«Բարգավաճ Հայաստանը» չի եղել «Ժառանգության» ստրատեգիայում». Ստեփան Սաֆարյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության (ՀՅԴ) նախաձեռնությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնաշենքում մեկնարկել էին բանակցություններ երեք քաղաքական ուժերի` Դաշնակցության, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» միջև, որի օրակարգում մայիսի 5-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցն էր:
Իսկ խնդիրն, առաջին հերթին, կարևորվում էր նախագահական ընտրություններից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակով և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսված ընդդիմադիր շարժմամբ, իսկ ընդդիմադիր մի քանի գործիչներ, մասնավորապես՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հայտարարում էին, որ ընդդիմության պայքարի հաջորդ հանգրվանը պետք է լինեն երևանյան ընտրությունները: Սակայն արդեն այսօր ԲՀԿ-ն իր քաղխորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց Երևանի ընտրություններին սեփական ցուցակով հանդես գալու մասին: Չնայած սրան` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարեց, որ «ԲՀԿ-ն մնում է ավելի լայն համախմբման կողմնակից, և այդ ուղղությամբ քաղաքական կոնսուլտացիաները շարունակվելու են», բայց միաժամանակ շեշտել է, որ նման համախմբումը կարող է կայանալ միայն «ԲՀԿ առանցքի շուրջ»:
Այս հարցի շուրջ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանից, ով 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ժառանգությունը» քաղաքապետի ընտրությունների մասին կխոսի մարտի 16-ից ոչ շուտ, պարզապես, եթե «Ժառանգությանը» հրավիրում են քննարկումների, ապա իրենք ընդունում են հրավերը:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ԲՀԿ-ի նման դիրքորոշումն «իրենց իրավունքն է և իրենց խնդիրն է»:
««Ժառանգության» օրակարգում այսօր կա կեղծված ընտրությունների արդյունքները փրկելու հարցը, և, կարծում եմ, դա է քաղաքական գործընթացների առանցքը»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Մեր հարցին, թե սրանից հետո՞ էլ «Ժառանգությունը» հույսեր է կապում ԲՀԿ-ի հետ, «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանեց. «Ներեցեք, «Բարգավաճ Հայաստանն» ինքը չի մասնակցել նախագահական ընտրություններին, հետևաբար՝ «Բարգավաճ Հայաստանը» չի եղել «Ժառանգության», այսպես ասած, ստրատեգիայում»:
Իսկ ի պատասխան դիտարկմանը, որ, ամեն դեպքում, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ շաբաթ հանդիպել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, Սաֆարյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր հասկանալ, թե ի՞նչ է պատրաստվում անել «Բարգավաճ Հայաստանը»` հետընտրական զարգացումների շուրջ:
Մեր հարցին, թե այս ամենից հետո Ստեփան Սաֆարյանն ի՞նչ եզրակացության է եկել, նա պատասխանեց. «Կարծում եմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունն արդեն ինքնին եզրակացություն է: ԲՀԿ-ի օրակարգում քաղաքապետի ավագանու ընտրության հարցերն են, բայց ոչ՝ նախագահական ընտրությունների»:
Վերջում մենք հետաքրքրվեցինք, թե «իր կողմը քաշելու» կուսակցությունների նման գործելաոճն արդյոք քաղաքական գործընթացը տապալելու հերթական փորձ չէ՞:
«Քաղաքական ուժերը բոլոր ժամանակներում էլ դա են փորձել անել, դա ոչ մի ձևով զարմանալի չէ»,- ի պատասխան՝ ասաց Ստեփան Սաֆարյանը: