Իլհամ Ալիևից հետո Վլադիմիր Պուտինի թիրախում է հայտնվել Ալլահշուքյուր Փաշազադեն

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թիրախում այժմ էլ հայտնվել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Կրեմլի վերահսկողության տակ գտնվող Դաշնային Լեզգիական ազգային-մշակութային ինքնավարություն կազմակերպությունը բաց պայքար է մղում Փաշազադեի դեմ:

Օրեր առաջ այդ կազմակերպությունն իր կայքում «Քաղաքական գործիք Փաշազադեն» խորագրով սուր հոդված էր տեղադրել՝ ընդդեմ Փաշազադեի, որը որակվել է որպես Ադրբեջանի իշխանությունների ձեռքի գործիք: Կազմակերպությունն առաջարկել է վերջ դնել Հյուսիսային Կովկասում նրա պաշտոնական ազդեցության տարածմանը:

Հոդվածում վստահեցվում է, որ Ադրբեջանի իշխանությունները Փաշազադեին օգտագործում են տարածաշրջանում իրենց շահերն իրականացնելիս. «Փաշազադեն համարվում է Ադրբեջանի քաղաքական համակարգի շարունակությունը կրոնական ոլորտում: Փաշազադեն Ադրբեջանի իշխանությունների ձեռքին հազվագյուտ ու անփոխարինելի գործիք է այնտեղ, ուր չի աշխատում նրանց պաշտոնական քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռուսական մամուլում և ռուս ազդեցիկ անձանց պատկանող արևմտյան մամուլում բավական շատացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քննադատող հոդվածները, ինչի կապակցությամբ ադրբեջանցի քաղաքագետները հայտարարում են, որ Վլադիմիր Պուտինը պատերազմ է հայտարարել Իլհամ Ալիևին:

Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը գրեթե 43 անգամ ավելացրեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձավճարը (7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի) և դրանով իսկ նախորդ տարեվերջին տապալեց այդ կայանի վարձակալության պայմանագրի երկարաձգման շուրջ Ռուսաստանի հետ տարվող բանակցությունները, Պուտինը չեղյալ հայտարարեց Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային երրորդ համալիրի վաճառքը (առաջին երկուսը վաճառվել են Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ):

Տեսանյութեր

Լրահոս