«Սիրելի Րաֆֆի, ստացա Ձեր նամակը…»

Կամ` «Խա՞չ, թե՞ իքս». ի՞նչ կդնի Սերժ Սարգսյանը նամակի տակ

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի որոշումն ընկալվեց իբրև ատրճանակի վերջին պարկուճ, հուսահատ քայլ: Սերժ Սարգսյանն էլ, լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ, Ազատության հրապարակ գնալու և հացադուլավոր թեկնածուի հետ խոսելու հիմք չէր տեսնում. «Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած, 8 օր սոված մնացած մարդու հետ»:

Երեկ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկները, սակայն, վկայեցին, որ կամավոր քաղցն այս դեպքում ամենևին էլ վատ խորհրդատու չէ: Եվ ոչ էլ աշխարհի վրա դառնանալու պատճառ:

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները` Սերժ Սարգսյանին, դժվար է համարել համագործակցության կամ կոալիցիա կազմելու առաջարկ, քանի որ ի սկզբանե արդեն ասված է մեկ նախադասություն, որը դժվար է մոռանալ: Եվ որով պայմանավորվում է առաջարկությունների հարուստ ցանկը. «Գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ` եթե ուզում եք շարունակել որպես դե ֆակտո նախագահ, նաև այդ հնարավորությունը պիտի տամ Ձեզ»:

Այս մտքից հետո նախագահական արտահերթ ընտրությունների մասին առաջարկն ավելի շուտ խորհրդանշական երանգ ունի: Հատկապես որ, Սերժ Սարգսյանի պատասխանն այս հարցին արդեն գիտենք` «ո՛չ»:

Հաջորդ պահանջը` խորհրդարանական նոր ընտրություններ` մինչև տարվա վերջ: Րաֆֆի Հովհաննիսյանի այս առաջարկին Սերժ Սարգսյանի պատասխանը ևս արդեն հայտնի է` «ո՛չ»: Փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում»` անցնելով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Իշխանությունների վերաբերմունքն այս հարցում ևս ծանոթ «ո՛չ»-ն է:

Սակայն քաղաքական պայքարում «ոչ»-ը ևս գին ունի: Հրապարակում քննարկման դրված` զուգահեռ իշխանության մասին զրույցները, որոնք այնքան էլ միանշանակ չէին ընդունվել, երեկվանից, փաստորեն, կորցրեցին իրենց հրատապությունը. Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց կոնկրետ լծակներ, կոնկրետ պաշտոններ և, հետևաբար, կոնկրետ պաշտոնանկություններ: Ոչ թե զուգահեռ, այլ կոնկրե՛տ իշխանություն: Պաշտոնանկ անել ամենակոռումպացվածի համբավ ունեցող` Ազգային անվտանգության ծառայության պետին, Հարկային և մաքսային պետական ծառայության պետին, ՀՀ Գլխավոր դատախազին, արտգործնախարարին, Կրթության և գիտության նախարարին, վերանայել Հակակոռուպցիոն հանձնաժողովի, Վերստուգիչ պալատի և Արդարադատության խորհրդի կազմերը: Ի դեպ, վերջինիս գործառույթը խիստ կարևոր է` նշանակել դատավորներին:

Հինգ մարզպետների պաշտոնանկությունը, հատկապես, երբ երեկ արդեն տարածվեց չորսի պաշտոնանկության լուրը, այնքան էլ անհավանական չի թվում: Սակայն նրանց, ընտրակեղծարարության մեջ մեղադրվող գյուղապետերին և, առհասարակ, բոլոր ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու առաջարկը հասկանալի է, սակայն` ոչ իրատեսական:

Սերժ Սարգսյանն ինքն էլ գիտի, որ ընտրություններին ընտրակաշառք բաժանվել է: Ընդ որում, բաժանվել են Հանրապետական կուսակցության «կասսայի» փողերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս ինքը նկատեց. «Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեև աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է»: Ընտրակաշառք վերցնողներին նա որակեց` որպես «ամենազզվելի բանն աշխարհում», կաշառք բաժանողների մասին լռեց: Պատժել այդ մարդկանց, նշանակում է` պատժել սեփական թիմին` իր վերընտրությունն ամեն գնով կազմակերպելու համար: Այս քայլին Սերժ Սարգսյանը դժվար թե գնա: Հատկապես որ, ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների նախնական տվյալները լսելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանն այդ մարդկանց, այսինքն` իր թիմին, իր երախտագիտությունն է հայտնել:

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նախագահությունն ընդունելու համար կադրային աննախադեպ փոփոխություններ է առաջարկում: Ընդ որում, պայման է դրվում, որ նրանց փոխարինող կադրերի նշանակման հետ Սերժ Սարգսյանն անմիջական կապ չպետք է ունենա:

Թե ինչպե՞ս պետք է ընտրվեն այդ կադրերը, որոնց անունները հնչեցվելու են Րաֆֆի Հովհաննիսյանի շուրթերից, չասվեց: Թեև բոլոր հիմքերը կան` ենթադրելու, որ Սերժ Սարգսյանն անկյունաքարային այս պաշտոնները կամ Արդարադատության խորհուրդն ընդդիմությանը դժվար զիջի: Ինչ վերաբերում է վերոնշյալ պաշտոնյաներին, ապա նախադեպերը ցույց են տալիս, որ այդ մարդիկ Սերժ Սարգսյանի համար թանկ են և անձեռնմխելի:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ուղղակի կասկածի տակ առավ Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների մեծ տոկոսը` ներկայացնելով իր հաշվարկը` Ազատության հրապարակում սովորաբար 3000 մարդ է հավաքվում: Անգամ համեստ տեսողությամբ մեկի համար ակնհայտ էր` երեկ հանրահավաքի մասնակիցների թիվը գերազանցում էր 3000-ը:

Եվ բոլոր այդ մարդիկ ու նրանք, ովքեր հանրահավաքին չէին մասնակցում, սակայն քվեարկել են իշխանությունների դեմ, սպասում են նախևառաջ բարոյական մթնոլորտի և արժեքների փոփոխության: Իսկ թե ի՞նչ գնով է դա հնարավոր և հնարավո՞ր է արդյոք, հասկանալի կլինի` ստանալով Սերժ Սարգսյանի պատասխան նամակը: Այն կա՛մ գրված կլինի նամակագրության ժանրի կանոններով, որն ակնկալում է այսպիսի սկիզբ.

«Սիրելի Րաֆֆի, ստացա Ձեր նամակը…», կա՛մ նամակը կվերադարձվի: Եվ այստեղ խիստ էական կլինի` վրան «խա՞չ» է քաշված, թե՞ «իքս» է դրված…

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս