Վլադիմիր Պուտինն Ադրբեջան է մուտք գործում «ժողովրդավարության դարպասով»

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան է մուտք գործում ժողովրդավարության դարպասով: Ռուսաստանն արտասահմանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը ներառել է իր արտաքին քաղաքական հայեցակարգում, և արդեն իսկ Կրեմլին կից գործող Հասարակական պալատը սկսել է տվյալ ուղղությամբ գործել մերձակա երկրներում, այդ թվում նաև Ադրբեջանում:

Հասարակական պալատի՝ միջազգային համագործակցության ու հասարակական դիվանագիտության աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սոկոլովը հայտարարել է, որ առաջին անգամ տվյալ մարմնին հատկացվել է հասարակական դիվանագիտության սուբյեկտի կարգավիճակ:

2013 թվականին քաղաքացիական հասարակության ինստիտուտների գծով նախատեսվում է զարգացնել կապերը Ադրբեջանի, Բուլղարիայի, Լատվիայի, Վրաստանի, Թուրքիայի և այլ երկրների հետ: Նախկինում մարդու իրավունքների պաշտպանության հարցը բնորոշ է եղել արևմտյան երկրներին: Իսկ Ռուսաստանը ցայժմ թույլ երկրների վրա գործադրել է ռազմական ու այլ տիպի ճնշումներ:

Այժմ իրավիճակը փոխվել է: Կրեմլն ակտիվացրել է Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ ջանքերը, ուժեղացնում է իր ռազմական հզորությունը Դաղստանում, սպառազինում է Հայաստանին, հիմա էլ սկսել է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Ադրբեջանի Ազգային անկախություն կուսակցության փոխնախագահ Էլշան Մուսթաֆաևը կարծում է, որ ժողովրդավարական հարցերով ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ Կրեմլի համագործակցելը կազմում է Ադրբեջանի հանդեպ Մոսկվայի պլանի մասնիկը.

«Եթե Արևմտյան երկրներն ու հիմնադրամներն աջակցում են ադրբեջանական հասարակական կազմակերպություններին, ապա նաև լիովին նորմալ է, որ Ռուսաստանը նույնպես աջակցի դրանց: Ցայժմ ռուսական հասարակական կազմակերպությունները որևէ նախագիծ չեն իրականացրել ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ, մինչդեռ վերջիններիս համագործակցությունն արևմտյան դոնորների հետ շարունակվում է արդեն 20 տարի, այսինքն ԽՍՀՄ փլուզումից ի վեր

Միևնույն ժամանակ Կրեմլի կողմից մերձակա երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը հանկարծիկորեն խթանելը կարելի է գնահատել նաև Ադրբեջանի հանդեպ Ռուսստանի պլանի մի մաս»:

Քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն, մեկնաբանելով երկու երկրների հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ Մոսկվայի մտադրությունը, հայտարարել է, որ դրա նպատակը Ադրբեջանն իր վերահսկողության տակ պահպանելն է: Նա հավելել է, որ ներկայումս Ռուսաստանը վերստին իրեն ուժեղ է զգում և վերջերս սկսել է մեծ ագրեսիվություն դրսևորել.

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն արտասահմանում գործարկում է «մարդու իրավունքների պաշտպանության» մեխանիզմը»՝ բացառապես հետխորհրդային երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի ներքին գործերին իր միջամտելն արդարացնելու համար»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներն ու ադրբեջանցի քաղաքագետները շատ են խոսում այն մասին, որ այն բանից հետո, ինչ Ադրբեջանը տապալեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության պայմանագրի երկարաձգման շուրջ Ռուսաստանի հետ տարվող բանակցությունները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թիրախում են հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա նաև՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Տեսանյութեր

Լրահոս