Արթուր Ազարյան. Հայաստանը մթամների երկիր է
Հարցազրույց հրապարակախոս Արթուր Ազարյանի հետ
– Ինչպիսի՞ն է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը: Ի՞նչ է կատարվում մեր երկրում:
– Թե ի՞նչ է կատարվում իրականում, ըստ իս, գիտեն քչերը: Սակայն շատերին դա ամենևին էլ չի խանգարում` իրերի բուն էությանը հասու չլինելով հանդերձ` իրականությունից մղոններով հեռու տեսակետներ հնչեցնել: Ինչ արած, այդպիսի երկիր է Հայաստանը: Երկիր, որտեղ ամեն ոք ամեն ինչ գիտե: Տարօրինակն այն է, սակայն, որ, չնայած «իմաստունների» գերառատությանը, Հայաստանը, մեկ է` շարունակում է դատարկվել:
Օրավուր արտագաղթն է մեծանում, հանրության շրջանում հիասթափությունն է խորանում: Ու ամենևին էլ հեռու չէ այն օրը, երբ դա կհասնի իր կրիտիկական շեմին: Ասել կուզեմ, որ քաղաքագետների, քաղաքական, հասարակական գործիչների կողմից հնչեցված կարծիքները, որքանով դրանց հետևել եմ, առավելապես ինքնահաստատման խնդիր են լուծում ու` ոչ ավելին:
Դրանցում բուն էության հետ կապված հրապարակումների, խելամիտ դատողությունների, ցավոք սրտի, ես չեմ հանդիպել: Գոնե ինձ համար այդ հրապարակումներում անկեղծությունն է պակասում:
– Այսինքն` միակողմանի՞ է ամեն ինչ:
– Ամեն ինչ հիպոթետիկ ու վարկածային է, ինչպես արդեն նշեցի` իրականության հետ աղերսներ չունենալու պատճառով: Ինձ համար, օրինակ, ամենասարսափելին` գնալով նկատելի դարձող հասարակական ապատիան է: Կարծրացող ու խիստ չարագուշակ անտարբերությունը: Հիշո՞ւմ եք` «Սուտասանը» հեքիաթը: Այսպես գնալու դեպքում` իրական հրդեհի ժամանակ օգնության շտապողներ էլ արդեն չեն լինի: Բոլորը մինչև կոկորդները կուշտ են «ընտրություն» կոչված ինստիտուտից: Ընտրություններից ունեցած խորշանքը հանրության շրջանում գերակայող է, դրանց հանդեպ ունեցած «ֆուտուրոլոգիական» հավատն էլ շարունակում է մնալ անհամոզիչ:
Ընտրական ինստիտուտը, որքան էլ ցավալի լինի ընդունելը, քաղաքակիրթ երկրների առանձնաշնորհն է: Հարկ է նկատել նաև, որ միջազգային դիտորդները մեզ վերաբերվում են ինչպես երկտարեցի աշակերտի: Որքանո՞վ է պատվաբեր, երբ քեզ, ըստ էության, նույնացնում են քաղաքակրթության նշույլներ դրսևորող աբորիգենների հետ: Այնուամենայնիվ` «Այս ընտրությունները մինչ այս անցկացվածներից էապես առանձնանում էին» ձևակերպման հետ` մակերեսային հարթությունում, չհամաձայնել չեմ կարող: Այլ բան է տողատակը: Խորքային առումով, իր ավանդույթն ու «հաղթական ընթացքն» է շարունակում ընտրական ինստիտուտի «հայկական մոդելը», որն առաջնորդվում է քանիցս «փորձարկված» ռուսական հայտնի` «За себя и за того парня» կարգախոսով…
– Իսկ արդյո՞ք փետրվարի 18-ի ընտրությունները չէին առանձնանում: Արդյո՞ք կանխատեսելի էր Րաֆֆի Հովհաննիսյանի այդքան քվե ստանալը:
– Հարկ է նկատել, որ այս ընտրությունները մյուսներից առանձնանում էին «ականազերծման» առումով: Այսինքն` դաշտն ականազերծված էր` մինչև բուն ընտրությունները:
– Դա ի՞նչ է ենթադրում, որ չկային մրցակից-թեկնածունե՞ր:
– Որ լուրջ մրցակիցներ չկային, դա անզեն աչքով էլ տեսանելի էր: Լուրջ մասնակիցների բացակայությունը նաև հնարավոր էքսցեսներն էր բացառում: Լևոն Տեր-Պետրոսյանի` ընտրություններին մասնակցելուց հրաժարումը, կամ, ասենք, քաղաքական այլ միավորների չմասնակցությունն ընտրություններին` ընտրական ինստիտուտի հանդեպ առկա վերաբերմունքի խորհրդանշական դրսևորումներ էին, նույնքան մտահոգիչ, որքան նշածս` հասարակական ապատիան:
Այսինքն` մարդիկ անիմաստ են համարում մասնակցությունը ընտրություններին` կանխապես հայտնի, հասարակական գիտակցության մեջ հիմնավորապես դաջված` կանխատեսելի ու գծագրված ելքի հանդեպ ունեցած անզորության պատճառով:
– Իսկ իշխանություններն իրենց ականազերծած դաշտում կանխատեսո՞ւմ էին Ր. Հովհաննիսյանի այդչափ քվե ստանալը: Այսինքն` ստացվում է, որ դաշտը լավ չէի՞ն ականազերծել:
– Նկատենք: Ր. Հովհաննիսյանին, իր էլեկտորատից բացի, ձայն են տվել այն մարդիկ, ովքեր ինչ-որ առումով հիասթափված էին անվճռականություն դրսևորող ՀԱԿ-ի գործողություններից, ինչպես նաև նրանք, ովքեր ԲՀԿ-ի չմասնակցության պարագայում հայտնվեցին անորոշ վիճակում: Այսինքն, Ր. Հովհաննիսյանին ձայն է տվել ընտրության մասնակիցների այն հատվածը, որի համար միանգամայն անհանդուրժելի էր գործող նախագահի վերընտրությունը: Ր. Հովհաննիսյանը, ըստ էության, հայտնվել էր նույն այն իրավիճակում, ինչ իրավիճակում հայտնվեց Վազգեն Մանուկյանը` 1996թ. նախագահի ընտրության ժամանակ: Այն ժամանակ ևս Վ. Մանուկյանի ընտրազանգվածն ուղիղ համեմատական էր Լ. Տեր-Պետրոսյանի` իշխանությունից դժգոհողների քանակին:
– Մյուս կողմից` այս օրերին Ր. Հովհաննիսյանը ծայրահեղ քայլի է դիմել` հացադուլ հայտարարելով: Արդյոք նրա այս քայլը կնպաստի՞, որպեսզի նրա պահանջը բավարարվի, թե՞ կկրկնվի Ձեր նշած նախադեպը:
– Ներկայացնեմ իմ ընկալումը: Ասում են, թե իբր սա հեղափոխություն է: Ըստ իս, հեղափոխությունն անարյուն չի լինում: Սա հեղափոխություն չէ: Հեղափոխության փորձ էր 2008թ. Մարտի 1-ը: Այո՛, դա հեղափոխության փորձ էր: Իսկ հացադուլի առնչությամբ ասեմ հետևյալը: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ իշխանությունները տեղի տված լինեն այդ կարգի մանկամիտ խաղերի:
– Հացադուլը համարում եք մանկամիտ խա՞ղ:
– Այո՛, հանրային ընկալման վրա ներազդելու կոչված, ինչ-որ տեղ` արտիստիկ, բայց, այնուամենայնիվ, մանկամիտ խաղ: Դա կոչվում է ցուցք, իսկ թե դա ինչի՞ համար է, միանգամայն այլ խնդիր է: Եթե Ր. Հովհաննիսյանը գնացել է այդ քայլին` կարծելով, թե իշխանություններն իրեն ընդառաջ քայլ կանեն, ուրեմն՝ ես իրեն քաղաքական գործիչ չեմ կարող համարել: Այսինքն` ես չեմ կարող վստահել պարզունակ ըմբռնումներով առաջնորդվող նմանատիպ անհեռատես գործչին: Ոչ մի հացադուլ ցանկալի արդյունքի չի կարող հանգեցնել: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամբողջ հասարակությունն ապրում է տոտալ շանտաժի պայմաններում: Մենք ունենք Արցախի խնդիր, դրանից զատ` մենք ունենք նաև` սոցիալական արդարության, ինչպես նաև մարդու իրավունքների հետ կապված մի շարք չլուծված խնդիրներ:
Շարքային քաղաքացին իր հայրենիքում նվաստացվում է, նրա իրավունքները շարունակաբար ոտնահարվում են: Ադրբեջանի հետ ունեցած կոնֆլիկտի շահարկմամբ, ըստ էության, շանտաժի է ենթարկվում արդարամտության ձգտող քաղաքացին: Վերջինս պետք է հանդուրժի բոլոր ապօրինություններն ու մեքենայությունները` հանուն այն բանի, որ չունենանք խնդիր Ադրբեջանի հետ: Հարց եմ տալիս`իսկ դա ինչքա՞ն կարող է շարունակվել: Արտագաղթը հասել է ավելի մեծ չափերի, ընտրություններից հետո այն ավելի է արագացել, որովհետև մարդիկ, ովքեր տեսնում են, որ առաջիկայում ևս ոչինչ չի փոխվելու, բախտ են որոնում օտար ափերում:
– Ձեր կարծիքով` Ր. Հովհաննիսյանի հացադուլի քայլը պայմանավորված էր քաղաքական կոնցեպտի բացակայությա՞մբ, կամ չգիտեի՞ն իրենց հետագա քայլերը:
– Իմ խորին համոզմամբ` այո: Ր. Հովհաննիսյանն այնքան էլ հստակ չի պատկերացնում հաջորդական քայլերի վերջնարդյունքը: Հրապարակում խմբվող մարդիկ` լիդերի, խարիզմատիկ, հստակ կոնցեպտով, քայլերի հաջորդականությունը գիտեցող առաջնորդի պահանջ ունեն: Եթե Ր. Հովհաննիսյանն էլ չլիներ, այլ լիներ փոքրիշատե մաքուր մնացած մեկը, նույն մարդիկ նրան էին ապավինելու: Եթե դու հրապարակային պայքարի ես գնում, ուրեմն՝ պարտավոր ես ունենալ հստակ նպատակ` նույնքան հստակ հրապարակային քայլերի հերթագայությամբ:
– Այսինքն` իրենք չունե՞ն:
– Կարծում եմ` չունեն: Կամ` եթե ունեն, ուրեմն այնքան էլ հստակ ու ընկալելի չեն: Հետաքրքիր է, չէ՞: Բարետես, բարի, ընկալելի Ր. Հովհաննիսյանի գործոնն անգամ այդքան էլ որոշիչ չէ, քանի որ Հայաստանը հայտնվել է մի հանգրվանում, որտեղ բարությունը, ցավոք սրտի, հարց չի կարող լուծել: Շատ հակափաստարկներ են բերում, թե 2008-ի համեմատ` այսօր չկա կոնֆրոնտացիա, չկա ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ: Այ հենց դա էլ խիստ անբնական է թվում: Եթե դա չկա, ուրեմն` ոչինչ չկա:
– «Բարևի» կամ ընտրական հեղափոխությունն այլընտրանքային ճանապարհ չե՞ք համարում:
– Անկեղծ ասած, դրա վերջնարդյունքին չեմ հավատում:
– Իսկ ինչի՞ն եք հավատում: Ի՞նչ կլինի:
– Չգիտեմ, ուղղակի ակնառու է մի բան` իշխանություններին դեռևս չի հաջողվում գտնել հետքայլի անցավ ու ընկալելի ձևը: Այլ կերպ` իրենց անվտանգության երաշխիքները: Իրենք ահռելի միջոցների տեր են, իսկ հակառակ բևեռում` թշվառ, արտագաղթող, օրավուր աղքատացող ժողովուրդն է: Նույն իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր նույնպես ճամպրուկավոր են:
– Իսկ այդ համակարգի ինքնասպառման գործընթաց տեսնո՞ւմ եք:
– Այո, այդպիսի բան կա: Հանրապետականի մեծապետական` Գարգանտյուային պատշաճող ախորժակը բոլորին խաղից դուրս է թողել: Երևանի ավագանու ընտրությունները ենթադրաբար կարող են լինեն կոմպենսացիոն կամ հակակշռող քայլ: Պատահական չէ, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն նպատակ ունեն միասնական ցուցակով գնալ ավագանու ընտրություններին:
– Իսկ քաղաքացիական հասարակության ձևավորում չե՞ք տեսնում:
– ՀՀ-ում, ըստ իս, լիովին փոշիացված է կուսակցական համակարգը: Քաղաքական պայքար` որպես այդպիսին, գոյություն չունի: Կուսակցություններն, ըստ էության, իրենց սպառել են, գործունակ չեն հայկական միջավայրում: Նրանց միջև բանավեճ, կոնցեպտուալ քննարկումներ չեն ծավալվում: Այսօր այդ բացն ինչ-որ առումով լրացնում են քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք, սակայն, դեռևս սաղմնավորման փուլում են: Դրական գնահատելով հանդերձ, պետք է նկատեմ, որ այսօր իշխանությունների կողմից փորձ է արվում նաև դրանք կառավարել: Իհարկե, լավ է, որ քաղաքացիական նախաձեռնությունները հաջողություններ են արձանագրում` Թռչկանի ջրվեժ, Մաշտոցի պուրակ… Ինձ համար, այդուհանդերձ, անհասկանալի է մնում մի բան. իշխանություններին ինչպե՞ս է հաջողվում` քաղաքացիական նախաձեռնությունների հաղթանակն էլ վերագրել իրենց, կամ էլ` իրենց բարի կամարտահայտությանը:
– Ձեր խոսքում ընդգծեցիք հասարակական ապատիայի մասին: Մինչդեռ, շատերի համոզմամբ` փետրվարի 18-ից հետո հասարակությունը, կարծես, արթնացել է: Դուք հասարակական արթնացում տեսնո՞ւմ եք: Արդյո՞ք այս պայքարի հաջողության չհասնելու դեպքում հասարակությունը հուսախաբ վիճակում չի հայտնվի, երբ իշխանությունը չզիջի իր աթոռը:
– Իշխանությունը երբեք էլ կամովին չի զիջի իր դիրքերը, հասարակական վերջին պոռթկումներն էլ իրենց հոգին կավանդեն, հիասթափությունն է՛լ ավելի կխորանա: Մարդկանց բռնությամբ երջանկացնելու ծրագիրն էլ ցանկալի արդյունք չի արձանագրելու: Չի արձանագրելու, քանի որ մեկ է, հայտնի անեկդոտի նման` իշխանություններն այդպես էլ չեն իմանալու` այս ժողովուրդը սովա՞ծ է, թե՞ ուղղակի… քունն է տանում:
– Այսինքն` Ձեր նշած կրիտիկական պահը հասունանո՞ւմ է:
– Վաղուց է հասունացել դա: Իմ հարցազրույցներից մեկում այդ առումով խորհուրդ էի տվել կարդալ Վիլյամ Սարոյանի «70.000 ասորի» պատմվածքը: Այսօր ես և իմ նմանները հայտնվել են նույն ասորի Բադալի դերում, իսկ ով ցանկանում է իմանալ, թե ի՞նչ դեր է դա, ու ո՞վ էր ասորի Բադալը, պետք է անպայման կարդա այդ գործը: ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հիշեցնում է ապակեպատ սենյակում նստած մարդկանց, ովքեր իրար վրա քար չեն նետում` իրենց իսկ անվտանգությունից դրդված: Հայաստանն այն երկիրն է, որտեղ ոչինչ փոխվել չի կարող, եթե չկա դրա համար անհրաժեշտ քաղաքական կամքը:
– Հայն այսպիսի՞ն էր: Ի՞նչ կորցրեցինք, ինչո՞ւ արժեքները փոխվեցին:
– Մի մոռացեք, որ հայը երկար տարիներ սոված է եղել: Հային երկիր կառուցելու հնարավորություն տվեցին, ու նա անմիջապես լծվեց 18 պորտի ապագան ապահովելու գործին: Հասարակություն կրթելու և պետության ամուր հիմքերը գցելու փոխարեն: Հաշվի առեք այն, որ Հայաստանը մի կոլխոզաչափ տարածք է: Ընդամենը: Կոլխոզաչափ տարածք, որտեղ բնությունն ամեն ինչ պարգևել է, բայց մենք շարունակում ենք մեր թշվառ գոյությունը, չլինելով քրիստոնյա` խոսում ենք քրիստոնեական արժեհամակարգից, որից, աթեիստ լինելու պատճառով` հեռու ենք պարսեկներով: Սա դեռևս «ախպերությանը» գերի գնացած տարածք է, ոչ ավելին:
– Այսինքն` իմիտացիայո՞վ ենք ապրում:
– Հայաստանն իմիտացիաների երկիր է: Ավելի ճիշտ` Հայաստանը մթամների երկիր է: Մթամ ուզում ենք ազնիվ ապրել, մթամ ուզում ենք օրինապահ երկիր ունենալ, մթամ իշխող կուսակցությունն ուզում է, որ ժողովրդի վիճակը լավանա, մթամ ուզում է, որ առողջ մրցակցային պայմաններ լինենգ Ինչ ուզում ենք` տեղավորվում է «մթամի» հոլովույթում: Այսինքն` պետք է կարողանալ ապահովել ազատ մրցակցային պայմաններ, մինչդեռ իրականում Հայաստանը մենաշնորհների երկիր է, ինչը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Այդ դեպքում փոքր և միջին բիզնեսով զբաղվողներին այլ բան, քան բախտն օտար ափերում որոնելը` չի մնում: Իսկ ամեն ինչ պետք է հստակորեն տարանջատվի: Չի կարող մեծ բիզնեսի տերը միաժամանակ նաև պատգամավոր լինել… Ու այդպես շարունակ: Եթե այս ամեն ինչը նույն օղակում է, դու ուղղակի տեղ չես հասնի:
– Շատերը չեն տեսնում այս պայքարի հաղթական հանգուցալուծումը, սակայն այս մասին խոսում են կուլիսներում` ոչ հրապարակավ նշելով, որ չեն ուզում վնասել շարժմանը, չեն ուզում կոտրել ժողովրդին: Ինչի՞ց են վախենում:
– Ամենասարսափելի բանն անսեռ հասարակությունն է: Մեր հասարակությունն աստիճանաբար դառնում է անսեռ, որտեղ քաղաքացիական դիրքորոշում չկա, որովհետև իրենց կենսակերպը, բառուբանը շատերը հարմարեցնում են իրենց «պապաների» ճաշակին, այլ կերպ ասած` անուղղակիորեն ցուցելով, որ սա վաղուց զոմբիացված հասարակություն է: Հասարակության ներսում մի բան կփոխվի, եթե հասարակությունն` ինքը, լիաթոք, ցանկանա ստի մեջ չապրել, սուտ չխոսել, չշնանալ, սուտ երդում չտալ: Մի անգամ ապրել` ինչպես ճշմարիտ քրիստոնյա:
Մենք ազնիվ չենք ապրում: Իսկ գաղտնիք չէ, որ ցանկացած խաբեություն սկսվում է ինքնախաբեությունից: Ինձ համար կարևորն այն է, թե իմ երեխան ի՞նչ հասարակարգում է ապրելու, ի՞նչ արժեհամակարգ է որդեգրելու նույն այդ հասարակարգը: Ես ուզում եմ, որ այսօրվա փողատերերն այդքան էլ վստահ չլինեն, որ իրենց սերունդներն էլ են փողատեր լինելու: Նորմալ երկրներում խաղի քաղաքակիրթ կանոններ են սահմանված, որոնք բխում ու ածանցվում են սերունդների շահերից:
Վերցրեք հանքարդյունաբերությունը, որտեղ վայրենի թալանով են զբաղված: «Ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով առաջնորդվելով` դու կասկածի տակ ես դնում քո սերունդների ապագան: Որևիցե նորմալ երկիր իր ընդերքն այդպես չի թալանի, ինչպես մեզ մոտ, իսկ այդպես կարող է վարվել միայն պոտենցիալ գաղթականը:
Հայի կատարելատիպը, որքան էլ ցավալի լինի նկատելը, գաղթական հայն է, ճամպրուկավոր հայն է: Այստեղ թալանելով ու «էրգրի» հանդեպ ունեցած սրտամաշ կարոտից խոսելով, նա իր կյանքը պատկերացնում է Լյուսքեմբուրգում, ամերիկաներում` պիցերիաներ աշխատեցնելիս:
– Ինքնակործանմա՞ն ենք գնում:
– Շատ մոտ ենք դրան: Պաբլո Պիկասոն պատերազմին նվիրված «Գերնիկա» կոչվող մի հրաշալի կտավ ունի: Նրանում պատկերված գազանը ինքնահոշոտմամբ է զբաղված, ինքն իրեն խժռում է: Այսօրվա կենսակերպը ինձ հենց նշածս «Գերնիկան» է հիշեցնում:
– Իսկ չկա՞ փրկություն:
– Լիաթոք ապաշխարությունը: Երկրի առաջին դեմքից մինչև վերջին բնակիչ` պետք է ապաշխարեն:
– Այսօր (հարցազրույցն արվել է մարտի 13-ին.- Մ.Մ.) Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, և ինչպես Դուք ասացիք` մթամ մեծարում ենք մեր մեծերին, մթամ գնահատում ենք: Արդյո՞ք այսօր ընկալում ենք Չարենցին:
– Չարենցին գնահատող կլիներ այն ազգը, որը կկազմակերպեր «Երկիր Նաիրիի» հրապարակային ընթերցումներ, որը կփորձեր ծանել Չարենցի կոդավորված մտքերը, կփորձեր հասկանալ նրա ուղեղային մորմոքը: Ֆրանսիական ակադեմիայի ճակատը զարդարում է հրաշալի մի գրություն`«Հայրենիքի հայրերին»: Հայաստանն այսպիսի հայրերի կարոտ է. Հրանտ Մաթևոսյան, Ֆրունզե Մկրտչյան…
Այս շարքը շարունակելի է: Իսկապես անբասիր կենսագրության տեր մեծագույն հայեր: Մարդիկ, ում հասկանալու համար հասունանալ է պետք: Մեր ազգն անընդհատ խոսում է հինգհազարամյա պատմությունից` չլինելով նույն այդ պատմության արժանի ժառանգորդը: Եթե շատուշատ ճշմարտություններ ինքը չի հասկանում, ուրեմն՝ ինքը շեղում ունեցող ազգ է:
– 37 թվականի հետ նմանություն տեսնո՞ւմ եք:
– Սա սրբագրված 37 թիվն է, որտեղ շվոնդերներն ու շարիկովներն անտես «ֆրոնտում» են գործում, ներքին կարգով են աշխատում: Նորից նշեմ «մթամների» մասին: Մենք ըստ ներկայացվածի` ապրում ենք հրաշալի երկրում, որտեղ տնտեսությունն աճ է արձանագրում, բայց ամեն դեպքում` արտագաղթը շարունակվում է: Ասում են` Ազատության հրապարակը բազմամարդ է: Այդ բազմամարդությունը հասարակության դժգոհությամբ չէ՞, որ պայմանավորված է:
– Մենք դատարկվում ենք: Դուք դատարկություն զգո՞ւմ եք:
– Տխուր բան եք ասում: Դատարկությունն այն խոսքը չէ, դա խտացած ցավ է: Արդեն երկրորդ անգամ մեզ շանս է տրվում երկիր հետ բերելու: Ցավոք սրտի, հայն այդպես էլ պետական մտածողություն ունեցող ազգ չդարձավ, պետականության անհրաժեշտ գիտակցումը չունեցավ: Առանձին միավորները պետք է գիտակցեն, որ, ուզեն թե չուզեն, մի քանի սերունդ հետո ազգային ինքնությունը կորցնելու են: Մի քանի սերունդ հետո սեփական երկրից թալանված հարստությունը դուրս տարած հայը չստացված յանկի կամ չորրորդ կարգի բելգիացի է դառնալու: Եթե մենք ուզում ենք լինենք, պետք է սերունդ կրթենք: Իսկ կիրթ հասարակությունը ներկա դրությամբ ձեռնտու չէ այս իշխանություններին, որովհետև կիրթ հասարակությունն ըմբոստացող հասարակություն է: Փոքր ածուները շատ խնամքով են վերաբերվում ձեռքի տակ եղած միջոցներին: Եթե այսօր գերնպատակը հլու-հնազանդ հասարակություն, իմա` ստրուկ կերտելն է, վաղն այդ նույն ստրուկը չի կարող լինել լավ զինվոր:
– Ի վերջո, ո՞րն է այսօր մեր ժողովրդի ապրելու գիտակցությունը: Կա՞ արդյոք ապրելու գիտակցություն:
– Վերադառնում ենք «դարձ` ի շրջանս յուր»: Ամեն հասարակություն ինքն է ընտրում իր ճանապարհը, այսպես կոչված՝ իր «կարման»: Հոգևորի հետ աղերսներ չունեցող, բացառապես ոտքի տակ նայող և սառնարանի մասին մտածող ազգը ապագա չունի…
«168 ԺԱՄ»