«Այս շարժումն ունի մեծ խնդիր. այն ընկալվում է՝ որպես Ռուսաստանին դեմ գնացող»

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից և դրանց արդյունքում Հայաստանում սկսված հետընտրական զարգացումներից հետո, ընդդիմություն-իշխանություն պայքարի շուրջ, չնայած ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, թե իր պայքարը գործող նախագահ Սերժ Սարգսյանի կամ իշխանության դեմ չէ, այլ պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության, այնուամենայնիվ, հասարակության շրջանում և լրատվական դաշտում շրջանառվում է այն տեսակետը, թե Հայաստանում ընդդիմության և իշխանության որևէ լուրջ առճակատում կամ քաղաքացիական անհնազանդության որևէ փորձ կարող է վտանգի ենթարկել ՀՀ արտաքին կարևորագույն գերակայությունները, առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը կամ, ընդհանրապես, ԼՂՀ անկախությունը:
Իրական ի՞նչ ազդեցություն ունեն արտաքին քաղաքական խնդիրները ներքաղաքական և հասարակական զարգացումների վրա, և արդյոք որո՞նք են այսօր առաջնային Հայաստանի համար` ներքին ժողովրդավարության, սոցիալական, տնտեսական, հասարակական և այլ խնդիրնե՞րը, թե՞ արտաքին գերակայությունները:
«168 Ժամի» հետ զրույցում խոսելով այս մասին` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասել է. «Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, Հայաստանն արձագանքում է գերտերությունների առաջարկներին, և, օրինակ, այդ Մադրիդյան սկզբունքները մերը չեն, դա գերտերությունների բերած ինչ-որ թուղթ է, որը մեզ հետ որևէ ընդհանրություն չունի: Ավելին, դա որևէ կապ չունի արցախյան հարցում հնարավոր որևէ լուծման հետ, որովհետև հակասում է օբյեկտիվ իրավիճակին: Դա նրա համար է, որ ինչ-որ մի թուղթ պահպանում է ինչ-որ մի վիճակ»: Մանուչարյանը նշել է, որ խնդիրը ներկայացված է կեղծ ձևով, այսինքն` այն ոչ թե Արցախի հարցն է, այլ Կասպից ծովից արևմուտք ընկած և Ադրբեջան պետություն անունը կրող երկրում ատելության և թշնամության մթնոլորտն է, որը նա անվանեց «ցեղասպանության մեքենա»: Իսկ սա, ըստ Մանուչարյանի՝ պայմանավորված է Ադրբեջանում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ շահագրգռվածությամբ, քանի որ, «եթե ուզում ես նավթը տանել, ապա պետք է ատելության մթնոլորտ ստեղծես»: «Մեզ հետ դա կապ չունի, մենք պետք է անենք ուրիշ բան. այդ խնդիրն անվանենք այսպես` այդ տարածքում տիրող Բաքվի ռեժիմի խնդիր: Մեզ համար ոչ թե Արցախի հարց կա, այլ կա Բաքվի ռեժիմի հարց` ինչպե՞ս անենք, որ այդ ռեժիմը և այդ տարածքը լինի այնպիսին, որպեսզի այդ տարածքի ժողովուրդները խաղաղ ապրեն: Սա վերաբերում է ոչ միայն հայերին, նույն վիճակում են թալիշները, լեզգիները, ավարները, նրանք մեծ ատելության մթնոլորտում են ապրում, մեզ մոտ էլ կա խայտառակ վիճակ, բայց այնտեղ հարյուրապատիկ ավելի ծանր է»,- նշել է նա: Շարունակելով՝ Մանուչարյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այս իրադրության մեջ ի վիճակի չէ այդպիսի խնդիր դնելու կամ լուծելու, և այս տեսակետից` նման խոշոր փոփոխությունները մեր զրուցակիցը կապում է այսօրվա շարժման հետ: «Եթե իրոք դա դառնա համաժողովրդական, եթե իրոք ձեռք բերի նոր որակներ, մենք այդ խնդիրների փիլիսոփայությունն ու հարցադրումն ամբողջովին կփոխենք և ուրիշի գործիքի կցորդից, ինչ տերություն էլ լինի, կվերածվենք ինքնուրույն սուբյեկտի, որն այդ երկրների հետ էլ կխոսի և կհամագործակցի»,- նշել է նա: Հարցին, թե ժողովրդի կողմից իշխանափոխության դեպքում Հայաստանը կդադարի՞ «ուրիշի գործիքի կցորդը» լինելուց` Մանուչարյանը պատասխանել է. «Ավտոմատ` ոչ, որովհետև մենք ունեցել ենք տարբեր իշխանությունների փոփոխություններ, ցավալիորեն, եթե քո փիլիսոփայությունը փողն է, և ուզում ես ունենալ փող, և դրա համար քեզ պետք է իշխանություն և ավելի շատ իշխանություն, որպեսզի ունենաս ավելի շատ փող, եթե սա է գործող բանաձևը, ապա, այսպես թե այնպես, դու դառնում ես կցորդ, դու արտաքին քաղաքականությունն էլ նվիրում ես փողդ ավելացնելուն: Ի՞նչ իմաստով, այսինքն` ծառայություն ես մատուցում մի որևէ համաշխարհային գերուժի, որի համար քեզ հատկացնում ես գործիքի դեր, փոխարենը` նա քեզ պահպանում է` որպես այստեղ իշխող, և թույլ է տալիս թալանել քո սեփական ժողովրդին»:
Ա. Մանուչարյանն ավելացրել է, որ ոչ թե ներքին խնդիրները պետք է կախված լինեն արտաքին հարցերից, այլ հակառակը. «Որպեսզի արտաքին խնդիրները լուծես, պետք է ներսում անպայման փոփոխություններ կատարես, այսինքն՝ ընդհուպ մինչև հակառակն է հարցը` ոչ թե պիտի վախենաս փոխել, այլ պարտավորված ես փոխել, հակառակ դեպքում` այդ ամբողջ արտաքին ծանրությունը կմնա»:
Իսկ վերադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը` Մանուչարյանը նշել է, որ այստեղ կարևորագույն հարցն այն է, թե ժողովուրդը կհասնի՞ բյուրեղացման այն վիճակին, որին հասել էր ղարաբաղյան շարժման տարիներին: «Եթե ժողովուրդը չի գալիս այդ վիճակին, ուղղակի էժան կլիշեներով մարդկանց տանում ենք, և նրանք ասում են` «Պողոսի փոխարեն` Պետրոսն է, և ամեն ինչ նորմալ կլինի», այդ ժամանակ հերթական մոլորությունը կլինի բոլոր հարցերում, այդ թվում` արտաքին քաղաքական: Այսինքն` ավտոմատ չէ, որ հակաժողովրդական ռեժիմի տապալումը պարտադիր բերի բարելավման, բայց այդ հնարավորությունն իր մեջ պարունակում է, բոլոր դեպքերում` ռեժիմի պահպանումը ոչ մի լավ բան իր մեջ չի պարունակում, երկիրը կործանվում է: Հետևաբար` պետք է գնալ այդ փոփոխության, բայց մենք խոսում ենք այդ փոփոխությունների որակի մասին»,- ասել է Ա. Մանուչարյանը:
Ավելացնենք, որ ավելի վաղ Աշոտ Մանուչարյանը մամլո ասուլիսում հայտարարել էր, որ առայժմ ներհայաստանյան գործընթացների տնօրինումը մնում է ԱՄՆ-ի ազդեցության տակ, և այն ֆունդամենտալ հարցը, որը պետք է լուծի հայ հասարակությունը, այն է, թե արդյոք մենք կկարողանա՞նք հայ ժողովրդի սկսած շարժումը դուրս բերել մի քանի տարի առաջ սկսված տրանֆորմացիայի գործընթացի շրջանակներից: Իսկ «տրանֆորմացիա» տերմինը Մանուչարյանն այսպես է մեկնաբանել. «Տարիներ առաջ, երբ Օբաման եկավ իշխանության, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ այն գործընթացները` հատկապես հետխորհրդային տարածքում, որոնք անցնում էին` որպես «նարնջագույն» հեղափոխություններ, դրանք մեծ վնաս են բերում ժողովուրդներին, երկրներին, բայց հիմնականում Միացյալ Նահանգների շահերին, որովհետև պարզվեց, որ թե՛ Վրաստանը, թե՛ Ուկրաինան այն ժամանակ շատ մեծ խնդիրներ էին շալակել Ռուսաստանի հետ առճակատումից, և պետք է շատ ավելի մեղմ տարբերակով անցկացնել, և այդ մեղմ տարբերակն անվանվեց տրանսֆորմացիա, այսինքն` շատ արագ փոփոխություններ են կատարվում, բայց հեղափոխական ընդվզումներով չի լինում»:
Այսօրվա շարժումը համեմատելով 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման հետ` Աշոտ Մանուչարյանը կարծիք է հայտնել, որ 2008-ին ընդդիմության բացթողումներից և չլուծված խնդիրներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն էր: «2008-ի շարժումը չկարողացավ Ռուսաստանի աչքերում դառնալ ոչ «նարնջագույն», դա բերեց շատ ծանր հետևանքների: Այսօր նույնպես այս շարժումն ունի մեծ խնդիր. այն ընկալվում է` որպես Ռուսաստանին դեմ գնացող, որպես Արևմուտքի շահերը սպասարկող: Հարցերը շատ խորն են, և մարտահրավերները` շատ ծանր, բայց մենք կարող ենք դրանից դուրս գալ մեծագույն հաղթանակով, իսկ կարող ենք դուրս գալ` կործանման եզրին հայտնվելով»:
Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանը մտնում է զարգացման աղետաբեր շրջան` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: «Ռուսաստանն ինքը գտնվում է մեր նման մի վիճակում, այսինքն՝ ինքն էլ մի բարվոք վիճակում չէ, բայց կա հետևյալ խնդիրը` ռուս ժողովուրդն իր էության մեջ չընդունեց այն համակարգը, որն իր վզին փաթաթում են, նա մերժեց և ստիպեց, որ իր էլիտաներն այժմ գնալով հարմարվեն այդ վիճակին, և նա պարտադրում է, որ այդ էլիտաներն ընտրեն ուրիշ աշխարհ: Այժմ մենք այդ Ռուսաստանի հետ ունենք խնդիրներ: Ի՞նչ են նրանք տեսնում, նրանք անում են կոպիտ սխալներ, Հայաստանում անդադար ընտրում են մի բանդիտական խումբ (նույնն անում է ԱՄՆ-ը) և սկսում են հովանավորել այդ բանդիտական խմբին` նրան պահելով իշխանության, հետո մեկ էլ պարզվում է, որ այդ բանդիտը ծախվեց, ինչպես իրենք են ասում, ամերիկացիներին, ֆրանսիացիներին, որևէ մեկին: Եվ դրա համար նրանք սկսում են մեղադրել Հայաստանին: Մենք անդադար ասում ենք` «ախր դրանք ձե՛ր բանդիտներն են, մերը չե՛ն», նրանք էլ ասում են` «ո՛չ, դա ձեր ընտրությունն է»: Մենք պետք է կարողանանք այդ Ռուսաստանի հետ խոսացող մի համակարգ ձևավորել, և այս շարժումը պարտավոր է այդ հարցը լուծել»,- ասել է Մանուչարյանը:
Այս համատեքստում Մանուչարյանը, ով 1991-92թթ. նաև զբաղեցրել է ՀՀ Ներքին գործերի նախարարի պաշտոնը, հիշեցրել է 1993թ. հայկական պաշտպանական զորքերի կողմից Քելբաջարի շրջանի գրավումից հետո Հայաստանի շուրջ ստեղծված ծանրագույն վիճակի մասին, երբ ՀՀ-ի վրա` հատկապես արևմտյան պետությունների ու Թուրքիայի կողմից, առաջացավ հսկայական ճնշում, իսկ թուրքական զորքերը, նրա խոսքերով, ներխուժեցին Նախիջևան և պատրաստվում էին ադրբեջանական համազգեստով ճեղքում կատարել Զանգեզուր: Ըստ Մանուչարյանի` այդ գրեթե անհույս վիճակում Հայաստանի պատվիրակությունը, որպես վերջին հնարք, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեկնել էր Մոսկվա` ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ հանդիպման, որտեղ վերջինս հավաստիացրել էր ՀՀ նախագահին, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո կդնի Հայաստանի նկատմամբ որևէ հնարավոր գործողության իրականացման որոշման վրա, ինչպես նաև` կարգադրել ՌԴ Պաշտպանության նախարար Պավել Գրաչովին բանակցություններին մասնակից ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին տրամադրել անհրաժեշտ քանակությամբ զինամթերք: Իսկ հանդիպման արդյունքում Նախիջևանի հետ սահմանին ռուսական բազայից տեղակայվեցին զորքեր, որպեսզի թուրքական կողմը հասկանա, որ կրակելու դեպքում կրակելու է Ռուսաստանի դրոշի վրա: Մանուչարյանն այս օրինակը կարևորել է նրանով, որ այդ հանդիպումից հետո Ելցինն առաջարկել է ձևավորել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հանձնաժողով, քանի որ, ըստ Ելցինի, Ռուսաստանին պետք է ինքնուրույն և ուժեղ Հայաստան: «Հիմա խնդիրների խնդիրն է, թե մենք այս հարցերում որևէ մեկի համար, կարևոր չէ` Ռուսաստանի թե ԱՄՆ-ի, կլինենք ուղղակի գործի՞ք, թե՞ կկարողանանք այդպիսի համակարգեր ստեղծել: Հիմա էլ դա հնարավոր է, և դա պետք է անի շարժումը»,- եզրափակել է Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս