«Այսօր աշխարհում սրտի ամենաէժան վիրահատությունները կատարվում են Հայաստանում»
Հայաստանում սիրտ-անոթային համակարգի վիրահատությունների գները մատչելի չեն, չնայած աշխարհում ամենացածր գները հենց այստեղ են սահմանված: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը:
«Սրտի ամենապարզ վիրահատությունների գները հարուստ երկրներում սկսվում են 25-40 հազար դոլարից: Օրինակ՝ Գերմանիայում միայն 1 օր հիվանդանոցում անցկացնելու համար 3000 եվրո պետք է վճարել: Այսօր աշխարհում սրտի ամենաէժան վիրահատությունները կատարվում են Հայաստանում: Մենք սիրտ ենք վիրահատում այն գնով, որով Գերմանիայի կլինիկայում հիվանդը 2 օր է անցկացնում: Մարդը Գերմանիայում 2 օր պառկում է կլինիկայի մահճակալին, նրան ոչինչ չեն անում, բայց նա վճարում է նույնքան, որքան այստեղ սրտի վիրահատության համար: Սակայն Հայաստանի բնակչության համար այդ գումարն ահավոր թանկ է: Բաց վիրահատությունը մոտ 2,5 մլն դրամ արժե, ստենտավորումը միջինը կազմում է 2-3 մլն դրամ: Ինչպե՞ս կարող է այս գինը թանկ չլինել, երբ հիվանդացության ամենաբարձր շեմք ունեցող ազգաբնակչությունը ծերերն են, իսկ այդ խեղճ ծերը 30 հազար դրամ թոշակ է ստանում: Բայց չէ՞ որ մենք վիրահատություն իրականացնելու համար գնում ենք դեղորայք, թելեր, ստենտներ, կլապաններ և ահավոր թանկ տեխնիկա: Բժիշկները կարող են մի հիվանդից մի 200 դոլար փող աշխատել վիրահատության մեջ, ավել չէ: Մեր բժշկական բիզնեսն այդ բնագավառում անհեթեթ բիզնես է: Բիզնեսի բոլոր իմաստներով նա չպիտի լիներ»,- ասաց նա: Հարցին՝ եթե այդ գործունեությունը շահավետ չլիներ, 5 կլինիկա կգործե՞ր Հայաստանում, վերջինս պատասխանեց. «Այդ կլինիկաներում բժիշկները գրեթե չեն վարձատրվում ադեկվատ ձևով, բայց օրը կգա, այդ բժիշկները կուզեն վարձատրություն: Երկրորդ, այդ 5 կլինիկաներից շատերը պետական բյուջեից օգտվում են»:
Շահեն Խաչատրյանը նշեց, որ տարեցտարի սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց թիվն ավելանում է, սակայն նրանց կոնկրետ թիվը նշել հնարավոր չէ, քանի որ մարդիկ քիչ են դիմում բժշկական օգնության: Հայ հասարակության շրջանում շատ տարածված են բարձր զարկերակային ճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, ուղեղային ինսուլտը, սրտամկանի ինֆարկտը:
Մասնագետի խոսքով՝ բժիշկներն աստիճանաբար համոզվում են, որ սրտանոթային հիվանդությունների հիմքում ժառանգականությունն է ընկած. «Որևէ մեկը չգիտի՝ ձեր գենետիկայում այդ կոդը դրվա՞ծ է, թե՞ ոչ, բայց կյանքի այն բոլոր պայմանները, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը, շուտ ի հայտ գալուն, պետք է ժխտվեն մեզնից յուրաքանչյուրի մոտ: Օրինակ՝ հստակ ապացույցներ կան, որ ճարպակալումը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, ծխախոտը հանգեցնում է շնչական ուղիների հիվանդությունների, թթվածնային քաղցի, որը նպաստում է սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը: Ալկոհոլի շատ օգտագործումը հանգեցնում է լյարդային պրոցեսների խանգարումների, որոնք իրենց հերթին՝ նյութափոխանակության ծանր խանգարումներ են առաջացնում ու հանգեցնում սրտի իշեմիկ հիվանդության: Սթրեսներն անոթային պլաստիկայի խանգարումների, սպազմերի պատճառ են դառնում, որոնք ևս նպաստում են հիվանդության զարգացմանը»: