Կանայք և տղամարդիկ հավասար չեն. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Երբ ինչ-որ մի տեքստ եմ գրում (թեկուզ նույնիսկ FB-nւմ), և մտքիս գալիս է ինչ-որ թունդ բառ, որով պիտի բնութագրեմ այս կամ այն անձնավորությանը, ես մի պահ կանգ եմ առնում և այդ բառը փոխարինում եմ դրա ավելի թույլ հոմանիշով: Դրանից հետո, երբ ես կրկին վերընթերցում եմ այդ տեքստը՝ թողարկելուց կամ ուղարկելուց աոաջ, ես կրկին անդրադառնում եմ նման բառերին և հնարավորության դեպքում դարձյալ մեղմացնում եմ դրանք: Որովհետև իմ նպատակը որևէ մեկին «կպցնելը», «քսելը», «բարոյապես ոչնչացնելը» չէ, դա ինձ հաճույք չի պատճառում, դրանով ես չեմ ինքնահաստատվում: Ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ մի «դրոշ պարզել» կամ ստիպել մարդկանց կիսել իմ տեսակետները:
Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, ինչ են մտածում մեզ շրջապատող մարդիկ, և առաջարկել բոլորին՝ ինձ հետ միասին խորհել այդ ամենի մասին: Իհարկե, ես ինքս շատ հեռու եմ իմ երազած հավասարակշռությունից ու երբեմն զայրանում եմ, երբ ոչ ադեկվատ մարդիկ փորձում են իմ վզին փաթաթել իրենց ճշմարտությունը, բայց այդ «փրփրելու» պահը շատ կարճ է տևում, և շատ արագ գալիս է գիտակցությունը, որ չի կարելի «ինքնաթունավորվել» բացասական էմոցիաներով, չի կարելի բացարձակացնել սեփական նեղվածությունը:
Իհարկե, զուսպ և բարեկիրթ լինելը քաղաքական կատեգորիա չէ, և շատ հնարավոր է, որ քաղաքական պայքարը ենթադրում է իրար «բարոյապես ոչնչացնելը»: Բայց ո՞վ ասաց, որ բոլորը պետք է մասնակցեն այդ պայքարին և իրենց լուման ներդնեն՝ իրար «անարգանքի սյունին գամելու» ազզափրկիչ գործին:
Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի այս ամենը մարտի 8-ի հետ: Ամենաանմիջական: Այն բառերը, որոնք մեր մտքին են գալիս ինչ-որ մեկին «կպցնելու» համար, պետք է երկու անգամ «մեղմանան» ցանկացած դեպքում: Բայց դրանք պետք է չորս անգամ մեղմանան, երբ խոսքը կանանց մասին է: Մոտ 20 տարի ես հանդես եմ գալիս նման կոչով, և 20 տարի քաղաքականացված մարդիկ, հատկապես, որքան էլ տարօրինակ լինի, կանայք, ի պատասխան այդ կոչի՝ պնդում են, որ այն կանայք, որոնց իրենք հայհոյում են և անձնապես վիրավորում են, իրավունք չունեն կին կոչվելու: Այսինքն՝ կանայք (կամ տղամարդիկ) իրենց վրա վերցնում են դատավորի դերը և կարծում են, որ կարող են որոշել, թե ով կարող է կին կոչվել, իսկ ով՝ ոչ:
Երբեմն նաև բերվում է «սեռերի իրավահավասարության» մասին թեզը՝ իբր, եթե կարելի է հայհոյել տղամարդկանց, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել կանանց հանդեպ: Բայց այդ թեզը կեղծ է, այն չի դիմանում ոչ մի քննադատության: Դա ճիշտ կլիներ, եթե մենք՝ տղամարդիկ, կանանց հետ հավասար հիմունքներով շարունակեինք մարդկային ցեղը, եթե մենք ցավեր կրեինք և տանջվեինք դրա համար: Բայց, համաձայնեք, մեր «տանջանքը» այս հարցերում շատ ավելի թեթև է: Մի խոսքով՝ ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եթե ավելի պարզ ձևակերպենք, կանանց չի կարելի վիրավորել, որովհետև մեզ բոլորիս Կին և Մայր է լույս աշխարհ բերել»: