Կարեն Անդրեասյանը կոչ է անում ոստիկանությանը մտածել մարդասիրական մեկ վրանի մասին

Այսօր Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու էր եկել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ԳԱԼԱ-ի այն հարցին՝ որքանո՞վ են իրավաչափ ոստիկանության արգելքները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նստարանի մոտ վրան տեղադրելու հետ կապված, նա նշեց, որ անկախ այն բանից, թե ինչ մասշտաբի քաղաքական գործիչ է ցանկանում վրան տեղադրել, անկախ այն բանից, թե որքան ձայն է նա հավաքել, պետությունն ունի պոզիտիվ պարտականություն խաղաղ ակցիա և խաղաղ ցույց իրականացնող մարդուն ապահովել, որ նրա առողջությունն ու կյանքը չվտանգվի, և եթե պետք է մեկ վրան, որպեսզի այդ մարդը ցրտից, անձրևից կամ քամուց իր առողջությունը պաշտպանի, ապա դա պետության մարդասիրական պարտականությունն է և այն սահմանված է օրենքով, Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով:

«Այդ ամենի մասին մենք հայտնել ենք դեռևս 2011թ. հենց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի կապակցությամբ, մեր աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում են այդ խնդրի մասին: Ես նույնպես հիմա բարձրաձայնում եմ, որ խնդիրը չպետք է դիտարկվի տեխնիկական հարթության մեջ, այլ դիտվի, թե որքանով է հացադուլավորը կամ որևէ ակցիա անցկացնողը, չխոչընդոտելով այլոց իրավունքները, կարողանում պահպանել իր առողջությունն ու կյանքը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանության մատնանշած օրենքի խախտմանը, նա նշեց, որ իրենք ուսումնասիրել են օրենսդրությունը, և եթե կոնկրետ մեկ վրանի խնդիր է՝ այն դեպքում, որ չի խախտվում այլ մարդկանց իրավունքները, չի ոչնչացվում որևէ պատմամշակութային արժեք, ուրեմն գործողությունները՝ կոնկրետ վրան տեղադրելը, ողջամտության մեջ է:

«Կոչ ենք անում ոստիկանությանը կատարել իր պոզիտիվ պարտականությունները և անել ամեն ինչ, որպեսզի տվյալ դեպքում, մեկ հացադուլավորի կյանքը և առողջությունը ապահովագրված լինի»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ի՞նչ արձագանքներ են ստացվել ոստիկանությունից, նա նշեց, որ արձագանքները տարբեր են եղել, և 2011թ-ից հետո իրավիճակը փոխվել է, քանի որ ոստիկանությունը թույլ է տվել գոնե մեկ հովանոց տեղադրել, սակայն եթե ցուրտ լինի, ապա այդ մարդասիրական մեկ վրանը պետք է թույլ տան տեղադրել, քանի որ դա իրավաչափ է, օրենքի պահանջն է և, վերջապես, մարդասիրության պահանջն է: «Մենք պարտադրող որոշումներ չենք կայացնում, մենք կարող ենք խորհուրդ տալ, որ պետությունը Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքն ու առողջությունը ապահովի»,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը: Մելանյա Մելքումյան

Տեսանյութեր

Լրահոս