Բաժիններ՝

Միակ ելքը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Եվ այսպես, իշխանության և ընդդիմության միջև սկսվում է երկխոսության նման մի բան: Ընդհանուր առմամբ, դա դրական երևույթ է: Հիշեցնեմ, որ ես կողմ էի նաև 2011 թվականի ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը՝ ոչինչ, որ այն ոչ մի արդյունքի չբերեց:

Ես անվերապահորեն կողմ կլինեի նաև 2012 թվականի ՀԱԿ-ԲՀԿ երկխոսությանը, եթե պարզ լիներ դրա օրակարգը: Բայց քանի որ օրակարգը, նույնիսկ ընդհանուր գծերով, չէր բացահայտվում, դա կասկածների տեղիք էր տալիս: Ես, օրինակ, կասկածում էի, որ այդ երկխոսության (կամ համագործակցության) արդյունքում կարող է կրկին իշխանության գալ Ռոբերտ Քոչարյանը, սակայն այդ, ինձ համար ամենատհաճ սցենարը, առայժմ, համենայնդեպս, չիրականացավ:

Ասածս այն է, որ երկխոսության խորհրդապահության հարցում չարժե ընկնել ծայրահեղությունների մեջ: Գուցե տեղին չէ փոխանակվել բաց նամակներով, ինչպես որ դա անում են ներկայիս երկխոսողները՝ այդ դեպքում երկու կողմից էլ անխուսափելի են PR-ի տարրերը: Բայց պետք չէ նաև այն աստիճանի մշուշապատել բանակցությունները գերգաղտնիության շղարշով, որ «չուզողները» կարողանան դրա վերաբերյալ ինչ ասես՝ մոգոնել, իսկ «ուզողները» սկսեն կասկածել:

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը, անկախ իր ձևական թերություններից, պետք է խրախուսել: Իհարկե, հնարավոր չէ չարձանագրել բանակցողների թերի կողմերը: Իշխանությունը, ՀՀԿ-ն և այդ կուսակցության առաջնորդը խոստացել էին աննախադեպ ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ, սակայն ընտրությունների օրը և մանավանդ երեկոյան «ստացվել է ինչպես միշտ»: Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբում ասել է, որ Ազատության հրապարակում չի լինի ոչ մի տառապանք և հացադուլ, իսկ հետո նստել է հացադուլի: Նա սկզբում սպառնացել է նախագահին, որ վերջինս կերդվի իր դիակի վրայով, իսկ այնուհետև մտել է քաղաքական երկխոսության մեջ՝ չբացառելով, որ Սերժ Սարգսյանը 5 տարի զբաղեցնելու է իր աթոռը:

Բայց հիմա ցանկալի է ոչ թե սրել հակասությունները, ոչ թե կշտամբել կողմերին, այլ հակառակը՝ չվարկաբեկել, չհեգնել երկխոսությունը և դրանով բացասական իմաստով «թասիբի չգցել» դրա մասնակիցներին:

Առայժմ պարզ չէ, թե ինչով կարող են ավարտվել բանակցությունները, փոխարենը կարելի է վստահաբար ասել, թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ և իրենց շրջապատող «բազեների» հորդորով ցուցաբերեն «վճռականություն»: Ընդդիմադիր շարժումը կմարի ճիշտ այնպես, ինչպես դա եղավ նախորդ շարժումների հետ, հասարակության մեջ կտիրի ավելի մեծ հուսահատություն, քան կար ընտրություններից առաջ, և որևէ ոլորտում փոփոխությունների հույս մոտակա ժամանակներս չի լինելու:

Այդպես կլինի, կրկնեմ, եթե կողմերն անզիջում դիրք զբաղեցնեն, որովհետև այդպես է վերջանում ցանկացած առավելապաշտություն:

Որ նման ելքը ձեռնտու չէ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ակնհայտ է: Բայց դա նույնքան կդժվարացնի նաև Սերժ Սարգսյանի կյանքը, որովհետև նախագահն այդպիսով ամբողջությամբ կախված կլինի «ձայներ բերող տղաներից»:

Այնպես որ՝ բանակցությունները և դրանց արդյունքում ծնված փոխզիջումը միակ արդյունավետ ելքն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս