Տոտո. «Տարիներ շարունակ ավանակ նկարելու իրավունք չունեի, հիմա սկսել եմ նկարել»
«Երգիծանկարչությունը միշտ կապել են ծաղրանկարչության հետ. «ծաղր» բառը մեզ համար, չգիտես՝ ինչո՞ւ, վիրավորական է։ Երգիծանկարչությունը շատ խորն արմատներ ունի, կարող ենք ասել, որ այն եղել է նույնիսկ քարի դարում։ Որպես արվեստ` այն կայացել է թերթի շնորհիվ։ Եթե կա թերթ, մամուլ, կա նաև երգիծանկարչություն»,- 168.am-ի հետ զրույցում ասում է քաղաքական երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը (նույն ինքը՝ Տոտոն)։
– Տոտո, ներկայիս ներքաղաքական իրավիճակը երգիծանկարների միջոցով արտահայտե՞լ եք։
– Այո, շատ։ Երգիծանկարիչները մարդկանց, քաղաքական գործիչներին կարող են հեշտությամբ գրգռել, բայց այստեղ մի նրբություն կա, պետք է պատասխանել «իսկ սրանից հետո ի՞նչ է լինելու» հարցին։
Երգիծանկարիչներն իրականությունն են արտացոլում և փորձում են դեղատոմս առաջարկել։ Հիվանդին բուժելու ամենալավ տարբերակը նրան ասելն է, թե ինչով է նա հիվանդ։ Երգիծանկարչությունը քաղաքականության մեջ պետք է լավ դիագնոստիկա ունենա, այսինքն` քաղաքական գործիչներին կամ քաղաքական երևույթները ոչ թե պետք է վարկաբեկի, ստորացնի, այլ փորձի դեղատոմս առաջարկել, պարզաբանել հիվանդության պատճառները։
Շատերի, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար անակնկալ էր, որ նա այդքան ձայն հավաքեց։ Այս առթիվ մի երգիծանկար եմ նկարել, որում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը պետքարանում լվացվում են։ Գործող նախագահը հայելու մեջ տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքը, իսկ վերջինս` Սերժ Սարգսյանի ծոծրակը։
Ծանոթ արվեստագետներից մեկն ինձ հարցրեց, թե ինչպիսի՞ նախագահ կուզենամ ունենալ: Պատասխանեցի, որ շատ լավ նախագահ չէի ցանկանա ունենալ, քանի որ, եթե մենք նրան չխփենք, ուրիշները կխփեն (ժպտում է.- Գ.Ա.)։ Ինձ թվում է` լավ նախագահ ունենալու ժամանակը չէ։ Մենք ունենք այն, ինչ ունենք, միգուցե սա է ամենաճիշտ ճանապարհը։
– Ձեր երգիծանկարներում հիմնականում տղամարդիկ են, ինչո՞ւ կանանց չեք անդրադառնում։
– Ես տղամարդուն ավելի շատ եմ հասկանում, կինն ինձ համար միշտ գաղտնիք է եղել, քանի որ մեր ողջ գերդաստանում բոլորը տղամարդիկ են, կարծես ֆուտբոլի թիմ լինենք (ժպտում է.- Գ.Ա.)։ Եթե ես այլ շրջապատում ծնված լինեի, միգուցե կանանց ավելի լավ ճանաչեի։ Ինձ համար հեշտ է տղամարդկանց հասկանալ, նկարել։ Բացի այդ` կինն այնքան գեղեցիկ է, ինչպե՞ս կարող ես նրան երգիծանկարել։ Կնոջը պետք է միշտ գովերգել, ծաղիկներ նվիրել, սեր բացատրել։
– Երգիծանկարների պատճառով երբևէ խնդիրներ ունեցե՞լ եք։
– Այո, ինձ ծեծել են, երկու անգամ փակել են։ Բաբկեն Արարքցյանը հումորի զգացում չուներ, ամեն ինչ իրեն վիրավորական էր թվում, իսկ օրինակ` Վանո Սիրադեղյանը երգիծանկարներից չէր նեղանում, Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծաղրանկարներն ընդհանրապես չէր նայում, Ռոբերտ Քոչարյանն էլ չէր սիրում, երբ ես ավանակ էի նկարում։ Տարիներ շարունակ ավանակ նկարելու իրավունք չունեի, հիմա սկսել եմ նկարել (ժպտում է.- Գ.Ա.)։
Շատերը կարծում էին, թե իմ երգիծանկարները ենթատեքստ են պարունակում, բայց ես ոչ մեկին վիրավորելու մտադրություն չեմ ունեցել։ Երգիծանկարչությունը նման է բարակ պարանի վրա քայլելուն. մի փոքր՝ աջ, մի փոքր՝ ձախ, և կարող ես ընկնել։ Պետք է պարանի վրա ճիշտ քայլել։
– Քաղաքական գործիչներն ինչպիսի՞ , այսպես ասած, սայթաքումներ պետք է անեն, որ անդրադառնաք նրանց։
– Հնարավոր է, որ քաղաքական գործիչը որևէ սայթաքում անի, և բոլոր լրագրողները սկսեն սրա մասին գրել։ Ես երբեք սրան չեմ անդրադառնա, ինձ համար կարևոր են այդ խնդրի արմատները, գլոբալ հարցերը։ Ինձ համար շատ կարևոր է, որ ասելիքի, հումորի մեջ բարություն լինի։