Էրդողանը բացառել է PKK-ականների համաներումը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանը բացառել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին համաներելու հնարավորությունը՝ կապված Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող PKK-ի հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների միջև տարվող բանակցությունների հետ.
«Համաներման մասին խոսք անգամ լինել չի կարող: Մենք մտադիր չենք ներել երեխաների մարդասպաններին: Դա կեղծիք է, մի՛ հավատացեք խոսակցություններին: Քանի դեռ իշխանության ղեկին է իմ կուսակցությունը, համաներումը չի լինի քննարկման առարկա»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները PKK-ի զինաթափման շուրջ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցությունները վերսկսել են նախորդ տարեվերջին: Էրդողանը քանիցս հայտարարել է, որ եթե PKK-ի զինյալները համաձայնեն վայր դնել իրենց զենքը, ապա նրանց հնարավորություն կտրվի անարգել լքել Թուրքիայի տարածքը: