Բաժիններ՝

Գագիկ Ջհանգիրյանի գործը կվերաբացվի, եթե ճանաչվի խտրականության փաստը

Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի քրեական հետապնդման, ձերբակալության, կալանավորման և դատապարտման հարցում ճանաչի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելում, խախտում, ապա նրա դեմ քրեական գործը պետք է վերաբացվի՝ նոր հանգամանքի հիմքով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գ.Ջհանգիրյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը:

Գագիկ Ջհանգիրյանի գործով ՄԻԵԴ-ը հարց է ուղղել իշխանություններին՝ արդյոք դիմող Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը և դատապարտումը պայմանավորված են եղել նրա քաղաքական հայացքներով:

Արա Ղազարյանը կարևոր համարեց, որ վերջապես ՄԻԵԴ-ը նկատեց հիշյալ հոդվածը: «ՄԻԵԴ-ը միշտ շատ պասիվ, զգույշ է եղել, որպեսզի քաղաքականացված գործերում բարձրացնի նաև խտրականության հարցը»,- նկատեց Արա Ղազարյանը:

2009թ. մարտի 23-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը և դատապարտել 3 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ 23.02.2008թ. ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին Գ.Ջանգիրյանը՝ չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել է վարչության աշխատակից Արման Հարությունյանին պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը, այսինքն՝ Գ.Ջհանգիրյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականություններ կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանի գործով Եվրոպական դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը ՄԻԵԴ-ը միավորել է մեկ վարույթի շրջանակներում: Գանգատներում ներկայացված փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ.Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի առաջադրման, խափանման միջոց կալանքն ընտրելու ու հետագայում ժամկետների երկարաձգման, նրա հարազատների նկատմամբ հետապնդումներին, ինչպես նաև ըստ էության դատաքննության հանգամանքներին:

2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.

1. Արդյոք 23/02/2008թ.-ի ժամը 11:30-ից մինչև Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի կողմից 27/02/2008թ.-ին կալանքի մասին որոշում կայացնելու պահը դիմողին ազատությունից զրկելը օրինական էր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:

2. Արդյոք դիմողի ձերբակալումը հիմնված էր ողջամիտ կասկածի վրա առ այն, որ նա կատարել էր իրավախախտում՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:

3. Արդյոք դատարանները տրամադրել են «վերաբերելի» ու «բավարար» պատճառներ դիմողի կալանքի հիմքերը հիմնավորելու համար՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:

4. Արդյոք խախտվել է դիմողի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, արդյոք այն փաստը, որ դատաքննությունը նախագահող Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատավորի որդին հանդիսացել էր այն քննչական խմբի անդամը, որը կատարել էր դիմողի քրեական գործի նախաքննությունը, չէր բարձրացնում դատավորի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած:

5. Արդյոք դիմողի քրեական հետապնդումը և հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրել նրա ազատ արտահայտվելու իրավունքի և խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների հիմքով: Եթե այո, արդյոք նման միջամտությունը համապատասխանում է 10-րդ հոդվածի 2-րդ և 11-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներին:

6. Արդյոք քրեական հետապնդման ենթարկվելու և դատապարտվելու արդյունքում դիմողը չի հանդիսացել իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ՝ ի խախտումն Կոնվենցայի 14-րդ հոդվածի երաշխիքների:

Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված երրորդ գանգատը, որը վերաբերում էր դասային աստիճանից զրկելու և աշխատանքից հեռացնելու փաստերին, դեռ չի ծանուցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս