«Երբեք չեմ մտածել դրսում մշտական աշխատելու մասին. այն, ինչ մտածում եմ, կարողանում են 80%-ով Հայաստանում իրագործել» (ֆոտոշարք)
Հարցազրույց լուսանկարիչ Արվին Քոչարյանի հետ
– Արվին, ինչպե՞ս սկսեցիք լուսանկարչությամբ զբաղվել:
– Ես մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ, ավարտել եմ Թեհրանի Գեղարվեստի պետական համալսարանը, Երևանի Գեղարվեստի ակադեմիան, իսկ լուսանկարչությունը 14 տարեկանից եղել է իմ հոբբին, քանի որ այն իմ հայրիկի հոբբին էր: Ես հետաքրքրվում էի լուսանկարչությամբ, հայրս ինձ ուղղություններ էր տալիս: Տասը տարի առաջ այն ինձ համար մասնագիտություն դարձավ, երբ լուսանկարչությունն ու գրաֆիկ դիզայնը սկսեցի միախառնել: 2005 թվականին էլ, երբ ստեղծեցի իմ պրոդաքշնը, սկսեցի զբաղվել և՛ լուսանկարչությամբ, և՛ գրաֆիկ դիզայնով, և՛ երկուսը միախառնելով:
– Սկզբնական շրջանում ժապավենո՞վ էիք նկարում:
– Այո, այն ժամանակ հայրիկիս Canon լուսանկարչական սարքով էի նկարում, որի վրա ֆիքսված օբյեկտիվ կար: Նկարում էի տարբեր բաներ: Բնականաբար, ժապավենով սկսելը բավական բարդ է, քանի որ մինչև վերջնական արդյունքը տեսնելն անցնում էին երկար ժամեր, օրեր, և այլն: Բայց ողջ գործընթացն ինձ համար շատ հետաքրքիր էր, այսօր դա չեմ տեսնում: Ներկա պահին թվային այս աշխարհը դարձել է շատ անհետաքրքիր: Շատ արագ և կարճ ժամանակում բարձր տեխնիկայով կարող ես դառնալ փչովի փուչիկի նման մի բան, որն ամենափոքր սուր իրով կարող է ծակվել: Իհարկե, նոր սերնդի մեջ ես տեսնում եմ հետաքրքիր իդեաներ, բայց քանի որ հիմքը չկա, փոքր-ինչ վախենալու է:
– Այսինքն`կարո՞ղ ենք ասել, որ ժապավենից թվայինի անցման արդյունքում ստեղծագործական փուլը վերացել է:
– Դա նման է հետևյալ օրինակին, երբ կառուցվում է մի շենք, որի հիմքը լավ չեն անում, միայն արտաքին էֆեկտի մասին են մտածում: Այն փոքր երկրաշարժից կարող է փուլ գալ: Լուսանկարչության դեպքում` կարճ ժամանակում կարող են հայտնվել ինչ-որ դեմքեր, զարմացնել ինչ-որ բանով, բայց կորչեն-գնան, ինչպես մեր շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:
-Անդրադառնանք Ձեր լուսանկարներին: Դուք լուսանկարում եք և՛ սև-սպիտակ, և՛ գունավոր: Կասե՞ք՝ սրանցից յուրաքանչյուրն ի՞նչ է արտացոլում:
– Սև-սպիտակը լուսանկարչության մեջ շատ հետաքրքիր լուծում է: Ոչ պրոֆեսիոնալ մարդկանց համար շատ հասարակ բաներից հետաքրքիր կադրեր կարող են ստեղծվել, որոնք կարող են զարմացնել: Պրոֆեսիոնալ առումով` սև-սպիտակը հետաքրքիր գաղափարներ, հոգեբանական իդեաներ կարող է փոխանցել: Ես, իհարկե, սիրում եմ գունավոր լուսանկարներ, բայց սև-սպիտակը, մանավանդ՝ վերջին շրջանում, ավելի շատ եմ սիրում: Ինձ թվում է`լուսանկարի գույնի ընտրությունը կախված է տրամադրությունից, թեմատիկայից: Հասարակ տերևը արևի լույսի տակ գունավոր լուսանկարի դեպքում այնքան շատ ազդեցություն չի ունենա, որքան` սև-սպիտակի:
– Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ոճը:
– Իմ սիրած ոճը գոթիկ, միստիկ լուսանկարչությունն է: Բնականաբար, Հայաստանում ոչ մի լուսանկարիչ չի կարող կոնկրետ այս ուղղություններով նորմալ գումար աշխատել: Կան մի շարք գործընկերներ, ովքեր անցել են հարսանեկան լուսանկարչությանը: Կարծում եմ`հարսանեկան լուսանկարչությունն իմը չէ: Շատ առաջարկներ են լինում, բայց միշտ հրաժարվում եմ:
– Մարդը կամ առարկան ինչպիսի՞ն պետք է լինեն, որ գրավեն Ձեզ, և լուսանկարեք:
– Հատուկ բանաձև չեմ կարող ասել: Կարող եմ շատ պարզ դեմքից, որը ոչ մեկի պատկերացմամբ հետաքրքիր չէ, իմ պատկերացրած լույսերով, միջավայրով՝ շատ գրավիչ պատկեր ստանալ:
– Դուք աշխատում եք նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հե՞շտ է նրանց հետ աշխատելը:
– Բոլոր դեպքերում էլ ծայրահեղություններ լինում են: Եղել են մարդիկ, որոնց հետ շատ հեշտ է եղել աշխատելը, բայց եղել են նաև այնպիսիները, ովքեր ամեն փոքր բանը խնդիր են դարձրել:
– Կա՞ն ինչ-որ մարդիկ, որոնց հետ երբեք չեք աշխատի:
– Այո: Կան մարդիկ, որոնց համար շատ բան ես արել, բայց չեն գնահատել, պայմանավորվածությունից ավելին են պահանջել, և այլն:
– Հաջող լուսանկար ստանալն ինչի՞ց է կախված`տեխնիկայի՞ց, գաղափարի՞ց…
– Իմ կարծիքով`լուսանկարի հաջող լինելը կախված է ժողովրդի վերաբերմունքից, որովհետև, ի վերջո, նրանց համար ես դա անում: Պետք է կարողանաս այնպես անել, որ լուսանկարիդ մեջ ամեն մարդ գոնե փոքր չափով իրեն տեսնի:
– Հետևո՞ւմ եք հայ լուսանկարիչների աշխատանքներին:
– Մեծ մասամբ`ոչ, բայց քանի որ Facebook-ի 30%-ը լուսանկարիչ է դարձել, ուզած-չուզած՝ ինչ-որ աշխատանքներ տեսնում եմ: Կան երիտասարդներ, ովքեր նոր ինչ-որ բան են բերում, ես փորձում եմ ինձ համոզել, որ դրանք ուրիշներից վերցված, գողացված չեն: Ամեն դեպքում հետաքրքիր է, որ կան երիտասարդներ, ովքեր 13-14 տարեկանից լուրջ աշխատում են, որ ինչ-որ բանի հասնեն:
– Այսօր շատ լուսանկարիչներ լուսանկարչության դասընթացներ են կազմակերպում: Դուք երբևէ աշակերտներ ունենալու մասին մտածե՞լ եք:
– Առաջարկեր շատ են եղել, բայց ես չեմ սիրում դա անել: Եթե պետք է աշակերտ ունենալ, ապա 1-2 հոգի պետք է լինեն, որպեսզի կարողանաս գիտելիքներդ փոխանցել նրանց: Բայց երբ այս գործընթացը դառնում է կոմերցիոն, ես ինձ չեմ կարողանում այդ ամեն ինչի մեջ պատկերացնել:
– Լուսանկարչությամբ հնարավո՞ր է Հայաստանում նորմալ գումար աշխատել:
– Ոչ: Այն թեմաներում, որտեղ ես չկամ, հնարավոր է նորմալ գումար աշխատել: Հայաստանում առիթների նկատմամբ մեծ ծարավ կա, և այս ոլորտներում աշխատելու դեպքում հնարավոր է գումար աշխատել:
– Այսինքն՝ արվեստին մոտ լուսանկարներն այստեղ չե՞ն գնահատվում:
– Ոչ: Հայաստանում արվեստագետների շատ քիչ տոկոս կա, որը կարողանում է իր արվեստով ապրել:
– Դրսում աշխատելու մասին չե՞ք մտածել:
– Բոլորի մոտ էլ լինում են դեպքեր, երբ ինչ-որ բանից հիասթափվում են ու սկսում մտածել դուրս գնալու մասին: Դրսում աշխատելու մասին մտածել եմ այնքանով, որ կարելի է գնալ դուրս, մի քանի ամիս աշխատել, այնտեղի համուհոտը տեսնել և վերադառնալ: Երբեք չեմ մտածել դրսում մշտական աշխատելու մասին: Ինձ թվում է` այն, ինչ մտածում եմ, կարողանում են 80%-ով Հայաստանում իրագործել: