Լևոնը գնաց՝ իր հետ տանելով Լևոնին

«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համոզված է, որ նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ իրենք ճանապարհ չունեն անցնելու: Մարտի վերջին կայանալիք կուսակցության հիմնադիր համագումարին, բնականաբար, նա չի պատրաստվում մասնակցել և համագործակցության որևէ եզր չի տեսնում: «Իրենք թողել են մեզ, գնացել են, ի՞նչ համագործակցենք: Իրենք գնացել են, որ մեզնից ազատվեն: Իրենք նույնիսկ որոշել են մեր անունը վերցնեն, որ մեզ ոչնչացնեն»,- մեզ հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը, ում կարծիքով, անկախ դրանից, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորումը գոյություն ունի: Նա պնդում է, որ ՀԱԿ դաշինքը չի լուծարվել: Ավելին, Գիմիշյանն ու այդ տեսակետի կողմնակիցները պատրաստվում են իրենց պայքարը շարունակել՝ անգամ օգտագործելով նույն անունը, եթե «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը դեմ չլինի դրան:

«Հինգ տարի այս անվանումը կրող ՀԱԿ կուսակցությունների միավորումը մեղավոր չէ, որ «ՀԱԿ» կուսակցությունը նույն անունն է վերցրել: Մենք ունեինք անուն, որը վերցրել են, դա իրենց պրոբլեմն է: Անունն էլ, ի վերջո, կարևոր չէ, անվան կռիվ հո չե՞նք տալու: Անհարմար էլ է: Իրենք մտել են էդ դաշտ, որ անվան համար կռիվ անենք, բայց ես էդպիսի խնդիր չունեմ: Ինձ համար կարևորը էությունն է, որ մի խումբ կուսակցություններ միավորվում են և կռիվ են տանում»,- նկատեց նա: Սոս Գիմիշյանը հավելեց նաև, որ ՀԱԿ դաշինքը գրանցված չէ Արդարադատության նախարարության պետռեգիստրում, հետևաբար՝ իրենք իրավաբանորեն որևէ իրավունք չեն ունենա դրա նկամամբ, երբ «ՀԱԿ» կուսակցությունն անունը գրանցի: «Ամեն դեպքում` կա բարոյական խնդիր: Հինգ տարի ամբողջ ժողովուրդը գիտի կուսակցությունների միավորում, հիմա իրենք այդ անունով ստեղծում են կուսակցություն»,- նշեց «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահը:

Սոս Գիմիշյանի համոզմամբ, ողբերգություն չէ, որ ՀԱԿ դաշինքից հեռացավ ՀՀՇ-ն և որոշեց դառնալ «ՀԱԿ»: Նրա խոսքերով, սկզբում Կոնգրեսում հավաքվել էր 18 կուսակցություն, բայց ոչ մի գնացողի հետևից Կոնգրեսը չփլվեց, ինչո՞ւ պիտի հիմա վերանա: «Ինչո՞ւ երբ գնաց «Հանրապետություն» կուսակցությունը՝ շատ խոշոր քաղաքական ուժ, լուրջ ազդեցություն ունեցող, մենք չասացինք, որ ՀԱԿ-ը վերացավ, իսկ հիմա, որ ՀՀՇ-ն գնացել է, պետք է ենթադրենք, որ ՀԱԿ-ը վերացե՞լ է»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Նա վստահեցրեց, որ դաշինքի կազմում մնացած կուսակցությունների և անգամ արդեն ՀԱԿ-ը լքած ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ունենում և քննարկում հետագա համագործակցության խնդիրները: Թե ում հետ է հանդիպել պարոն Գիմիշյանը և ինչ է խոսել, հրաժարվեց մանրամասնել: Առայժմ պարզ չէ նաև, թե ով պետք է գլխավորի այդ դաշինքը, քանի որ նախկին առաջնորդն այլևս իրենց հետ չէ: «Մենք ունեինք առաջնորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա գնացել է ՀՀՇ-ի հետ միասին: Քանի կար Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդ, ինքը քաղխորհրդում ուներ ներկայացուցիչ՝ իր համակարգողին: Հիմա ինքը գնացել է՝ իր համակարգողն էլ հետը»,- նշեց Սոս Գիմիշյանը:

Նրա պատկերացմամբ, մնացած կուսակցություններով դարձյալ քաղխորհուրդ կարող են ձևավորել և ռոտացիոն սկզբունքով նիստերը վարել, մինչև կձևավորվի նոր առաջնորդ: Չնայած Սոս Գիմիշյանը նախկին առաջնորդի հետ այլևս հույսեր չի կապում, սակայն ասում է, թե ուրախ է, որ նա շարունակելու է մնալ քաղաքական դաշտում:

«Շատ ուրախ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում մնում է: Ի վերջո, հենց Լևոն Տեր-Պետրոսյանից շատ բան ենք սովորել: Ես հաջողություն եմ իրենց ցանկանում, բայց մենք իրենց հետ ընդհանուր ճանապարհ չունենք, ես չեմ տեսնում այդ ճանապարհը»,- եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին համախոհը:

Տեսանյութեր

Լրահոս