«Հայաստանի քաղաքացիները «տուպիկի» առաջ կանգնեցրին թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը»
«Ես ափսոսում եմ, որ ինքը գնացել է այդ ծայրահեղ քայլին: Նշանակում է, որ մենք ունենք ծայրահեղ իրավիճակ, այսինքն՝ այնպես չէ, որ ամեն ինչ լավ է, և Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց հացադուլի: Կար լուծումների անհրաժեշտություն, որն այս դեպքում բերեց այդ ծայրահեղ տարբերակին», – մեզ հետ զրույցում ասաց «Empyray» խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը:
Նա նշեց, որ այցելել է հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն իր այցը որակեց ոչ թե աջակցություն Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ` նրա ղեկավարած շարժմանը: Սարգիս Մանուկյանի խոսքով, մեր երկրում պետք է որ անցած լինի արդեն կոնկրետ անձին աջակցելու ժամանակը, և կարծում է, որ այս հարցում Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետ համամիտ է: «Ես աջակցում եմ մեր երկրում առողջ զանգվածին չխեղդելու պրոցեսին: Եթե մարդիկ ունեն կարծիք և այդ կարծիքը բարձրաձայնելու կարողություն ոգի, ուրեմն` այդ նույն մարդիկ են վաղը արտաքին վտանգների դեպքում այս երկրի կողքին կանգնելու:
Մնացած այդ պատեհապաշտները, վախկոտները, որոնք ամեն րոպե խոսում են այն, ինչ իրենց է ձեռք տալիս, դրանք երկիր պահող չեն: Այս զանգվածին չարժե խեղճացնել: Ես ուղղակի աջակցում եմ Հայաստանում այն քաղաքացիական շարժմանը, ովքեր սիրում են իրենց երկիրը»,- ասաց ռոք երգիչը: Համեմատություն անցկացնելով 2008-ի և 2013-ի ընտրական իրավիճակների միջև՝ Սարգիս Մանուկյանը նշեց, թե համաձայն չէ այն տեսակետի հետ, թե նախորդ անգամ կար ատելության մթնոլորտ: «Ես չեմ մտածում, որ ատելության մթնոլորտը հարթակից էր տարածվում կամ հրապարակից: Եթե դա կար, դա հետևանք էր»,- նշեց Սարգիս Մանուկյանը:
Նրա համոզմամբ, այն, որ հասարակությունն այսօր ակտիվ է, հենց 2008-ի շարժման արդյունքն է: Սարգիս Մանուկյանը չի ընդունում նաև այն ձևակերպումները, թե այս անգամ հանդուրժողականության մթնոլորտ կա: Երգչի համոզմամբ, եթե երկրում կա անարդարություն, առողջ հասարակությունը չի կարող հանդուրժող լինել:
«Ես չեմ ուզում խորանալ մաթեմատիկական հաշվարկների մեջ՝ ինչքան կեղծեցին, ով կեղծեց: Եթե օդում կախված կա կեղծիքի բարձր տոկոսի կասկածը, ուրեմն երկրում հաստատ խնդիրներ կան: Թե ինչպես պետք է լուծվեն այդ խնդիրները, կարծում եմ, դա քաղաքական ուժերի պարտականությունն է: Ուղղակի կասեմ, որ այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվեցին նրանով, որ ավելի ակտիվ եղավ ետնընտրական շրջանը, քան նախընտրականը: Հայաստանի քաղաքացիները «տուպիկի» առաջ կանգնեցրին թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը:
Բոլորիս համար կանխատեսելի արդյունքը ընտրություններից սկսված` դրվեց կասկածի տակ»,- նշեց «Empyray» խմբի մենակատարը: Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ավելի շատ են կանգնում Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, քան 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, արդյո՞ք վախենում էին վերջինիս կտրուկ ձևակերպումներից, Սարգիս Մանուկյանը նշեց, որ այն ժամանակ գուցե մարդիկ վախենում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելով` քաղաքական դիրքորոշում չեն ցույց տալիս, բայց մյուս կողմից` նրա խոսքերով, կարևոր չէ, թե այդ դիրքորոշմանն ինչ «պիտակ» է տրվում:
«Եթե կա քաղաքական պահանջ, կարևոր չէ` քաղաքացիակա՞ն կբնորոշվի, թե՞ մեկ այլ անունով, բնորոշումները, որակումները երկրորդական են»,- ասաց Սարգիս Մանուկյանը: Թե ինչպիսի ետընտրական սցենարներ կարող են ուրվագծվել, նա դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ մի տարբերակ իր համար ցավալի կլինի: «Ես մի բանի համար եմ ցավում, որ հինգ տարին մեկ պրոցեսներ են տեղի ունենում, և գործընթացներն իրենց տրամաբանական հանգուցալուծումները չեն ստանում: Ամեն անգամ ետընտրական պրոցեսների հետևանքով մինչև մյուս ընտրությունները երկիրն ավելի արագ է դատարկվում:
Ես չեմ կարող լուծումներ առաջարկեմ, դա քաղաքական գործիչների և ուժերի գործն է, ես կարող եմ ասել՝ ինչ եմ տեսնում. եթե ժողովուրդը չփորձի դեր խաղալ այդ լուծումների մեջ, ուրեմն՝ քաղաքական գործիչները, անկախ ժողովրդից, կգան պայմանավորվածությունների, որը ժողովրդին ոչինչ չի տա: Այսինքն՝ այս դեպքում հասարակության գործոնը պետք է որոշիչ լինի` ինչքանով հասարակությունն ազդեցություն կունենա այն լուծումների վրա, որոնք կգտնեն քաղաքական ուժերը: Թե ինչ լուծում կգտնեն, ես չգիտեմ, բայց որ հարցի լուծում այս անգամ կլինի, ինչևոր «հոտ» գալիս է, թե դեպի ո՞ր կողմ, չգիտեմ: Ինձ համար կարևոր է, որ հերթական անգամ հասարակությունը չջարդվի»,- նշեց Սարգիս Մանուկյանը: Նա շեշտեց, որ եթե այս անգամ էլ պրոցեսները չհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը դրանից կվնասվի,այլ` իր իրավունքների համար պայքարող հասարակությունը:
«168 ԺԱՄ»