Բաժիններ՝

Բժիշկ Գրիգոր Սաղյան. Ապրած ու չապրած տարիներ

Բովանդակալից ու ողբերգական ճակատագիր ունեցավ հայ տաղանդաշատ բժիշկ Գրիգոր Սաղյանը (1880-1936): 1936-ին Խորհրդային Միության բոլոր անկյուններում ահագնացել էին բռնաճնշումները:

Անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն ապահովագրված չէին զարհուրելի դատավճիռներից: Հենց այդ 1936-ին, հուլիսի 9-ին, Թբիլիսիում, սպանվեց Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Ստալինի և Բերիայի մշակած սցենարով` այդ սպանությունը նենգափոխվեց` որպես ինքնասպանություն: Խանջյանի անձնական բժիշկը` 57-ամյա Գրիգոր Սաղյանը, այդպես էլ չստորագրեց «ինքնասպանության» եզրակացության տակ, որի համար շատ թանկ վճարեց: Խանջյանի հուղարկավորությունից օրեր անց Սաղյանին գնդակահարեցինգ

Գրիգոր Միքայելի Սաղյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 27-ին, Շուշի քաղաքում: Բաքվի ռեալական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բեռլինի և Ենայի համալսարանների բժշկական ֆակուլտետներում: Ավարտելուց հետո, 1904-ին, «Արյան պատկերը, մասնավորապես լեյկոցիտների փոփոխությունը պլևրիտի ժամանակ» թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել, որը Լայպցիգում հրատարակվել է գերմաներենով:

Աշխարհահռչակ թերապևտ Թ.Մաթենսը Սաղյանի այդ աշխատությունը համարել է անգնահատելի ներդրում բժշկագիտության մեջ:
1909-ին բժշկագիտության դոկտոր Սաղյանը, ով Բեռլինի մանկաբուժական ներքին տուբերկուլյոզային (պալարախտային) հիվանդությունների կլինիկաներում մեծ փորձառություն էր ձեռք բերել, տեղափոխվում է Բաքու և աշխատանքի անցնում հիվանդանոցներում: Այդ տարիներին Սաղյանը փորձում է օգտակար լինել նաև իր ծննդավայրին:

Ահա թե ինչու ամառային արձակուրդներին նա հաճախ այցելում էր Շուշի, տեղում և շրջակա գյուղերում բուժկայաններ հիմնում, բուժօգնություն ցույց տալիս դրա կարիքն ունեցող մարդկանց: Բաքվում աշխատած տարիներին Սաղյանի բնակարանը դարձել էր մի յուրահատուկ հանգրվան այստեղ ժամանած հայ գործիչների ու մտավորականների համար: Հատկանշական է, որ 1913 թ. Սիամանթոն Բաքու իր այցելության ընթացքում ծանոթացել է Գրիգոր Սաղյանին և մի քանի անգամ հյուրընկալվել նրա տանը: Բաքվում Սաղյանին վիճակված չէր երկար մնալ: 1914թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:

Գրիգոր Սաղյանը, որպես գլխավոր բժիշկ, ծառայության անցավ ցարական Ռուսաստանի բանակի հոսպիտալներում:
Իսկ Մեծ Եղեռնի տարիներին, խիստ մտահոգված ստեղծված ողբերգական իրավիճակից, Հայաստանի տարբեր վայրերում Սաղյանը կազմակերպել է որբանոցներ, որտեղ պատսպարվել են հազարավոր որբեր: Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) շրջանում, գալով Հայաստան, Գրիգոր Սաղյանը նշանակվում է որբանոցային գործերի գլխավոր լիազորի և Գաղթականների ու որբերի տեղավորման հանձնաժողովի նախագահ: 1921-ին, խորհրդային կարգերի հաստատումից հետո, նա տեղափոխվում է Դիլիջան և շարունակում պալարախտով հիվանդների բուժման գործը, այդտեղ էլ հիմնում է մանկական հակապալարախտային առաջին դիսպանսերը:

1920-ականների սկզբներին Վրաստանի կառավարությունը, տեղեկանալով, որ Հայաստանում Գրիգոր Սաղյանի պես բարձրակարգ և Եվրոպայում ուսանած մասնագետ կա, նրան հրավիրում է Վրաստան: 1923-1924 թթ. Գրիգոր Սաղյանը ստանձնում է Աբասթումանի հակապալարախտային առողջարանի տնօրենի պաշտոնը:

Ամեն պարագայում, Գրիգոր Սաղյանի բժշկական գործունեությունն անխզելիորեն կապված մնաց Դիլիջան քաղաքի հետ: Հայաստան վերադառնալուց հետո էլ նրա անմիջական նախաձեռնությամբ ու ակտիվ մասնակցությամբ Դիլիջանում կյանքի ուղեգիր են ստացել երկու առողջարաններ, շահագործման հանձնվել երկրորդ հակապալարախտային հիվանդանոցը, որն, ի դեպ, 1965-ից կրում է նրա անունը: Առողջարանային այդ քաղաքում իր կուտակած գիտելիքը Սաղյանն ամբողջացրեց 1934թ. Մոսկվայում ռուսերենով լույս տեսած «Դիլիջանը` որպես լեռնակլիմայական և ջրաբուժական առողջարան» 220 էջանոց մենագրության մեջ, որն արժեքավոր ներդրում է կլիմայաբուժության ոլորտում:

1928 թ. ամռանը ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկին որդու հետ Մոսկվայից գնացքով ժամանում է Հայաստան: Ղարաքիլիսա (ներկայիս` Վանաձոր) կայարանից նա իր ուղեկիցների հետ այցելում է Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկը` Դիլիջան, ապա Սևանով մեկնում Երևան: Դիլիջանը հիացնում է Գորկուն: Նա ծանոթանում է Գրիգոր Սաղյանին, երկար զրուցում նրա հետ, այցելում վերջինիս ղեկավարած առողջարանը:
Հետագայում, Երևանում աշխատած տարիներին Գրիգոր Սաղյանը կազմակերպում և ղեկավարում է հանրապետական հակապալարախտային դիսպանսերը, հակապալարախտային գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև` Նորքի մանկական առողջարանը: Վստահորեն կարելի է ասել, որ Գրիգոր Սաղյանը Հայաստանում տուբերկուլյոզի ծառայության կազմակերպիչն է:

Հետաքրքիր մանրամասներ կան նաև Գրիգոր Սաղյանի անձնական կյանքի էջերում: Հայտնի է, որ նա ամուսնացել է շուշեցի բարձրատոհմիկ ընտանիքում ծնված Սառայի հետ, ով այն տարիներին միակն էր շուշեցի կանանցից, որ բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում: Սառա Սաղյանը գերմաներեն բնագրից հայերեն է թարգմանել գերմանուհի գրող Աննա Զեգերսի «Մեռածները երիտասարդ են մնում» (Երևան, 1954) վեպը: Գրիգորը և Սառան երեք զավակ են ունեցել: Որդին` Արմիկը, 1914 թ. Աստրախանում մահացել է համաճարակից: Այդ օրերին Սաղյանը ծառայում էր բանակում: Լսելով մանկահասակ որդու մահվան լուրը` Գրիգոր Սաղյանի մազերը մեկ օրում լրիվ սպիտակել են: Նրանց դուստրերից Նինա Սաղյանը (1906-1993) ճանաչված դաշնակահարուհի էր, մանկավարժ, պրոֆեսոր: Երկար տարիներ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Մյուս դուստրը` Մարո Սաղյանը (1910-1974), ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը:

Ռուսերեն է թարգմանել Նար-Դոսի «Պայքարը», Խաչիկ Հրաչյանի «Ուրցի Մարան», Ստեփան Ալաջաջյանի «Անապատում» գործերը:
Հայտնի է, որ Գրիգոր Սաղյանը Թումանյանի կյանքի վերջին տարիներին Թիֆլիսում եղել է նրա բժիշկը: Այդ տարիներին Թումանյանի և Սաղյանի միջև հոգևոր ջերմ կապ է հաստատվել: Թումանյանը նրան է ձոնել հետևյալ քառյակները.

Հեյ Գրիշա, իմ լուսախպեր,
ալեկոծվեց կյանքն էսպես.
Ու նավաբեկ ու ցավագին հեռվից իրար բերավ մեզ,
Եկ վայելենք էս բախտն անկարծ աղետալի մեր կյանքում,
Քանի դեռ չենք պոկվել, բեկվել
նոր Հեռավոր հորձանքում:
օգոստոսի 12, 1922թ.:

– Էս է, որ կագ..ճիշտ ես ասում, թասըդ բեր:
– Էս էլ կերթա` հանց երազում,
թասըդ բեր:
Կյանքն հոսում է տիեզերքում
զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում,
թասըդ բեր:
օգոստոսի 14, 1922թ.:

1922 թ. վերջին Թումանյանին Թիֆլիսից տեղափոխում են Մոսկվա: Ինչպես վկայում է բանաստեղծի դուստրը` Նվարդ Թումանյանը. «1922 թվականի դեկտեմբերի 29-ին հասանք Մոսկվա: Դիմավորելու էին եկել բժիշկ Ասկարյանը, գրող Կարեն Միքայելյանը և տեղի գաղութից մի քանի հոգի` շտապ օգնության մեքենայով: Աշխենի, Արեգի և բժիշկ Սաղյանի ուղեկցությամբ հայրիկին կայարանից տարան Դևիչե պոլե` Սպիժառնոյի կլինիկան»: Մի քանի ամիս անց` 1923 թ. մարտի 23-ին, Մոսկվայում Թումանյանը վախճանվեց:

Պատահական չէ, որ Գրիգոր Սաղյանը մեծ սեր է ունեցել գրականության նկատմամբ, ինքն էլ ստեղծագործել է: Անձնական մտերմություն է ունեցել Զապել Եսայանի, Լեոյի, Ե.Չարենցի, Ավ.Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի հետ: Գրիգոր Սաղյանի բանաստեղծություններից մի քանիսն առաջին անգամ հրատարակվել են Լևոն Անանյանի «Բժիշկ Սաղյանի երեք կյանքը» (Երևան, 1984) գրքում:
ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս