որն ունի իշխանությունը, ամեն դեպքում ունի ազդեցություն: Սերժ Սարգսյանի այդ նույն շրջապատի մի մասն ընտրությունների ժամանակ որոշակի քայլեր արեց, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չլինի (միշտ էլ նախագահի շրջապատի մի մասը ձգտում է այնպես անել, որ նախագահը խոցելի լինի, հակառակ դեպքում ինքն ավելի անկախ ու վճռական է դառնում): Եթե այսպես լինի՝ շատ լավ է: Բայց ժողովրդի և ընդդիմության գլխավոր նպատակը պետք է լինի այն, որ այս պայքարը գոնե մի փոքր արդյունք տա, որպեսզի 4 կամ 5 տարի հետո մենք նույնպիսի ընտրություններ չունենանք ու նույնպիսի խնդիրների առջև չկանգնենք: Գոնե քայլ առ քայլ գնանք առաջ, որովհետև այլընտրանքը, ինչպես նշեցի, ժողովրդի համախմբումը, փողոց հանելը և գնալ քշելն է,- նշեց Գիմիշյանը,- Եվ իշխանությունը պետք է մտածի, որ չհասցնի ժողովրդին, ոչ թե ընդդիմությանը, որովհետև ժողովուրդը վատ է ապրում և նա միշտ էլ կգտնի ընդդիմություն, ում առաջնորդությամբ կգնա առաջ: Գլխավոր խնդիրը ընդդիմությունը չէ, ժողովուրդն է, ժողովրդի վատ վիճակը»:
Իսկ մեր հարցին, թե կառավարությունում Հովհաննիսյանի ներկայացրած անձանց լծակներ տրամադրելը կարելի՞ է դիտել Սերժ Սարգսյանի կողմից նոր կառավարության ձևավորման անհրաժեշտության համատեքստում, Գիմիշյանը պատասխանեց. «Գիտեք, ընդհանրապես զուտ պաշտոնյաների միջոցով խնդիր լուծելն ինձ համար քաղաքական լուծում չէ: Պաշտոնյաների քանակը պիտի համապատասխանի քո ներկայացվածությանը պառլամենտում: Եթե դու պառլամենտում ունես 5 տոկոս, իսկ կառավարությունում նույնիսկ պորտֆելների մեծամասնությունը տան, այդ մեծամասնությունը չի կարող ոչինչ անել, եթե պառլամենտում չունես համապատասխան աջակցություն, և եթե վարչապետը, ով ստորագրում է որոշումները, քոնը չէ: Իսկ եթե խորհրդարանում ունես 20 տոկոս և այդ 20 տոկոսին համապատասխան մտնում ես կոալիցիայի մեջ և ստանում ես պորտֆելներ, դա ավելի ազդեցիկ է, քան 5 տոկոսով կառավարության կազմում նախարարների մեծամասնություն ունենալը: Այսօրվա գործող պաշտոնյան էլ ստիպված գործում է այնպես, ինչպես իրեն թելադրում է համակարգը: Անունը փոխելով` շատ բան չի փոխվում: Իհարկե, անձից շատ բան է կախված, եթե շիտակ, մաքուր գործիչ է, բայց նա շատ արագ հակասության մեջ կմտնի ամբողջ համակարգի հետ, չի ստացվի: Ես չեմ հավատում, որ անհատը, չունենալով քաղաքական աջակցություն և հիմք, հայտնվելով կառավարությունում, կարող է շատ բան անել»:
Իսկ խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանին ուղարկված Սերժ Սարգսյանի պատասխան նամակի մասին՝ Սոս Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ դրանով Սերժ Սարգսյանը փաստացի համաձայնել է գնալ զիջումների, այսինքն` անհնարին չի տեսնում զիջումներ կատարելը:
Նշենք, որ իր նամակում ՀՀ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին` նախագահական նստավայրում իրենց հանդիպման ժամանակ իր առաջարկությունը վերջապես ընդունելու և մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար` միաժամանակ նշելով, որ Հովհաննիսյանի առաջարկներն ուղղակիորեն հակասում են գործող սահմանադրական կարգավորումներին:
Սերժ Սարգսյանի նամակի մասին զրուցեցինք նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ, ով իր հերթին, լինելով հիվանդանոցում, քաղաքական ճգնաժամի լուծման համար ֆեյսբուքյան հայտարարության միջոցով հանդես էր եկել առաջարկությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Պարույր Հայրիկյանը Ս. Սարգսյանի նամակն անվանեց «շատ բարեկիրթ», սակայն` «քաղաքագետի համար ջախջախիչ»: «Երբ ասում են՝ «շատ հում առաջարկ», «սահմանադրական պատկերացումներից հեռու», դա շատ բարեկիրթ զգաստացման կոչ է»,- ասաց Հայրիկյանը` ավելացնելով, որ ամբողջովին ծանոթ չէ նամակի տեքստին և պիտի այն կարդա` վերջնական կարծիք հայտնելու համար, սակայն նախնական տպավորությամբ` դրանում կա երկխոսություն սկսելու լուրջ առաջարկ:

Տեսանյութեր

Լրահոս