Ինչպես «Ժառանգությունը» ԲՀԿ-ին դարձրեց առանցք
«Ժառանգությունը» դեռևս պաշտոնապես չի հրապարակել այն ցուցակը, որով պատրաստվում է մասնակցել Երևանի խորհրդի ընտրություններին: Բայց արդեն կան որոշակի տեղեկատվական արտահոսքեր ցուցակի առնվազն առաջին եռյակի վերաբերյալ: Ըստ այդմ` ցուցակը պետք է գլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` ԲՀԿ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց նրա թեկնածությունն է առաջարկել որպես միասնական ցուցակի առաջին համար:
Այս առաջարկը Ծառուկյանին այնքան էլ ողջամիտ չի թվացել, որին ի պատասխան` նա հայտարարել է, որ միասնական ցուցակը կարող է կայանալ միայն ԲՀԿ առանցքի շուրջ: Ծառուկյանը հասկացրել է, որ իր կուսակցությունը չի կարող Արմեն Մարտիրոսյանի գլխավորած ցուցակով մասնակցել ընտրություններին:
Երկրորդ տեղում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բաշխյանն է, իսկ երրորդը կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Ստյոպա Սաֆարյանն է: Չնայած հնարավոր է, որ Ստոյպա Սաֆարյանի փոխարեն` երրորդ տեղում լինի հանրային սեկտորի որևէ ներկայացուցիչ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը չափազանց շատ է կարևորում ցուցակի «քաղաքացիականությունը»:
Նկատենք, որ այս երեք գործիչներն էլ նախորդ խորհրդարանում եղել են «Ժառանգություն» խմբակցության անդամներ:
2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ հրապարակվեց «Ժառանգության» համամասնական ցուցակը (որում ընդգրկվեցին նաև «Ազատ դեմոկրատների» և «հանրային սեկտորի» ներկայացուցիչներ), շատերի համար անսպասելի, այս ցուցակի առաջին տասնյակում «Ժառանգություն» խմբակցության գործող հինգ պատգամավորներից անցողիկ տեղ էր ստացել միայն Զարուհի Փոստանջյանը: Իսկ մյուսներին այնքան «վիրավորական» տեղեր էին տրվել, որ Լարիսա Ալավերդյանն ի նշան բողոքի` հայտարարեց, որ ինքը ցանկություն չունի լինել այդ ցուցակում: Դա կարող էր մի բացատրություն ունենալ. կուսակցության ղեկավարը դժգոհ էր նրանց խորհրդարանական գործունեությունից և այլևս մտադիր չէր նրանց խորհրդարան տանել:
Բայց պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց պահել է ռեզերվում, ավելի կարևոր առաքելության համար: Գուցե իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանը լավագույն կուսակցականներին պահել էր Երևանի խորհրդի ընտրությունների համար, համարելով, որ այդ ընտրություններն ավելի կարևոր են լինելու, քան նույնիսկ ԱԺ ընտրությունները:
Եթե իսկապես «Ժառանգության» ցուցակը գլխավորելու է Արմեն Մարտիրոսյանը, ապա պետք է ասել, որ դա լավագույն ընտրությունը չէ: Նախ Արմեն Մարտիրոսյանը ծագումով ապարանցի է, «Նիգ Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ: Ճիշտ է, Երևանի ընտրողների մեջ կան ապարանցիներ, բայց նրանց վրա շեշտադրում անելն այնքան էլ ճիշտ չէ:
Ավելի շուտ ապարանցի լինելը կդառնա Արմեն Մարտիրոսյանի միակ այցեքարտը, և հնարավոր է, որ նա աշխատի բացառապեց երևանաբնակ ապարանցիների ձայնը ստանալու վրա, որը բավարար չէ հաղթելու համար: Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են երևանցի և ուզում են, որ Երևանը ղեկավարի երևանցի քաղաքապետ, անհամեմատ շատ են: Երևանցի ընտրողը, եթե ընտրություն կատարեր Տարոն Մարգարյանի և Արմեն Մարտիրոսյանի միջև, ավելի մեծ հավանականությամբ իր ձայնը կտար Տարոն Մարգարյանին` մերժելով ոչ երևանցի քաղաքապետ ունենալու հեռանկարը:
Կարող են ասել, որ ի տարբերություն Տարոն Մարգարյանի` Արմեն Մարտիրոսյանը քաղաքական և հրապարակային գործիչ է: Բայց այդ իմաստով էլ նա անհամեմատ զիջում է ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանին, ՀԱԿ ցուցակի ամենահավանական առաջին համար Լևոն Զուրաբյանին կամ ՀՅԴ ցուցակի առաջին համարի հավակնորդ Արմեն Ռուստամյանին: Այն ընտրողը, ով քաղաքական ընտրություն է կատարելու, ավելի շուտ իր ձայնը կտա վերոնշյալ գործիչներից որևէ մեկին, քան Արմեն Մարտիրոսյանին:
Մյուս կարևոր հարցն այն է, թե ինչ եղան այն կուսակցական առաջնորդները, ովքեր միանալու են «Ժառանգությանը» և համատեղ են գնալու Երևանի խորհրդի ընտրությունների:
Այս միավորման հարցը մնում է օդում կախված: «Ժառանգությունը» ցուցակում լուրջ տեղերի ակնկալիք ունեցողներից պահանջում է ֆինանսական մասնակցություն ունենալ ընտրարաշավին, որն այս կուսակցությունների ուժերից վեր է: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նրանց գրի ցուցակի երկրորդ կամ երրորդ տասնյակում, դա էլ արդեն վիրավորական է այդ մարդկանց համար:
«Ժառանգության» վիճակի ծանրությունը չի սահմանափակվում միայն կադրային սխալ ընտրությամբ: Գագիկ Ծառուկյանի հայտարարած ԲՀԿ առանցքի շուրջ միավորումն իրականում կայացած փաստ է: Այդ առանցքը ձևավորվել է ոչ հրապարակայնորեն. ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն մամուլով և հեռուստատեսությամբ չեն հայտարարել, որ ԲՀԿ-ին ճանաչում են իրենց առաջնորդ քաղաքական ուժ: Բայց նրանք անցել են ԲՀԿ ֆինանսական հովանավորության տակ: Գագիկ Ծառուկյանն իր վրա է վերցրել այս երկու կուսակցությունների նախընտրական ծախսերի ֆինանսավորումը: Սա արվում է հատկապես «Ժառանգության» դեմ: Պարզաբանենք, թե ինչ հիմքեր կան նման բան պնդելու համար:
Սկզբնական շրջանում ոչ ՀԱԿ-ը և ոչ էլ ՀՅԴ-ն ցանկություն չունեին ինքնուրույն մասնակցել Երևանի խորհրդի ընտրություններին: Նրանք դա հնարավոր էին համարում միայն միասնական ցուցակով մասնակցության դեպքում, հասկանալով որ միայնակ մասնակցությունը հղի է անփառունակ խայտառակությամբ: Բայց հիմա նրանք որոշել են միայնակ մասնակցել, հայտարարելով, որ միավորումը կկայանա ընտրություններից հետո` Երևանի խորհրդում: Այնպես, ինչպես պետք է միավորվեին խորհրդարանական ընտրություններից հետո`ձևավորելով խորհրդարանական նոր մեծամասնություն:
Բայց որոշման փոփոխության իրական պատճառը բոլորովին այլ է: ՀՅԴ-ն և հատկապես` ՀԱԿևը որոշեցին հետ կանգնել իրենց նախնական որոշումից, քանի որ ընտրություններում փող աշխատելու հնարավորություն տեսան: Իսկ այդ հնարավորությունը ԲՀԿ առաջնորդը նրանց ցույց տվեց բացառապես մի բանի համար, որպեսզի այս երկու կուսակցությունները կիսեն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները և թույլ չտան, որպեսզի «Ժառանգությունը» հայտնվի երկրորդ տեղում: Ծառուկյանի հաշվարկը բավական տրամաբանական է, և հնարավոր է որ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն արդարացնեն իրենց վրա դրված հույսերը. կիսեն ընդդիմադիր ընտրազանգվածը, և ԲՀԿ-ն հայտնվի երկրորդ տեղում: Այդ դեպքում ԲՀԿ-ն անվիճելիորեն կդառնա առանցքային:
«168 ԺԱՄ»