Ծառուկյանը միացավ թիվ 1 ընդդիմադիրը ճանաչվելու մրցավազքին

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ենթադրվում էր, որ քաղխորհրդի այս նիստում պետք է որոշվեր, թե ի՞նչ կազմով է ԲՀԿ-ն մասնակցելու Երևանի խորհրդի ընտրություններին, սակայն այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել: Պարզվում է՝ նման հարց կուսակցության քաղխորհրդի օրակարգում ընդհանրապես չի եղել:

Ծառուկյանի խոսքից պարզ է դարձել, որ նա կոշտացնում է դիրքորոշումն իշխանությունների հետ հարաբերություններում: «Մենք Հայաստանի իրականության մասին գիտենք ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց հետ ամեն օր շփվելով, հանդիպելով, նրանցից լսելով, թե ո՞ր ոլորտում՝ ի՞նչ է կատարվում»,- իր խոսքում ասել է Ծառուկյանը, դրանով հասկացնելով, թե ի՛նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն կառավարության գործունեության նկատմամբ:
«Ինձ և իմ թիմին ոչ պաշտոններ են պետք, ոչ էլ ինչ-որ արտոնություններ»,- ավելացրել է Ծառուկյանը՝ դրանով էլ հասկացնելով, որ ԲՀԿ-ն չի դառնա նոր ձևավորվող կառավարության անդամ: Գ. Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն ստեղծվել է ժողովրդի շահը պաշտպանելու, ոչ թե պաշտոններ ուզելու ու սեփական շահի համար: «Ով համաձայն չէ, խնդրեմ, դուռը բաց է: Հանգիստ կարող եք գնալ»,- ասել է Գ. Ծառուկյանը՝ նկատի ունենալով նրանց, ովքեր ԲՀԿ-ն են մտել պաշտոն ստանալու ակնկալիքով:
Այս հայտարարությունից հետո կարելի է չկասկածել, որ կուսակցությունից որոշակի արտահոսք կսկսվի կամ արդեն սկսվել է: Գ. Ծառուկյանը գլխանց ասում է, որ հեռացողները հեռանում են, քանի որ չի բավարարվել պաշտոն ստանալու նրանց ակնկալիքը:
«Մարդիկ հուսալքությունից գնում են մեր երկրից»,- ասել է Գ. Ծառուկյանը, բայց քաղխորհրդի նիստի ընթացքում այդպես էլ խոսք չի եղել, թե ի՞նչ պետք է անել այս իրավիճակը փոխելու համար: Եթե Ծառուկյանն իսկապես այդպես էր մտածում, ապա իրավիճակը փոխելու համար նա պետք է մասնակցեր նախագահական ընտրություններին, և այլընտրանք առաջարկեր գործող իշխանությանը, ինչը ԲՀԿ-ն չարեց: ԲՀԿ-ն նույնիսկ իր հստակ վերաբերմունքը չի արտահայտում անցկացվող բողոքի զանգվածային միջոցառումների վերաբերյալ, և քաղխորհդի նիստում ոչ մի բառ չի ասվել այն մասին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն ընդունում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, կամ թե՝ համաձա՞յն է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով հայտարարում է, որ ինքն է նախագահ ընտրվել:
ԲՀԿ այսօրվա քաղխորհրդի նիստից և Գագիկ Ծառուկյանի «խիստ ընդդիմադիր» հայտարարություններից կարելի է ընդամենը մեկ եզրակացություն անել: Ընդդիմադիր դաշտում մրցակցությունը բավական թեժացել է: Հանձին «Ժառանգություն» կուսակցության և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հայտնվել է նոր և հանրային բավական լայն աջակցություն ունեցող նոր ուժ: Մի ուժ, որը կարող է զբաղեցնել ԲՀԿ-ի տեղը:
Գագիկ Ծառուկյանին հուշել են, որ, եթե իրենք էլ չկոշտացնեն ընդդիմադիր հռետորաբանությունը, ապա կհայտնվեն քաղաքական դաշտի լուսանցքում: Այնպես որ, մոտ ապագայում պետք է սպասել ԲՀԿ գործիչների իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների հասցեին հնչեցվող ավելի կոշտ և արմատական քննադատության: Մի խոսքով, ԲՀԿ-ն միացավ ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից ընդդիմադիր դաշտում առաջնորդության համար մղվող մրցավազքին, ինչի արդյունքում այդ մրցավազքն առավել, քան դրամատիկ ու դիտարժան կդառնա:

Տեսանյութեր

Լրահոս