Ծառուկյանը ոչ թե ժողովրդի հետ է, այլ ժողովրդի կողքին կողքից կճմթելու համար (տեսանյութ)
Արկադի Վարդանյանը, ով նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված առաջին հանրահավաքի ժամանակ հարթակում էր և ելույթ ունեցավ, երեկվա հանրահավաքի ժամանակ շարքային մասնակից էր: Որպես հանրահավաքային պայքարի փորձ ունեցող գործիչ, ով ժամանակին կարողացել է ոտքի հանել տասնյակ-հազարավոր մարդկանց, նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հրապարակը դատարկվում, և ինչո՞ւ չկա առաջին օրերի ոգևորությունը: Բայց մինչ այդ հարցերին անդրադառնալը մի քանի հարց ուղղեցինք` կապված նրա հայաստանյան գործունեության հետ:
– 2000թ. Հայաստանից մեկնել էիք Իսպանիա, ե՞րբ եք վերադարձել Հայաստան:
– Այո Իսպանիայում էի, բայց այնտեղից Հայաստան եմ եկել 4 տարի առաջ և հետ չեմ գնացել:
– Ինչո՞վ էիք զբաղվում Հայաստանում:
– Հրապարակախոսությամբ: Հրապարակախոսական հոդվածներ եմ գրում կայքերի և տարբեր լրատվամիջոցների համար:
– Ձեր կողմից Չարենցի փողոցի վրա կառուցված շենքի վրա գրված է` «Վաճառվում է»: Դա այլևս Ձերը չէ՞:
– Ես բացի այս բաճկոնից` Հայաստանում ոչինչ չունեմ (ցույց է տալիս հագի կաշվե բաճկոնը.- Ա.Բ.): Այդ շենքը վաղուց իմը չէ:
– Ձեր կարծիքով` ի՞նչն է պատճառը, որ հրապարակը յուրաքանչյուր հանրահավաքի հետ դատարկվում է: Ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի սխալը:
– Գնահատականներ տալն այնքան էլ հեշտ չէ, որովհետև ես մինչև վերջ ծանոթ չեմ Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությանը: Սա քաղաքական գործունեության նոր մոդել է, մեզ համար անծանոթ: Բայց իմ կարծիքով` պատճառներից մեկն այն է, որ հստակ որոշումների մասին խոսք չի հնչում, չի ասվում, թե ի՞նչ ենք անելու, ի՞նչ պետք է անի ժողովուրդը, ի՞նչ գործողություններ են պլանավորվում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Մարդիկ անորոշություն չեն սիրում:
– Գուցե պատճառներից մեկն էլ նոր տեխնոլոգիան է, երբ չկա սուր քննադատություն, այլ ընդհակառակը՝ գովեստ և մեծարանք նախագահ Սարգսյանի հասցեին:
– Չէ, ինչո՞ւ, Րաֆֆին քննադատում է իշխանություններին: Բայց նա փորձում է այլ կուսակցությունների հետ բանակցելու ճանապարհով` նոր ընդդիմադիր դաշտ ստեղծել: Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի թվաց նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Դա Գագիկ Ծառուկյանին հնարավորություն տվեց իր համար սովորական դարձած խորհրդավոր դիրքն ընդունել: Նրա խոսքերը, որ ինքը միշտ ժողովրդի կողքին է եղել, բավական միանշանակ են: Ի՞նչ է նշանակում` ժողովրդի կողքին լինել. կամ դու ժողովրդի հետ ես և ժողովրդի մեջ ես, կամ դու ժողովրդի կողքին ես: Ծառուկյանն ամբողջ կյանքը ժողովրդի կողքին է եղել այն իմաստով, որ կողքից կճմթել է մեր ժողովրդին, տարբեր ձևերով, այդ թվում և` մարտի 1-ին: Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին պետք է հարց տար՝ իսկ 2008թ. մարտի 1-ին դու էլի ժողովրդի կողքի՞ն էիր, և եթե՝ այո, ապա ի՞նչ էիր անում՝ ժողովրդի կողքին լինելով: Պետք է հարցներ, թե` այսօ՞ր էլ ես նույն կերպ պատրաստվում լինել ժողովրդի կողքին:
– Կարծում եք, որ այդ հանդիպումն ինչ-որ կերպ ազդե՞ց հանրային տրամադրությունների վրա, և հրապարակի դատարկվելը նաև դրա՞ արդյունքն է:
– Համոզված եմ, որ դա էապես ազդեց: Մեր ժողովուրդը չափազանց իմաստուն է, ենթագիտակցական և գիտակցական մակարդակով կարողանում է ամեն ինչ վերլուծել և ծանրութեթև անել: Ժողովուրդը տեսնում է, որ իր համար անհասկանալի բաներ են կատարվում. հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպման առաջարկներ են արվում, որը մերժվեց: Իր հերթին, Լևոն Տեր-Պետրոսյանը հեգնանքով խորհուրդ է տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին` ավելի սերտ հարաբերություններ հաստատել նույն Գագիկ Ծառուկյանի հետ: Երևում է՝ իր սեփական փորձերն այդ ուղղությամբ արդյունք չտվեցին, հիմա փորձում է նույնն անել Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով: Այս ամենը բացարձակ փարիսեցիություն է, որը ժողովուրդը տեսնում և զգում է: Ժողովրդի հետ պետք է կոնկրետ խոսել. ժողովրդին պետք է կոնկրետ անուններ տալ, ժամկետներ ասել, կոնկրետ գործողությունների ծրագիր ներկայացնել և իրականացնել:
– Դուք ժամանակին բավական լուրջ հաջողության հասաք, քանի որ կարողացաք փողոց հանել տասնյակ-հազարավոր մարդկանց: Ո՞րն էր Ձեր հաջողության գաղտնիքը:
– Ես ասում էի, որ մեր հայրենիքը պետք է մաքրել աղբից, պետք է աղբը դուրս բերել մեր երկրից, քանի որ որոշ մարդիկ մեր երկիրը դարձրել են ավգյան ախոռներ: Երկրի նախագահը գրեթե մայր էր հայհոյում հայ տղամարդկանց, ասելով, որ երկրում իրենից բացի` տղամարդ չկա: Իսկ դրան պետք էր պատասխան տալ:
– Կարծում եք, որ այս անգամ և՞ս համաժողովրդական ընդվզումը տապալվեց:
– Այդ մասին դեռևս վաղ է խոսել. այս հարցում չափազանց մեծ դեր է խաղալու արտաքին գործոնը: Այստեղ, առաջին հերթին, ղարաբաղյան խաղաքարտն է խաղացվում. թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն իրենց շահերն են հետապնդում: Նրանցից ոչ մեկին Հայաստանի և հայ ժողովրդի շահը չի հետաքրքրում, նրանք թքած ունեն հայ ժողովրդի շահերի վրա: Դա մենք պետք է հետևողականորեն պաշտպանենք:
– Ի՞նչն է պակասում այսօրվա հրապարակին:
– Այստեղ ինչ-որ տեղ նաև խարիզմի պակասություն է զգացվում: Երբ ժողովուրդը տեսնում է խարիզմատիկ առաջնորդի, որին նա հավատում և վստահում է, այդ դեպքում ժողովուրդն ավելի համախմբված և վճռական է լինում, պատրաստ` գնալու այդ առաջնորդի հետևից: Իսկ երբ սկսում է կասկածել առաջնորդին, կասկածել նրա անսխալականությանը, ապա տեղի է ունենում այն, ինչ այսօր հրապարակում է, երբ հավաքվում է 2-3 հազար մարդ, մինչդեռ պետք է լինի 2 հարյուր հազար, երեք հարյուր հազար մարդ: Այդ ժամանակ իշխանությունը տեղի կտա, դրանում ոչ մի կասկած: Հնարավոր է, որ այս ամենը գիտակցվում է, և արվում են քայլեր` բացթողումները շտկելու համար: Դրա համար ես շարունակում եմ մնալ այս համաժողովրդական զարթոնքի մի մասնիկը: Համոզված եմ, որ մենք արժանի չենք նման ղեկավարության, նման մշուշոտ ապագայի, արժանի չենք, որ մեր աստվածային երկիրը հայաթափվի: