Իշխանությունը կարող է կատարել Րաֆֆիի պահանջները
Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված պահանջներն իշխանության կողմից, մեղմ ասած, կոշտ արձագանքի չարժանացան: Իհարկե, որևէ հանրապետական ուղիղ չի հայտարարել, որ իշխանությունը պատրաստ է անհապաղ ընդունել «Ժառանգության» առաջնորդի առաջարկները, սակայն դատելով ՀՀԿ-ականների առաջին արձագանքներից՝ այդ պահանջները ոչ միայն չեն վրդովեցրել իշխանությանը, այլ գուցե անգամ ոգևորության զգացումներ են առաջացրել:
Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը ռոմանտիզմի, ընդամենը հայտարարությունների դաշտից տեղափոխվեց մի փոքր իրատեսական դաշտ»: Ավելին՝ ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մի մասը կարող է քննարկման առարկա դառնալ:
«Արտահերթ նախագահական ընտրությունների ոչ նախադրյալները, ոչ էլ իրավական հիմքն այլևս չկան: Մենք իրավական պետություն ենք, ընտրությունները կայացած են, կա Սահմանադրական դատարանի որոշում նաև այս պարագայում: Կարծում եմ` այս խնդրին անդրադառնալը մի փոքր տեղին չէ և կարող է դառնալ ընդամենը շահարկման թեմա: Պաշտոնների նշանակելը, սակայն, կարծում եմ՝ քննարկելու խնդիր է, և երկրի նախագահի լիազորությունների շրջանակում է: Դրանք և իրատեսական են, և այս փուլում կարելի է առաջին փոքրիկ, բայց առաջընթացը գրանցել»,- հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը՝ ավելացնելով, որ սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկները ևս ընդունելի են: Ձևով տարբերվող, սակայն բովանդակությամբ գրեթե նմանատիպ հայտարարություններ արել են այլ ՀՀԿ-ականներ ևս: Ակնհայտ է, որ Հովհաննես Սահակյանը և ՀՀԿ-ի անունից հրապարակավ խոսելու լիազորություն ունեցող այլ կուսակցականներ նման կարևոր հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելուց առաջ չէին կարող իրենց ասելիքը չհամաձայնեցնել ղեկավարության հետ: Ճիշտ հակառակը՝ ավելի հավանական է, որ հենց նրանց միջոցով իշխանությունը փոխանցում է իր նախնական պատասխանը, որի իմաստը հետևյալն է. «ընդհանուր առմամբ՝ պահանջներն ընդունելի են, բայց դետալների շուրջ՝ նստենք-խոսենք»:
Իշխանության նմանատիպ արձագանքը հասկանալի է. բոլոր հռետորաբանական շեղումներով հանդերձ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի հայտարարություն, որը եղել է Հայաստանի բոլոր իշխանությունների երազանքը. Րաֆֆին ասել է. «Գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ` եթե ուզում եք շարունակել՝ որպես դե ֆակտո նախագահ, նաև այդ հնարավորությունը պիտի տամ Ձեզ»: 1996 թվականին և դրանից հետո կայացած որևէ ընտրությունից հետո ընդդիմադիր թեկնածուի շուրթերից չեն հնչել իշխանության թեկնածուի «դե ֆակտո նախագահությունը» ճանաչելու մասին հայտարարություններ: Րաֆֆի Հովհաննիսյանի շուրթերից հնչեցին: Իշխանությունը, բնականաբար, սա համարում է իր համար լուրջ հաջողություն, հետևաբար պարտություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Ու բացառված չէ, որ դրա դիմաց պատրաստ լինի որոշակի քայլեր կատարել, որոնք Րաֆֆին կկարողանա ներկայացնել՝ որպես իր պահանջների կատարում:
«Թույլը երբեք ուժեղից բան չի պահանջում, նստում հետը բանակցում ա»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերը նա «թույլ» է որակում՝ հատկապես երեկվա հայտարարություններից հետո:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն իշխանության համար կարող են օգտագործվել նաև այլ տեսանկյունից: Չնայած կառավարության աշխատանքից գոհ լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, պարզ է, որ նախագահական ընտրություններից հետո նա, այսպես թե այնպես, որոշակի կադրային փոփոխություններ պետք է կատարի՝ գոնե արտաքին աշխարհի համար: Րաֆֆիի առաջարկներն այդ իմաստով լավ առիթ են՝ «նոր մարդկանց» նշանակելու համար, ինչը միաժամանակ հնարավոր կլինի ներկայացնել՝ որպես ընդդիմությանն ընդառաջ գնալու քայլ և ներքաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծում:
Իհարկե, հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանն առանցքային պաշտոններում նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած մարդկանց և դրանից շահած դուրս գալ: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է գտնել ևս մեկ հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ մեխանիզմով են որոշվելու Րաֆֆիի ներկայացրած մարդկանց անունները: Այդ հարցին, իհարկե, այս պահին դժվար է ամբողջությամբ պատասխանել, բայց, քանի որ նման նախադեպ գոյություն ունի, կարելի է որոշակի ենթադրություններ անել:
Խոսքը, մասնավորապես, 2012 թվականի ընտրություններում «Ժառանգության» համամասնական ցուցակի մասին է: Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջնային տեղերում հայտնվեցին մարդիկ, որոնց մի մասի անուններն անուղղակիորեն էին կապվում իշխանության հետ, իսկ ոմանք նույնիսկ չէին թաքցնում դա: Նման ամենավառ օրինակը ներկայումս արդեն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն է, ով չէր թաքցնում, որ ոչ միայն տարբեր ձևաչափերով աշխատել է նախագահի աշխատակազմի հետ, այլև շատ մտերիմ հարաբերություններ ունի իշխանության ամենաառանցքային անդամներից ոմանց հետ: Խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո շատ էր խոսվում, որ Թևան Պողոսյանը «Ժառանգության» ցուցակում հայտնվել էր իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում, ավելին՝ նրա՝ ցուցակում ընդգրկվելը համարվել էր նախապայման՝ «Ժառանգությանն» ԱԺ անցկացնելու համար: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելը շատերը պայմանավորում էին հենց Թևան Պողոսյանին պատգամավոր դարձնելու պարտավորությունը կատարելու հանգամանքով:
Այս նախադեպը հիմք է տալիս ենթադրելու, որ Րաֆֆիի առաջարկները կարող են ընդունվել իշխանության կողմից՝ պայմանով, որ նա անուններ ներկայացնելիս «կխորհրդակցի» համապատասխան շրջանակների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց ընտրության հարցում, ինչպես հայտնի է, կարևորում է առաջին հերթին՝ «քաղաքացիականությունը», և ընտրություն է կատարում այդ սկզբունքով: Իսկ «քաղաքացիական հասարակությունը» Հայաստանում սարսափելի տարողունակ է ու բազմաշերտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դիցուք, գլխավոր դատախազի կամ արտգործնախարարի պաշտոնների համար կարող է տալ անուններ, որոնք լայն հանրությանը ոչինչ չեն ասի, բացառությամբ նրա, որ ներկայացնում են «քաղաքացիական հասարակությունը»: Իշխանությունն էլ, որ հայտարարությունների ու ստվերային գործողությունների մակարդակում «քաղաքացիականությունը» կարևորում է ոչ պակաս, քան Րաֆֆի Հովհաննիսյանը, կարող է ընդունել այդ առաջարկները՝ դրանք ներկայացնելով՝ որպես պետական կառավարման համակարգի «նոու-հաու», քաղաքացիական միավորների ներկայացուցիչներին առանցքային պաշտոններում նշանակելու աննախադեպ ու համարձակ քայլ:
Կա ևս մեկ կարևոր նրբերանգ:
Րաֆֆի Հովհաննիսյանի թվարկած պաշտոնների թվում շատ են այն պաշտոնները, որոնք զբաղեցնողների մի մասին Ս. Սարգսյանը, այսպես թե այնպես, փոխելու է: Խոսքը, մասնավորապես, ԱԱԾ ղեկավարի, Գլխավոր դատախազի, ԿԳ նախարարի և մի քանի այլ պաշտոնյաների մասին է: Օրինակ՝ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը ոչ միայն թոշակի տարիքի է, այլև առողջական խնդիրներ ունի և, ինչպես բազմիցս է գրվել մամուլում, ցանկանում է թողնել պաշտոնը: Գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է առաջիկայում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին ևս համառորեն լուրեր են շրջանառվում: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջած 5 մարզպետներից առնվազն 4-ին անձամբ Սերժ Սարգսյանն է ցանկանում փոխել և սպասում է հարմար պահի:
Նույն տրամաբանությամբ, մեղմ ասած, տարակուսելի է այն պաշտոնների ցանկը, որոնք չպահանջեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ու դրանք, զարմանալի զուգադիպությամբ, համընկնում են այն պաշտոնյաների հետ, որոնք, ըստ քաղաքական շրջանակներում տարածված խոսակցությունների՝ Ս. Սարգսյանը մտադիր չէ փոխել, լավագույն դեպքում՝ կարող է տեղափոխել դրանք զբաղեցնող անձանց: Խոսքն, առաջին հերթին, վարչապետի պաշտոնի մասին է: Իր վերջին ասուլիսում Ս. Սարգսյանն ավելի քան հստակ հասկացրեց, որ Տիգրան Սարգսյանին առնվազն մոտ ապագայում պաշտոնանկ չի անելու: Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ևս մնալու է պետական կառավարման համակարգում. նա կամ կշարունակի պաշտոնավարել ներկայիս պաշտոնում, կամ, ինչպես բազմիցս է գրվել, կնշանակվի փոխվարչապետ:
Նույնը վերաբերում է նաև Ոստիկանությանը. Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս, ըստ իշխանական շրջանակներում տարածված լուրերի՝ կամ կշարունակի պաշտոնավարել, կամ կնշանակվի պաշտպանության նախարար: 168.am-ի տեղեկություններով, իր պաշտոնում է մնալու նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում բարեկամաբար Հրայր անվանելով՝ իր հանրահավաքային ելույթում հանդիմանում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, և ում զբաղեցրած պաշտոնը ևս, սակայն, չպահանջեց Ս. Սարգսյանից: Մի խոսքով, Ր. Հովհաննիսյանը չի պահանջել այն պաշտոնները, որոնք զբաղեցնողները գոնե քաղաքական կուլիսներում և մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ շարունակելու են պաշտոնավարել:
Ասվածից, իհարկե, ուղղակիորեն չի բխում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանության հետ նախապես համաձայնեցրել է իր պահանջները: Բայց չի կարելի նաև չհիշել, որ քաղաքականության մեջ պատահականություններ, այն էլ՝ նման սկզբունքային հարցերում, չեն լինում: Հակառակը՝ տեղին է հիշել մեկ այլ՝ աքսիոմատիկ արտահայտություն այն մասին, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Զարմանալի պատահականությամբ, դա նաև Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսն էր: Այնպես որ, ամեն ինչ՝ ՀՆԱՐԱՎՈՐ է: