Սիրիահայ ուսանողների համար արտոնություններ են սահմանվել
Հայաստանում տարեցտարի սփյուռքահայ ուսանողների թիվն ավելանում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սփյուռքահայ ուսանողների» խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը: Վերջինիս խոսքերով՝ այսօր Հայաստանում 4309 սփյուռքահայ ուսանող կա: Նրանք հիմնականում սովորում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Կան նաև մի քանի այլ համալսարաններ, որտեղ ևս կան սփյուռքահայ ուսանողներ, սակայն առաջին երեք հորիզոնականներն արդեն երկար տարիներ զբաղեցնում են նշված երեք համալսարանները: Խոսելով սիրիահայ ուսանողների՝ Հայաստանում ուսանելու մասին, Սամվել Մկոյանը նշեց, որ նրանք առավել շատ արտոնություններ ունեն: «Սիրիահայ ուսանողների հանդեպ տեղի բարձրագույն ուսումնական հաստատությունները որոշակի արտոնություններ են սահմանել, ինչը խթանում է ուսանողների՝ Հայաստանում սովորելու ցանկությանը: Տեղի կազմակերպություների և ԲՈՒՀ-երի շնորհիվ սիրիահայ ուսանողները հնարավորություն ունեն նախապատրաստական ֆակուլտետներում ուսանելու 50 տոկոսով զեղչված ուսման վարձով: Որոշ ուսանողներ անգամ ուսում են ստանում անվճար, քանի որ մի քանի կազմակերպություններ իրենց վրա են վերցրել ուսանողների ուսման վարձի վճարման հարցը: Հատկացվել է շուրջ 40 մլն դրամ, որի շրջանակներում էլ կատարվում են ուսման վարձի վճարումները»,- ասաց Ս. Մկոյանը: