Ջնջումներ՝ քննչական գործողությունների արձանագրություններում
«Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործի գրավոր նյութերում, մասնավորապես, քննչական գործողությունների արձանագրություններում շատ են ամսաթվի կամ ժամերի ջնջումներն ու ուղղումները:
Այսօր արձանագրեց գործով նախագահող, Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Գործի գրավոր ապացույցների հետազոտման փուլում այսօր Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեցին անհամապատասխանությունների վրա: Պաշտպանական կողմը, մասնավորապես, կասկած հայտնեց, թե ինչպես կարող էր գործը քննող մարմինը 2 ժամում հասցնել նյութեր նախապատրաստել, գործ հարուցել, բերման ենթարկել 3 անձի, ևս 8 անձից վերցնել բացատրություններ, գործն ուղարկել քննչական վարչություն, բազմաթիվ որոշումներ կայացնել ու գրություններ պատրաստել:
Պաշտպանները հայտարարեցին նաև, որ հակասություններ կան երկու ամիս ժամկետով իրենց պաշտպանյալի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն ու ձայնագրառումը թույլատրելու դատարանի որոշման և քաղվածքի միջև՝ վերջինիս մեջ, ի տարբերություն առաջինի, խոսվում է վերահսկման օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին: Նրանք դատարանի ուշադրությունը հրավիրեցին նաև այն հանգամանքի վրա, որ դատարանը հիշյալ որոշումը կայացրել է կաշառք տալու մասին հաղորդում ներկայացնելուց մեկ ամիս առաջ: «Ի՞նչ նյութերի հիման վրա է դատարանը նման որոշում կայացրել»,- ասաց Լ. Սահակյանը:
Գրավոր ապացույցների հետազոտումն ավարտվեց, մարտի 20-ի դատական նիստում կհետազոտվի հեռախոսային գաղտնալսման սկավառակը, և դատարանն ըստ ամենայնի կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը՝ եթե նրանք ցուցմունք տալու ցանկություն հայտնեն:
Ըստ մեղադրանքի, Ս. Գևորգյանը և Հ. Փայասլյանը ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ 2012թ ապրիլին ընդունել են ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետև 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գևորգյանը և Հ. Փայասլյանը ստացել են առանձնապես խոշոր չափերի 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` դիմորդ Է. Բարբարյանին ակադեմիա ընդունելու համար:
Քրեական գործով նախաքննությունն իրականացրել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը։