«Այո՛, պիտի լինի այլընտրանքային կառավարության ձևավորում»

Երեկ Ազատության հրապարակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ընդդիմության կազմակերպած տոն-հանրահավաքին իր ընկերների հետ հերթական անգամ ներկա էր նաև արցախյան ազատամարտի մասնակից, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ում հետ զրուցեցինք շարունակվող հետընտրական զարգացումների և ընդդիմադիր շարժման վերաբերյալ։

 
– Պարոն Սէֆիլյան, Դուք երկար տարիներ, որպես ընդդիմադիր և հեղափոխական գործիչ, պայքարում եք Հայաստանում` իշխանափոխության հասնելու համար, ստեղծված մթնոլորտն ու ընթացող հետընտրական զարգացումները հեղափոխական համարո՞ւմ եք:
– Այն, որ բոլորիս մեջ հեղափոխություն անելն անհրաժեշտություն է, դա փաստ է, սակայն առկա քաղաքական ընթացքը հեղափոխություն անվանել դժվարանում եմ, ընթացքը ցույց կտա: Բայց ես համոզված եմ և չեմ կասկածում, որ հեղափոխությունը մեր երկրում միս ու արյուն է ստանալու:
– Իսկ այս շարժման շարունակությունն ինչպե՞ս եք պատկերացնում:
– Մեր տեսակետը հստակ է: Բազմիցս բարձրաձայնել ենք, այժմ ևս ասում եմ, որ մեր խորհուրդը և առաջարկը հետևյալն է` ոչ թե պետք է կրկնել անցած 17 տարիների ընթացքում նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները, այլ օր առաջ պետք է դուրս գալ գործող «քաղաքական» դաշտից, որտեղ խաղի կանոնները թելադրում է գործող բռնապետը, և լծվել ժողովրդի ինքնակազմակերպման աշխատանքին, որի արդյունքում պիտի զուգահեռ սկսի ձևավորվել իշխանություն` բառի բուն իմաստով, քանի որ այս բուրգը, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը, ինքնափլուզման ենթակա բուրգ է: Մեզ` հայերիս, օր առաջ անհրաժեշտ է դրան զուգահեռ` կյանքի կոչել այլընտրանքային կառավարման համակարգի ձևավորումը:
– Այսօր արդեն այս շարժման մի քանի մասնակիցներ հայտարարում են, որ պայքարի հաջորդ հանգրվանը պետք է լինեն մայիսին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որին ընդդիմադիր մի քանի ուժեր` մասնավորապես` «Ժառանգությունը», Դաշնակցությունը և ՀԱԿ-ը, առաջարկում են հանդես գալ միասնաբար (այս համատեքստում շրջանառվում է նաև «Բարգավաճ Հայաստանը»), և կարծես կրկնվում են նախընտրական բանակցությունները:
– Դա կրկին շարունակությունն է նույն ճահճի, այդ ճահճում որևէ դրական արդյունք չկա: Դրանից պետք է դուրս գալ, և բոլորը պետք է գիտակցեն, որ մեր երկրում այս ռեժիմի օրոք ընտրություններով որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ. այս ռեժիմն ընտրություններով չէ, որ վերցրել է իշխանության ղեկը, և ընտրություններով չէ, որ պիտի հեռանա:
– Իսկ ո՞րն է դրա այլընտրանքը:
– Արդեն ասացի` պիտի լծվենք զուգահեռ իշխանության ձևավորմանը, որի հետ կապված` մենք բազմիցս խոսել ենք ճանապարհային քարտեզից, ինչը կարելի է նաև ծրագիր կոչել: Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար, ինչպես բոլորին հայտնի է, ամիսներ առաջ ձևավորվել է Նախախորհրդարան, որն ունի այդ առաքելությունը: Եթե Ր. Հովհաննիսյանն ընդունի մեր այդ առաջարկը, ապա տարիների, ծրագրային իմաստով` մեր կողմից կատարած աշխատանքը, ինչպես նաև ժողովրդի մոտ Րաֆֆի Հովհաննիսյան անձի, ազգային-քաղաքական գործչի ձեռք բերած համբավի համադրումն իրական նախադրյալներ կարող են ստեղծել ռեժիմից կարճ ժամանակում ձերբազատվելու և համակարգային փոփոխություններ իրականացնելու գործընթաց սկսելու համար:
– Այդ այլընտրանքային ճանապարհը կբերի՞ քաղաքացիական համախմբման: Կարծես թե, հասարակությունն ավելի շատ սովոր է քաղաքական ուժերին ընկալել` որպես առաջատար:
– Ես հուսով եմ, որ, ուշ թե շուտ, մեր պատկերացրած այլընտրանքային ճանապարհով բոլորս ենք ընթանալու և հասնելու ենք արդյունքի, սակայն որքան շուտ` այդքան լավ: Այժմ, կարծում եմ, ինչ-որ չափով դոփում ենք, բայց չի բացառվում, որ կտրուկ անցում լինի դեպի ճիշտ ուղի: Իսկ եթե ոչ, մենք համառորեն շարունակելու ենք ինքնակազմակերպման մեր բռնած ուղին և հասնելու ենք արդյունքի, որին չեմ կասկածում:
– Այս առումով` ինչպե՞ս եք վերաբերվում Ազատության հրապարակում հնչեցված` Նոր կառավարության ձևավորման առաջարկին:
– Մեր կողմից առաջարկված այլընտրանքային առաջարկության փաթեթում այդ ամբողջը կա: Եթե դուք նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ապա դա ողջունելի է այն իմաստով, որ այն այլընտրանքային տրամաբանության մեջ է գտնվում, սակայն, իմ կարծիքով, բավական պարզունակ վիճակում է: Վստահ եմ, որ մենք շատ ավելի ժամանակ ենք տրամադրել դրան, և մեր առաջարկությունը շատ ավելի խորն է: Այսինքն`այո՛, պիտի լինի այլընտրանքային կառավարության ձևավորում, սակայն դա չպետք է լինի առաջին քայլը: Մեր պատկերացրած ծրագրով` Նոր կառավարության ձևավորումը տեղի է ունենալու մի քանի քայլից հետո:
– Գործող իշխանության լծակները հայտնի են բոլորին, իսկ որո՞նք են լինելու այլընտրանքային կառավարության լծակները:
– Ժողովուրդը ստեղծում է իր իշխանությունը, որը դեռևս իր ձեռքում չի ունենում լծակներ, սակայն, ուշ թե շուտ, խնդիր է դնում հասնելու այդ լծակներին` քաղաքական ճանապարհով և հնարավորինս անցնցում տարբերակով:
– Այսինքն` այս դեպքում ավելի շատ լինելու է էվոլյուցիո՞ն հեղափոխություն:
– Ոչ, փոփոխությունները պետք է արմատական լինեն, հեղափոխությունն այս իմաստով պետք է տեղի ունենա, իսկ այն, որ այդ փոփոխությունները պետք է լինեն հնարավորինս անցնցում, փաստ է:
– Իսկ ընդհանրապես, այս ընտրություններում հասարակության զգալի մասի կողմից, այսպես ասած, դժգոհության քվեն ինչո՞վ եք բացատրում, օրինակ` Գյումրիում ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ ձայների ավելի քան 70 տոկոսը: Ըստ Ձեզ` ո՞ր գործոններն ավելի մեծ դեր խաղացին:
– Կարծում եմ` կարելի է երկար խոսել այդ մասին: Նույն Շիրակի մարզում կարող ենք հաշվի առնել բնակչության սոցիալապես շատ վատթար վիճակը, ինչո՞ւ չէ, կարող ենք նաև նկատի առնել «Գալա» հեռուստակայանի առկայությունը, որի ազատ խոսքը տարիների ընթացքում իր դրական արդյունքը տվեց, որպեսզի ժողովուրդը դուրս գա վախի մթնոլորտից:

Տեսանյութեր

Լրահոս