Բաժիններ՝

Երեմ Սարգսյան. ԱԽ աշխատակազմի ղեկավարը խուսափել է սպառիչ պատասխան տալուց

Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու և պահելու վերաբերյալ քննված քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում, ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին: ՀՀ արդարադատության խորհրդից 27.02.2013թ գրությամբ այսպիսի պատասխան է ստացել հիշյալ գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր հարցմանը, թե ինչ ընթացք է տրվել այդ գործը քննած՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից խախտումներ թույլ տալու վերաբերյալ իր հաղորդմանը: ԱԽ պատասխանում հղում է կատարվել նաև ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածին, ըստ որի արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից իր պաշտպանյալ Արմեն Գասպարյանի գործը քննելիս և լուծելիս թույլ տրված քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի «ակնհայտ և կոպիտ խախտումների», ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումների կապակցությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով պաշտպանը դեռևս 09.01.2013թ. հաղորդում էր ներկայացրել Արդարադատության խորհուրդ, սակայն դրանից շուրջ երկու ամիս անց էլ այդ հաղորդման ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չէր հայտնվել:

Պաշտպանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ նշված գրության բովանդակությունից գոնե իր համար ակնհայտ է, որ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը խուսափել է ներկայացված վերջին դիմումին սպառիչ պատասխան տալուց, թե ի վերջո ինչ ընթացք է ստացել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը և բավարարվել է միայն ՀՀ Սահմանադրության 97-րդ և ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածների ձևական շարադրմամբ, որից կարելի է միայն եզրակացնել, որ ներկայացված հաղորդմանը որևէ ընթացք չի տրվել և չի էլ տրվելու մինչև սույն քրեական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ներպետական բոլոր դատական ատյանների սպառումը և դրանց օրինական ուժի մեջ մտնելը:

«Նշվածը գրության սուղ բովանդակությունից կատարված եզրակացություն է, որի վերջնական և պաշտոնական հաստատումը ստանալու խնդրանքով էլ համապատասխան դիմում եմ ներկայացրել աշխատակազմի ղեկավարին, չնայած որ այդ գրությունը կարծում եմ, որ այլ կերպ հասկանալ հնարավոր չէ: Եվ ի վերջո, եթե նշված գրության բովանդակությունը հենց այն է, ինչ նշեցի, ապա նման պատասխանը բացարձակապես չի բխում ՀՀ Սահմանադրությունից և օրենքներից, նման պատասխանը հարիր չէ նաև մի այնպիսի հեղինակավոր կառույցի, ինչպիսին է ՀՀ արդարադատության խորհուրդը:

Չեմ ուզում մտածել, որ դատարանների ոչ անկախ լինելու վերաբերյալ հասարակության մեջ առկա համոզմունքը, հավասարապես վերաբերելի է նաև ՀՀ արդարադատության խորհրդին»,- նշեց Ե.Սարգսյանը:

Քանի որ ՀՀ արդարադատության խորհրդին անմիջականորեն դիմելուց բացի, պաշտպանը համապատասխան դիմումներ էր ներկայացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նրանք նույնպես դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գան, ուստի ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի վերը նշված գրության պատճենն ուղարկվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին` խնդրելով հայտնել, թե նրանց արդյոք հայտնվել է, թե քննարկման ինչ փուլում է իրենց կողմից ՀՀ արդարադատության խորհուրդ ներկայացված հաղորդումները: Պաշտպանը միաժամանակ խնդրել է սահմանված կարգով արձագանքել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի հիշյալ գրությանը:

Ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, մեղադրողի համապատասխան որոշման հիման վրա դատարանը որոշում էր ընդունել Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու վերաբերյալ, ապա նաև նշված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել՝ տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ.Բաղդասարյանը փոխարինվել է մեկ այլ դատախազով՝ Վ.Լազարյանով, ով 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին` խնդրելով վերացնել կարճելու վերաբերյալ որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ նախնական մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով` պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ.Բաղդասարյանի` մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը: Իսկ դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և «աննախադեպ ապօրինի որոշում» կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին:

Իսկ արդեն 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման:

Պաշտպան Սարգսյանը գտնում է, որ ոչ միջազգային որևէ պայմանագրով, ոչ ՀՀ Սահմանադրությամբ, ոչ ՀՀ դատական օրենսգրքով, ոչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ոչ էլ որևէ այլ օրենքով ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի իրավասություն տրված չէ վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը /տվյալ դեպքում` քրեական գործով վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը/:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` օրինական ուժի մեջ չմտած և մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելու, առավել ևս բեկանելու լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով օժտված է միայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը: Ուստի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա վերանայելով և վերացնելով իր իսկ կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, ըստ պաշտպանի, յուրացրել է մեկ այլ դատարանի` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, ինչը ոչ միայն օրենքով պատժելի արարք է և ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, այլ նաև «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող` դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները:

Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նված որոշմամբ խախտվել է նաև Արմեն Գասպարյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված` արդար դատաքննության հիմնարար իրավունքը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս