Բաժիններ՝

Հայաստանում երիտասարդ մասնագետներին որպես մրցակից են ընդունում և պայքարում են նրանց դեմ

Գիտությունը շարժ է, դու պետք է միշտ շարժման մեջ լինես, որպեսզի արդյունավետություն ունենաս: Եթե արդյունք չես տալիս, կորչում ես, և քեզ ուղղակի «կուտեն»՝ ջունգլիների օրենքն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արսեն Գասպարյանը` համեմատելով Հայաստանի և Գերմանիայի գիտական շրջանակների տարբերությունները: Ա. Գասպարյանը Բեռլինի Ազատ համալսարանի ասպիրանտ է, նրա խոսքով` Գերմանիայում չես կարող տարիներ շարունակ կամ մինչև կյանքի վերջ մնալ մի ինստիտուտում՝ որպես ավագ կամ առաջատար գիտաշխատող, հանգիստ խմես քո սուրճը, երկար ընդմիջում անես, մի երկու փորձ էլ կատարես և տուն գնաս, ինչպես Հայաստանում է պատահում…

«Դու, ուզես թե չուզես, պետք է հարմարվես խաղի կանոններին: Իհարկե, դժվար է: Այնտեղ գիտնականը կարող է ապրել մի քաղաքում, իսկ նրա ընտանիքը՝ մեկ այլ քաղաքում, որովհետև նրա կինն ուսուցչուհի է, որի ուսուցանելու լիցենզիան այդ մարզից դուրս չի կարող գործել, և այլն: Այնտեղ էլ բազմաթիվ խոչընդոտներ կան: Իհարկե, այնտեղի համակարգը կատարյալ չէ, սակայն դա մի համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինքնակատարելագործվելու, զարգանալու և առաջ գնալու»,- ասաց Ա. Գասպարյանը: Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում, սակայն, իշխում է մենաշնորհի գաղափարը, և բոլորին թվում է, որ այս կամ այն ոլորտն իր անձնական սեփականությունն է, և, եթե ինչ-որ մեկը հանկարծ իրեն թույլ է տալիս այդ ոլորտում դրամաշնորհ գրել, որևէ հոդված տպագրել՝ լուրջ խնդիր կարող է առաջանալ:

«Ես սովորում եմ արտերկրում, և այնտեղ ունենալով գիտական ղեկավար՝ շատ լավ գիտեմ, որ այնտեղ մարդիկ այնքան բարձր են, որ ոչ մի խնդիր չունեն ինձ հետ, որովհետև մրցակցության խնդիր չպետք է լինի:  Նրանք մարդկային առումով այնքան բարձր են, որ, ընդհակառակը, մտածում են, որ, եթե իրենք այդքան տարիների ընթացքում չեն կարողացել հասնել այնքան բաների, որ ինչ-որ մի երիտասարդ կարող է գալ և դա իրենց ձեռքից վերցնել, ուրեմն դա իրենց խնդիրն է, և իրենք փորձում են սխալները գտնել իրենց մեջ, ոչ թե այդ երիտասարդի»,- ասաց Ա. Գասպարյանը        ՝ նկատելով, որ խելացի գիտնականը, ընդհակառակը, պետք է աչքի տակ ունենա այդ երիտասարդին, փորձի աջակցել նրան, վերցնել նրան իր թիմի մեջ: Իսկ երիտասարդն էլ զգալով այդ աջակցությունը՝ նոր դռներ կբացի այդ տարեց գիտնականի համար և չի դիտարկի նրան՝ որպես մարդու, ով փորձում է նրանից խլել իր ապագան:

Ա. Գասպարյանի խոսքով` շատ կարևոր է մարդկանց միջից հանել մենաշնորհի այդ գաղափարը, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում:

Կարդացեք նաև

«Ցավում եմ, բայց մեր երկրում, իհարկե, ոչ բոլորը, սակայն շատերը խելացի երիտասարդներին չեն գնահատում, երիտասարդների պոտենցիալը, նրանց լեզվական, մասնագիտական և այլ հմտությունների հնարավորություններն օգտագործելու փոխարեն՝ ճիշտ հակառակն են անում և հենց զգում են, որ երիտասարդը մի քիչ աճել է՝ նրան ճնշում են, այսպես ասած՝ «գլխին են տալիս», և այդտեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները»,- ասաց Ա. Գասպարյանը:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արսեն Գասպարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս