2050 թվականին Հայաստանի բնակչությունը կազմելու է 3 միլիոն մարդ. ՄԱԿ

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալությունը, վկայակոչելով CA-News-ին, հայտնում է, որ ՄԱԿ-ը զեկույց է պատրաստել մոլորակի ժողովրդագրական գործընթացների շուրջ: Դրանում կանխատեսվում է, որ 2050 թվականին Չինաստանի բնակչությունը նվազելու է 100 միլիոնով:

Ակնկալվում է, որ հաշվետու ժամանակահատվածում գրեթե 1/3-ով նվազելու է Ուկրաինայի բնակչության քանակը՝ ներկայիս 45.5 միլիոնից մինչև 33 միլիոնի: Վրաստանի բնակչության քանակը ներկայիս 4.5 միլիոնից նվազելու է մինչև 3.5 միլիոնի: Հայաստանի բնակչությունը մի փոքր անկում կապրի. ներկայիս 3.2 միլիոնից կնվազի մինչև 3 միլիոնի: Ադրբեջանի բնակչությունը կազմելու է 11 միլիոն մարդ: Ներկայումս այն կազմում է 9 միլիոն մարդ:

Բելառուսում նույնպես կգրանցվի բնակչության անկում՝ 9.4 միլիոնից մինչև 7.5 միլիոն: 2 միլիոնից քիչ ավելի բնակչություն ունեցող Լատվիան 2050 թվականին կունենա մոտ 1.7 միլիոն բնակիչ, Լիտվայի բնակչությունը 3 միլիոնից կկրճատվի 2.7 միլիոնի, Էստոնիայի բնակչությունը՝ 1.3 միլիոնից կնվազի մինչև 1.2 միլիոնի: Մոլդովայի բնակչությունն էլ կնվազի 1 միլիոնով՝ կազմելով 2 միլիոնից քիչ ավելի մարդ:

Ուզբեկստանի բնակչությունը ներկայիս 29 միլիոնից հասցվելու է մինչև 34 միլիոնի, Տաջիկստանինը՝ 8 միլիոնից մինչև 10 միլիոնի, Ղազախստանինը՝ 17 միլիոնից մինչև 21 միլիոնի, Ղրղզստանինը՝ 4.8 միլիոնից մինչև 7 միլիոնի, Թուրքմենստանինը՝ 5 միլիոնից մինչև 7 միլիոնի:

Տեսանյութեր

Լրահոս