Ինչու են բոլորը մերժում «Ժառանգությանը»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը երեկ քննարկելով «Ժառանգություն» կուսակցության առաջարկը Երևանի խորհրդի ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ, որոշել է մերժել «Ժառանգությանը»: «Հանրապետությունում» համարում են, որ քանի դեռ հասարակությունը գտնվում է Ազատության հրապարակում, և վիճարկվում են նախագահական ընտրությունների արդյունքները, Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցելը նպատակահարմար չէ:

Պարզաբանելով իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է. «Հետընտրական պրոցեսները տանել Երևանի քաղաքապետի ընտրության  նախընտրական դաշտ և խոսել նոր ընտրությունների մասին՝ ձեռնտու է միայն իշխանությանը: Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունների առաջ երեք պահանջ է դրել. ճանաչել ժողովրդի հաղթանակը, այսինք՝ՙ իրեն ճանաչել հաղթած նախագահ, պատժել ընտրակեղծարար պաշտոնյաներին, կամ լուծարել խորհրդարանը և անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով: Քանի դեռ իշխանություններն այս պահանջներից որևէ մեկը չեն կատարել, խոսել նոր ընտրությունների մասին՝ համարում ենք ոչ ճիշտ: Դրա արդյունքը կարող է լինել միայն ժողովրդի պայքարի ոգու թուլացումը, քանի որ ժողովուրդը գալիս է հրապարակ՝ նախագահական ընտրություններում տված իր քվեն պաշտպանելու համար: Մյուս կողմից՝ քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներից որևէ մեկը չի կատարվել, որևէ երաշխիք չկա, որ առաջիկա ընտրությունները ևս չեն կազմակերպվի նույն սցենարին համապատասխան: Իսկ առանց նման երաշխիքի՝ գնալ և հերթական անգամ ընկնել նույն փոսը, մեղմ ասած, ճիշտ չէ»:

168. am-ի տեղեկություններով՝ «Ժառանգության» առաջարկը մերժել է նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ում ևս առաջարկ է արվել համատեղ մասնակցել ընտրություններին: Բայց ոչ այն պատճառով, որ Դեմիրճյանը Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցելը համարում է աննպատակահարմար: ՀԺԿ-ի հետ զուգահեռաբար՝ բանակցում են նաև ՀԱԿ ներկայացուցիչները, փորձելով նրան համոզել, որ ՀԱԿ-ը Երևանի խորհրդի ընտրություններին կմասնակցի ՀԺԿ -ի անվան տակ: Որպես դրա հիմնավորում՝ ներկայացվում է այն հանգամանքը, որ ՀՀՇ-ն համագումարով վերանվանվել է ՀԱԿ, բայց ՀԱԿ հիմնադիր համագումար դեռ տեղի չի ունեցել: Այս խառնաշփոթից խուսափելու համար ՀԱԿ-ը ՀԺԿ-ին առաջարկում է Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցել ՀԺԿ-ի անվան տակ:

Մեր տեղեկություններով՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին առաջարկ է եղել՝ գլխավորել ցուցակը: Սակայն նա, ամենայն հավանականությամբ, կմերժի այդ առաջարկը: Ստեփան Դեմիրճյանը հասկանում է, որ ՀԱԿ-ն ընտրություններում հաղթելու որևէ տեսանելի հնարավորություն չունի: Ավելին, լավագույն դեպքում՝ ՀԱԿ-ը կարող է հավակնել ընդամենը հինգերորդ տեղին, քանի որ առաջին եռյակը խիստ կանխատեսելի է: Դժվար է պատկերացնել, որ ՀԱԿ-ը կարողանա ավելի շատ ձայն ստանալ, քան ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»: ՀԱԿ-ի համար ավելի դժվար կլինի դիմանալ պարտությանը ՕԵԿ-ին, որն այս ընտրություններում առավել քան հավանական է թվում:

Այդ դեպքում ՀԺԿ ցուցակի պարտության կամ, ավելի ճիշտ, խայտառակության ամբողջ պատասխանատվությունը կընկնի  հենց Ստեփան Դեմիրճյանի և ոչ թե՝ ՀԱԿ նախագահ Լևոն Զուրաբյանի վրա: Մյուս կողմից՝ եթե ՀԱԿ-ը որոշի ընտրություններին մասնակցել ՀԺԿ անվան ներքո, անհասկանալի կլինի, որ ցուցակը գլխավորի ոչ թե ՀԺԿ, այլ ՀԱԿ նախագահ Լևոն Զուրաբյանը:  Լ.Զուրաբյանը չի ցանկանա, որ ՀԱԿ պատմությունը և այդ կուսակցությունում իր նախագահությունը սկսվի Երևանի խորհրդի ընտրություններում կրած դառը պարտությամբ: Զուրաբյանը կգերադասի ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, քան լինելով ՀԱԿ ցուցակի առաջին համարը՝ չկարողանալ հաղթահարել անհրաժեշտ 6 տոկոսանոց շեմը: Նման արդյունքի դեպքում ՀԱԿ գոյությունը կհայտնվի հարցականի տակ: Բայց եթե Լևոն Զուրաբյանն իսկապես որոշել է իր վրա վերցնել ՀԱԿ առաջնորդի դերը, ապա այս ընտրությունները լավ առիթ են առաջնորդի իր հատկությունները ցուցադրելու համար:

Ստեփան Դեմիրճյանը, իհարկե, հասկանում է, որ իրեն փորձում են ներքաշել մի խաղի մեջ, որում ինքը, կորցնելուց բացի, ոչինչ չի կարող ստանալ: Բայց եթե Ստեփան Դեմիրճյանը չհամաձայնի ՀԺԿ-ն ծառայեցնել ՀԱԿ-ին, ապա այդ դեպքում ՀԱԿ-ը խիստ համոզիչ և սոլիդ հիմնավորում կունենա՝ ասելու, թե ինչու ինքը չկարողացավ մասնակցել ընտրություններին:

ՀԱԿ-ի համար կա ևս մեկ պահեստային տարբերակ. Լևոն Զուրաբյանը դեռ հույսը չի կորցրել, որ ընտրություններին հնարավոր կլինի մասնակցել ԲՀԿ-ի հետ դաշինքով, և այդ ուղղությամբ համոզչական աշխատանքները կարծես թե շարունակվում են: Նման լուծումը ՀԱԿ-ի համար ամենաօպտիմալ տարբերակը կլիներ, որին կարծես թե դեմ չէ նաև ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Սակայն դրան շատ կտրուկ դեմ է Գագիկ Ծառուկյանը: Թե ԲՀԿ-ի ինչի՞ն է պետք, ՀԱԿ-ը որևէ տրամաբանական բացատրություն չունի: Միակ բացատրությունն այն է, որ ՀԱԿ-ում համոզված են, որ ԲՀԿ-ն ղեկավարվում է Մոսկվայից, և, եթե այնտեղից համապատասխան հրահանգ լինի, որ պետք է դաշինք ստեղծել Կոնգրեսի հետ, ապա Գագիկ Ծառուկյանը ստիպված կլինի ենթարկվել այդ հրահանգին: Սակայն նախագահական ընտրությունների դառը փորձը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն կարող է ցանկացած պահի «քցել» իրենց:

Ինչպես նշեցինք, կա մի տարբերակ ևս. չմասնակցել ընտրություններին. բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ՀԱԿ-ն ինչո՞վ է տարբերվելու, ենթադրենք, «Ազգային համաձայնության ուխտ» կուսակցությունից, որը ևս գոյություն ունի, որի նախագահը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, սակայն որևէ ընտրության չի մասնակցում, հավանաբար համարելով, որ դրանք, միևնույն է, կեղծվելու են:

Տեսանյութեր

Լրահոս