Բաժիններ՝

«Ստրիպտիզ» պիեսը բեմադրվել է

Երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանի բեմադրությամբ, Կամերային թատրոնում, այս ամիս հանրության դատին կհանձնվի Սեդա Ստեփանյանի «Ստրիպտիզ» պիեսը: 16 տարեկանից բարձր բոլոր անհատների համար ստեղծագործող Ս. Ստեփանյանն այժմ սովորում և ստեղծագործում է Չեխիայում:

«Ներկայացումը բեմադրվում է Կամերային թատրոնում, հաջողության դեպքում կարող է նաև խաղացանկային ներկայացում դառնալ: Ցավոք, պրեմիերայի ժամանակ Երևանում չեմ լինի, սակայն հուսով եմ, որ տեսագրությունը կունենամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սեդա Ստեփանյանը:

Վերջինս ուսումնառության հետ մեկտեղ՝ թղթին է հանձնում այն, ինչ իրեն խորթ, տարօրինակ կամ հետաքրքիր է թվում: «Ամեն օր մետրոյով երթևեկելիս սկսեցի ուշադրություն դարձնել մարդկանց: Իմ ուշադրությունը հատկապես գրավում էր մարդկանց անտարբերությունը: Մի օր մի երեխա ընկավ գնացքի և կառամատույցի արանքը, այն պահին, երբ արդեն դռները պետք է փակվեին: Մինչ ես վազեցի, որ օգնեմ, նրա հայրն արդեն նրան գրկեց և հանեց այդտեղից: Վայրկյաններ անց շրջվեցի ու տեսա, որ ոչ ոք չէր նկատել: Ու հենց այդ օրն էլ գրեցի իմ նոր աշխատանքը՝ «Քամի»»,- ասաց Ս. Ստեփանյանը:

«Դռները նորից բացվեցին։ Մի քանի ուսապարկ, ականջակալ, iphone ու էլի i-ով սկսվող բաներ ներս ու դուրս արեցին։ Կանացի ձայնն ասաց, որ դռները փակվում են։ Ճիչ։ Լաց։ Դռները չփակվեցին։ Երեխա էր ընկել գնացքի և կառամատույցի արանքում։ Վազեցի այդ կողմ։ Կանացի ձայնը նորից հայտնեց, որ դռները փակվում են։ «Չէ, դռները փակվել չեն կարող, դռները չեն փակվի»,- գոռացի։

Երեխան անօգնական բռնվել էր գնացքի հատակից։ Մի տղամարդ վազեց գրկեց ու հանեց այնտեղից։ Հայրն էր, երևի։ Դռները փակվեցին։ Նրանք  կայարանում մնացին։ Հայացքս երեխայի արցունքոտ աչքերին հանդիպեց վերջին անգամ ու գնացքը սլացավ։ Նայեցի շնչավոր ականջակալներին, i-ով սկսվողներին ու դատարկ հագուստների ամբոխին։ Անտարբեր էին։ Ոչինչ չէին նկատել։ Բարեբախտաբար, գնացքավարը ուղիղ կապով «աշխարհին էր միացած», թե չէ՝ երեխան կարող էր մահանալ։ Իսկ նրանք սառն էին՝ փակված ամեն մեկը իր աշխարհում՝ հեռու Երկիր մոլորակից»։

Սա Սեդա Ստեփանյանի «Քամի» ստեղծագործությունից մի հատված էր, որն, ըստ հեղինակի, առավել հարմար կլինի ֆիլմի, քան ներկայացման սցենար դառնալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս